ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ


Հայոց Եկեղեցու դերը հայ ժողովրդի ազգային ինքնության և պահպանության գործում լավագույնս երևում է հայ ժողովդի կողմից Հայոց Եկեղեցու տրված ազգային եկեղեցի բնորոշման մեջ:

Միայն ազգային եկեղեցին է, որ կարող է պահպանել ազգային ինքնությունը, ոչ թե հակադրության մեջ մտնել ազգայինի հետ, այլ հոգևոր դրոշմը դնելու հոգևոր մի նոր փայլ հաղորդել ազգային արժեքներին: Այս իրողությունը նկատի ունենալով է, որ Նիկոլ Աղբալյանը գրում է, թե չորրորդ դարում Հայաստանը քրիստոնեացավ, իսկ հինգերորդ դարում քրիստոնեությունը հայացավ:

Հայոց Եկեղեցին ազգային է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ մեր եկեղեցու հավատացյալների գերակշիռ մասը հայ ժողովրդի զավակներն են, այլև որովհետև սերտորեն միահյուսված է հայ կյանքին, հավաքական արտահայտությունն է հայ միջնադարյան արվեստի, դպրության, և ներառել է անգամ նախաքրիստոնեական շրջանի բոլոր այն տարրերը, որոնք կենսունակ էին և շարունակեցին կենցաղավարել նոր վարդապետության շրջանակում: Այսպիսով, Հայոց Եկեղեցին ժամանակային առումով ներկայացնում է հայոց պատմության ողջ ընթացքը, իսկ տարածական առումով հայկական ողջ  լեռնաշխարհը և հայկական գաղթավայրերը:

Ինչպես գրում է մեր եկեղեցու նոր շրջանի հոգևորականներից Գարեգին կաթողիկոս Հովսեփյանը.<<Հայոց եկեղեցին ազգային եկեղեցի է գերազանցապես, յուր հոտն ամբողջությամբ հայերից կազմված, յուր լեզվով, գրականությամբ, արվեստով, ժամերգությամբ և հոգևոր կյանքով, բնականաբար նաև անցյալով և պատմությամբ, շաղկապված հայ ժողովրդի հետ>>:

Պատահական չէ, որ հայ կյանքում ամենամեծ ընդգրկումը և ներկայացուցչությունը ունեցել են այն ժողովները, որոնք գումարվել են երկրի աշխարհիկ ու հոգևոր իշխանների մասնակցությամբ, և ինչպես մեր պատմիչներն են գրում, նման ժողովներն անվանվել են աշխարհաժողովներ:

Հայոց Եկեղեցու ազգային եկեղեցի լինելն առավել ցայտուն է արտահայտվում, երբ եկեղեցուն տրված բնորոշումները դիտարկում ենք հայր և մայր բառերով կազմված բառաբարդություններում: Մեր ժողովուրդն ասում է Մայր հող, Մայր հայրենիք, Մայր Հայաստան, Մայրենի լեզու, Մայր եկեղեցի և Մայր Աթոռ: Այսպիսով, Հայոց Եկեղեցին և Ս. Էջմիածինը դիտարկվում են ժողովրդի համար նախասկզբային և նվիրականագույն համարվող գլխավոր հասկացությունների շրջանակում:

4-5-րդ դարերում հայ կյանքի լուսավորության ընթացքի ջահակիրները եղան Ս. Գրիգորը՝ որպես հոգիների լուսավորիչ, ով քրիստոնեության լույսը տարածեց հայ կյանքից ներս, Ս. Ներսեսը՝ սրտերի լուսավորիչ, ով հայ կյանքից ներս տարածեց քրիստոնեական բարոյակակությունը, գթասրտությունը և ընդհանրապես կենցաղավարությունը, և վերջապես Ս. Մեսրոպն ու Ս. Սահակը՝ որպես մտքերի լուսավորիչ, հայոց գրերով վառելով հայ մշակույթի նախորդ դարերից եկող կերոնի լույսը:

Երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բնորոշմամբ.<<Հայ ժողովրդի քրիստոնեական հավատքը ծնունդ տված է նաև հայ մշակույթին: Հայ լեզուն և գրականությունը, սկսած մանավանդ հինգերորդ դարեն, հայ ճարտարապետությունը, հայ քանդակագործությունը, հայ մանրանկարչությունը, հայ հոգևոր երաժշտությունը, հայ հանճարի այս վավերական արժեքները, հայ ժողովրդի կառուցած ոգեղեն տաճարը կհանդիսանան՝ շաղախված Քրիստոսի Ավետարանի լույսով>>:

Այսպիսով, Տրդատ Մեծ–Սուրբ Գրիգոր գործակցությամբ սկսած շարժումը շարունակվեց գրերի գյուտի ժամանակ Վռամշապուհ-Սահակ Պարթև-Մեսրոպ Մաշտոց երրորդությամբ, եկեղեցական և դպրության մարզերից հետո իր լրումին հասնելով հավաքաբար Վարդանանց անվանվող շարժմամբ: Մի շարժում, որում իրար էին միահյուսված հայ հոգևորականությունը և նախարարները:

Ընդհանրապես նկատելի  է, որ մեր պատմության ամենափառավոր էջերը գրվել են հայոց  հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների համատեղ գործակցությամբ, և անհնար է տարանջատել ու ասել, թե այդ էջերից որն է Հայոց պատմությանը պատկանում և որը Հայոց  եկեղեցու պատմությանը: Եվ ընդհանրապես, մեր եկեղեցու և ժողովրդի պատմությունը այնպես սերտորեն է միահյուսված, որ առանձին-առանձին հնարավոոր չէ դրանք ներկայացնել, որովհետև հայ ժողովրդի պատմության ընթանցքի շարադրումը  մի զգալի մասով վերածվում է Հայոց եկեղեցու պատմության ընթացքի և հակառակը՝ Հայոց եկեղեցու պատմությունը ոչ միայն ստուգաբանվում է հայոց պատմության  ընդհանուր ընթացքի մեջ, այլև, ըստ էության, հաճախ նույնանում է նրա հետ:

Ահա այս պատճառով է, որ մեր եկեղեցու խոշորագույն գործիչներից Մաղաքիա պատրիարք Օրմանյանն իր եռահատոր կոթողային գործն անվանել է <<Ազգապատում>>, ուր ազգ բառի ներքո ներկայացվում է հայ ժողովրդի պատմությունը՝ ըստ հայոց կաթողիկոսների գահակալության ժամանակագրության:

Ազգային եկեղեցի արտահայտությունը ճիշտ հասկանալու համար դարձյալ պետք է հետադարձ մի հայացք նետենք 4-5-րդ դարերի մեր պատմաությանը, Արևելքում ընթացող քաղաքական հեղաբեկումներին, Հայաստանի ներքին անկայուն վիճակին և մասնատվածությանը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, ինչպես նաև 7-րդ դարում արաբական աշխարհավեր արշավանքներին, որոնց առջև ընկրկեց և իր զրադաշտական պաշտամունքը չկարողացավ պահել անգամ Սասանյան Պարսկաստանը:

Այս պայմաններում քաղաքական հակոտնյա շահերի, խայտաբղետ մշակույթների, հին հեթանոսության և զրադաշտականության, ապա և քրիստոնեություն ընդունած Բյուզանդիայի միջև ազգային միասնական որևէ նկարագիր կարո՞ղ էր պահել հայ ժողովուրդը, եթե քրիստոնեության ընդունմամբ հոգևոր մի միություն չստեղծվեր Հայոց աշխարհում, և այնուհետև այդ միությունը չզոդվեր Սահակ-Մեսրոպյան դպրությամբ:

Կարո՞ղ էր հայ ազգային ինքնագիտակցություն գոյություն ունենալ առանց Պատմահայր Խորենացու և ընդհանրապես ոսկեդարյան մեր դպրության:

Հոգևոր կրթական այս գործունեությանը գումարվել է նաև գործուն մասնակցությունը ազգային-քաղաքական բախտորոշ իրադարձություններին, երբ հայոց հայրապետներին դիմել են որպես գլխավոր վճիռ կայացնողների, և երբ հայոց ավագանու ներկայացուցիչները լսել են հայրապետական հորդորները, պայծառացել է Հայոց աշխարհը, իսկ երբ ոչ՝ խռովության ու շփոթի է մատնվել, ինչպես այն ժամանակ, երբ նախարարները դիմում են Ներսես Մեծին, Արշակ Երկրորդին, ապա և Սահակ Պարթևին՝ հայոց վերջին Արտաշիր թագավորին գահընկեց անելու գործում իրենց օժանդակելու համար: Ու թեև հայոց այս մեծ հայրապետները և Հյաոց եկեղեցին էին հենց բոլորից շատ տուժել այս երկու թագավորների վարած ներքին քաղաքանությունից, սակայն երևույթները համազգային շահերի բարձրությունից դիտարկող հայրապետները մերժում են իրենց ուղղված այդ դիմումները:

Հայոց եկեղեցու և հայրապետների՝ հայ կյանքում ունեցած բացառիկ դերը գիտակցել են և օտարները: Բնորոշ է Փավստոս Բուզանդի պատմության այն հատվածը, որում պատմվում է, թե ինչպես, երբ Վաղես կայսրը ցանկանում է աքսորել Ներսես Մեծին, կայսեր խորհրդականները Վաղեսին ասում են, թե <<Հայոց աշխարհում թագավորն ու նա մի հաշվի են>>:

Հայոց պետականության անկումից հետո Հայոց եկեղեցու՝ իբրև ազգային եկեղեցու դերն առավել մեծացավ, որովհետև օտար իշխողների մոտ հայոց հայրապետներն էին ներկայացնում հայ ժողովրդին:

Սահակ Ձորափորեցի շարականագիր հայրապետի <<Էջ Միածինն է Հօրէ>> շարականի

Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ,

Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի

խոսքերով լավագույնս արտահայտվել է Հայոց եկեղեցու դերը հայ ազգային ինքնության պահպանության և կերտման գործում:

Ազգային ինքնության ու հերոսականության դրոշմն ենք գտնում և Հայոց տոնացույցում: Հայրենիքի պաշտպանության ժամանակ, երբ հերոսաբար զոհվում է Վաչե սպարապետը Մամիկոնյան տնից, իր զինակիցների հետ միասին, Սուրբ Գրիգորի թոռ Վրթանես քահանայապետը հատուկ տոն է սահմանում նրանց հիիշատակն ամեն տարի նշելու համար, ասելով, որ նրանք իրենց կյանքը զոհեցին Աստուծո, մեր սուրբ եկեղեցու և իրենց հայոց բնիկ տերերի համար: Ահա այսպիսով, Հայոց աշխարհի համար ընկածները համարվում են եկեղեցու նահատակներ, իսկ մեկ դար անց վասն հավատո ընկած Վարդանանք դարձան նաև նահատակները վասն հայրենյաց: Հատկանշական է, որ Ավարայրի օրեերին արդեն ընդհանրացել էր այն ըմբռնումը, որ քրիստոնեությունը մեր մաշկի գույնն է, այսինքն՝ մեր այսօրվա մտածողությամբ և տերմինաբանությամբ՝ մեր ազգային ինքնությունը:

Ասվածի օգտին է խոսում և այն հանգամանքը, որ 5-րդ դարից հետո Հայոց տոնացույց մուտք գործած հայազգի բոլոր սրբերը կա’մ հայրենիքի համար ընկած նահատակներ են, կա’մ էլ հայ մշակույթին ու դպրությանն իրենց մեծ ավանդը բերած գործիչներ: Այսինքն՝ միայն ընդհանուր քրիստոնեական սրբակեցությունը և ճգնությունը բավարար չեն համարվել Հայոց եկեղեցու կողմից սուրբ հռչակվելու համար: Անհրաժեշտ է եղել նաև նպաստը հայրենիքի պաշտպանությանը և դպրության զորացմանը:

Դարեր շարունակ հավատը և ազգությունը ոչ միայն նույնացած են եղել մեր ժողովրդի համար, այլև հայության կյանքում այս նույնացումը կատարել են նաև օտարները, որի խոսուն արտահայտությունն է և այն փաստը, որ մեր պատմագրության մեջ մեկ օրինակ իսկ չի հիշատակվում, որ որևէ մեկ հայից կամ հայ ժողովրդի մեկ հատվածից պահանջվեր ուրանալ ազգությունը: Միակ պահանջը եղել է հավատը և եկեղեցին ուրանալը, որով, ինքնըստինքյան, կորսվել են և’ լեզուն, և’ ազգությունը: Նույն այս պատճառով է, որ լեզուն կորցրած հայերը եկեղեցու միջոցով պահել են ազգությունը, իսկ եկեղեցուց հեռացած և ոչ միայն կարճ ժամանակում ձուլվել է ուրիշ ազգերի հետ՝ կորցնելով իր ազգային ինքնությունը: Ինչպես գրում է Մաղաքիա պատրիարք Օրմանյանը.<<Հայոց եկեղեցին եղած է այն միակ հոդակապը, որ Հայկա սերունդին ցրված մնացորդները կրցած է իրարմե անքակտելի պահել և իբրև մեկ ազգ պահպանել>>:

Հայոց ազգային ինքնության՝ Հայոց եկեղեցու դրոշմը կրելով է բացատրվում և հայ դպրոցի՝ հայ եկեղեցու նախագավիթը լինելու ավանդական ըմբռնումը: Այս պատճառով է, որ հայը ուր գնացել է, իր համայնքային կյանքի կազմակերպումն սկսել է դպրոցի և եկեղեցու հիմնմամբ՝ որպես երկու հիմնասյուները մեր ազգային կյանքի: Եվ նույն այս

պատճառով է, որ հայոց եկեղեցական կառույցն է մնում ազգային ինքնության և հայապահպանության գլխավոր գործոնը Սփյուռքում, իր շուրջը համախմբելով կուսակցություններին, հասարակական, բարեսիրական և մշակութային կազմակերպություններին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն առանձնաբար չի կարող կատարել համախմբող այն դերը, որը վերապահված է մեր եկեղեցուն և հոգևորականությանը: Ինչպես գրում է Կարապետ եպիսկոպոսը Տեր-Մկրտչյանը.<<Մեր հայրերը, որ եկեղեցի և ազգ բառերի մեւ խտրություն չէին դնում, որ աշխարհի ծայրերից Սուրբ Էջմիածին ուխտի էին գալիս, նվերներ էին ուղարկում, նրանից կտրված լինելը մահու չափ դառն էին համարում իրենց համար՝ անշուշտ մեզանից պակաս համայնական զգացում, ազգային ինքնաճանաչություն չունեին:Նոքա գիտեին, որ նույն հոգևոր ավազանի մեջ մկրտված լինելը, Սուրբ Էջմիածնից ընդունած սրբալույս մյուռոնի դրոշմը ճակատի վրա կրելը՝ հայության ամենապարզ նշանն է, ամենակարևոր պայմանը:

Այն ընդհանուր կլյանքը, որով ապրում է դարերե ի վեր հայ ժողովուրդը զանազան աշխարհներում, զանազան պայմանների ներքո, ազգային եկեղեցուն առանձնահատուկ կյանքն է. միայն եկեղեցին կարող է այնպիսի ընդհանուր սկզբունքներ տալ, որոնցով պետք է առաջնորդվի ամեն մի երկրի ինքնաճանաչ հայ>>:

Հայոց եկեղեցին հայ ժողովրդական սովորությունների, արարողությունների կրողն ու դրանք քրիստոնեական դրոշմով շարունակողն է, որի վկայությունն են ազգային-եկեղեցական մի շարք տոների ժողովրդական տոնախմբությունները, մկրտության և դրոշմի արարողության եկեղեցուց դուրս, այնուհետև ընտանեկան հարկերում ժողովրդական բնորոշմամբ՝ որպես կնունք կատարելը, մատաղը և տարբեր ուխտագնացությունները:

Այս պատճառով, որ մի շարք տոներ հավասարապես ունեն թե’ իրենց եկեղեցական և թե’ ժողովրդական անվանումները և արարողությունները, օրինակ Տյառնընդառաջը և Տրնդեզի կրակը, Ծաղկազարդը և Ծառզարդարը, Համբարձումը և համբարձման վիճակը, Պայծառակերպությունը և Վարդավառը, Տիրամոր վերափոխումը և խաղողօրհնեքը, Սուրբ խաչը և վերջինիս մատաղի ժողովրդական ավանդույթը, ինչպես նաև Վերափոխման և Ս. Խաչի տոների ժողովրդական ուխտագնացությունները համապատասխանաբար Ս. Աստվածածնի և Ս. Խաչ անվանվող եկեղեցիները:

Եկեղեցական տոների ժողովրդական կենցաղային և սովորույթներին, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհի բնության օրացույցին զուգահեռ ընթանալն ու կատարվող արարողությունների ժողովրդական մեկնաբանությունն է այն խոսքը, թե ջրօրհնեքին խաչը ջրի մեջ գցելով ջուրն է տաքանում, Տրնդեզին կրակը վառելով՝ հողը:

Ժողովրդական այս արարողություններին առավել եկեղեցական դրոշմ հաղորդելու համար Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեռևս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ լինելու շրջանում հատուկ տնօրինությամբ Սուրբ Սարգսի տոնը հռչակեց սիրահարների, Տյառնընդառաջը՝ նորապսակների և Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օր, որով թե’ եկեղեցական այս տոներն առավել ժողովրդականացան և թե’ ժողովրդական արարողություններն առավել եկեղեցականացան:

Նման տնօրինությունն ազգային-եկեղեցական իր դրոշմը հաղորդելով ժողովրդական այս տոնախմբություններին, մեկ անգամ ևս գալիս է հավաստելու Գարեգին Երկրորդ Հայրապետի հետևյալ խոսքերը.<<Հավատքի անսասան վեմ առաքելահաստատ Հայոց եկեղեցին հայ հոգու ծննդավայրն ու պատվարն է, փրկության տապանը, որ Ավետարանի լույսով և հայրենի ավանդներով սնում, նորոգում ու զորացնում է ազգային մեր կյանքը, կերտում միության մեր Տաճարը>>:

Այսպիսով, անցնող ավելի քան 1700 տարիների ընթացքում քրիստոնեությունը մեր կյանքում իր շողերը սփռելով Հայոց եկեղեցու միջոցով, իր դրոշմն է դրել ոչ միայն մեր գրականության պատկերային համակարգի, հայկական ճարտարապետության՝ զարդանախշերից մինչև տարբեր կառույցների ընդհանուր հորինվածքի և ընդհանրապես՝ ողջ դպրության, արվեստի ու մշակույթի վրա, այլև մեծապես իրենով է պայմանավորել մեր ժողովրդի ողջ հոգեկերտվածքը՝ ընտանեկան հարաբերություններից և կենցաղի բարոյական արժեհամակարգից մինչև աշխարհայացքային ամենաբարդ և նրբին հարցերը:

Հայության ու քրիստոնեության իրար միաձուլումը մեր ժողովուրդը և օտարները լավագույնս արտահայտել են այդ երկու բառերի իրար միահյուսումից՝ հայ քրիստոնյա, և այս երկուսի ներդաշնակ միությունն է մեր ազգային ինքնության՝ դարերի փորձառությամբ անցած լավագույն արտահայտությունը:

Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյան

Վայոց Ձորի Թեմի փոխառաջնորդ

About these ads

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s