ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Սուրբ Հարությունը Եկեղեցու տաղավար (մեծ) տոներից է: Խաչելությունից երեք օր հետո Հիսուս հարություն առավ: Խաչված Հիսուս Քրիստոսի հարությունը կարևորագույն խորհուրդ ունի քրիստոնյաների համար: Հիսուսի հարության ավետիսը նույն հուսադրիչ և կենսատու լուրն է, որ այսօր էլ տարածվում է աշխարհի չորս կողմերում:

Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով` վերադարձ առ Աստված:

Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ և Իր Սուրբ Արյունով սրբեց մեզ մեղքերից, որպեսզի Նրա անունով հավիտենական կյանք ունենանք:
<<Ես եմ հարություն և կյանք. Ով հավատում է Ինձ, թեպետև մեռնի, կապրի>> (Հովհ.11,25):
Փրկչի խաչելությամբ և հարությամբ հաստատվում է կյանքի և անմահության գաղափարը: Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին ընդունում են որպես իրենց Փրկիչ և Տեր, բոլորը պիտի ժառանգեն երկնքի արքայությունը:
<<Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան>>(Ա Կորնթ. 14,22):

Այս տարի Սուրբ Հարության տոնը համընկավ Մեծ եղեռնի օրվա հետ: Առավոտյան Եղեգնաձոր քաղաքում երթ կատարվեց դեպի Մեծ եղեռնի հուշաքար: Մեծ էր մասնակիցների թիվը:

This slideshow requires JavaScript.

Մասնակից խմբերը, այդ թվում և Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի կենտրոնը ունեին օրվա խորհուրդն արտահայտող ցուցապաստառներ: Սուրբ Հարության տոնին նախորդող շաբաթ երեկոյան Եղեգնաձոր քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Եղեգնաձոր քաղաքի ՔԴԿ-ի նախաձեռնությամբ մի խումբ փոքրիկներ վառվող, օրհնված մոմեր բաժանեցին քաղաքի հարյուր ընտանիքի: Բոլորն էլ ուրախությամբ ընդունեցին օրհնված մոմերը: Այնուհետև կենտրոնի աշխատակազմը թեմի սաների հետ մասնակցեցին ջահերով երթին: Continue reading

Advertisements

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Ծաղկազարդը Մեծ Պահքի յոթերորդ կիրակին է, հիշատակը մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ մուտք գործելու:

Քրիստոս հայտնում է աշակերտներին Իր գալիք Տառապանքների մասին` մինչ Երուսաղեմ գնալը: Մոտենալով քաղաքին` մոտակա գյուղ է ուղարկում աշակերտներին` պատվիրելով այնտեղից բերել մի կապված էշ ու մի ավանակ, որպեսզի մուտք գործի Երուսաղեմ:

Մեծ քաղաքի բնակիչները դիմավորում են Հիսուսին, ինչպես վայել էր Փրկչին, Թագավորին` արմավենու ճյուղեր ընծայելով ու իրենց զգեստները փռելով Նրա ճանապարհին:
Եղեգնաձոր քաղաքի բնակաիչներն այս տարի, ապրիլի 17-ին, Ծաղկազարդը դիմավորեցին տոնական տրամադրությամբ, իսկ այցելուների հոսքը եկեղեցի չէր դադարում:

This slideshow requires JavaScript.

Յուրաքանչյուր ոք, մտնելով Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի, հաճելի զգացում էր ունենում` տեսնելով ժպտերես փոքրիկներին` ուռենու ոստերով հյուսած ծաղկեպսակներով:
Սուրբ Պատարագի ավարտին երեխաներն օրհնված ոստեր բաժանեցին ներկաներին` չմոռանալով ասել իրենց սրտի խոսքը.
-Թո’ղ Քրիստոս բոլորիս օրհնություն, խաղաղություն, սեր, հոգու մաքրություն ու հավատի լույս բերի:
Դուրս ենք գալիս եկեղեցուց: Օրն այնքան էլ արևոտ չէր, բայց երեխաների հոգու արևը բավականացնում էր ամենքին` և’ ժպտերես անցորդներին, և’ ուսաողներին, և’ քաղցրախոս մայրերին, և’ բարձրահարկ շենքերում ապրողներին, բոլորի՜ն, բոլորի՜ն:

-Ե′ ս, ե′ ս, Աստված իմ, գիտե՞ ք՝ ում նվիրեցի ձոռքումս եղած ուռենու ճյուղը՝ հենց մեր դպրոցի տնօրենին,- հուզված ասում էր երեխաներից մեկը:

Դալար ու թարմ վերջին ուռենու ոստերով փոքրիկների խումբն ահա բարձրանում է  <<Գիտելիք>> համալսարանի աստիճաններով վեր: Նրանք մերթ ընդ մերթ շրջվում ու նայում էին մեզ` այնքա՜ն երջանիկ, այնքա՜ն ուրախ:

Զվարթ տրամադրությամբ այնուհետև ուղևորվեցինք Մալիշկա գյուղի Սբ. Աննա եկեղեցի:

Այստեղ Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանին անհամբեր սպասում էին փոքրիկները:  Տեսնելով նրան` երեխաները ժպտալով մոտեցան ու ողջունեցին: Տեր Վազգենն այստեղ ևս ներկայացրեց Ծաղկազարդի խորհուրդը, այնուհետև կատարեց մանուկների օրհնության կարգ:  Ծաղկազարդի մասնակիցները երբեք չեն մոռանա եկեղեցում լսած խոսքը.

-Այս մանուկների աչքերով պիտի նայենք աշխարհին, մարդկանց: Լինենք նրանց նման` հեզ ու խոնարհ, որովհետև  <<Խոնարհ հոգին Աստված չի արհամարհում>> (Սաղմ. 50,19):

    Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին