Վայոց Ձորի թեմ

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Advertisements

Սուրբ Հարությունը Եկեղեցու տաղավար (մեծ) տոներից է: Խաչելությունից երեք օր հետո Հիսուս հարություն առավ: Խաչված Հիսուս Քրիստոսի հարությունը կարևորագույն խորհուրդ ունի քրիստոնյաների համար: Հիսուսի հարության ավետիսը նույն հուսադրիչ և կենսատու լուրն է, որ այսօր էլ տարածվում է աշխարհի չորս կողմերում:

Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով` վերադարձ առ Աստված:

Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ և Իր Սուրբ Արյունով սրբեց մեզ մեղքերից, որպեսզի Նրա անունով հավիտենական կյանք ունենանք:
<<Ես եմ հարություն և կյանք. Ով հավատում է Ինձ, թեպետև մեռնի, կապրի>> (Հովհ.11,25):
Փրկչի խաչելությամբ և հարությամբ հաստատվում է կյանքի և անմահության գաղափարը: Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին ընդունում են որպես իրենց Փրկիչ և Տեր, բոլորը պիտի ժառանգեն երկնքի արքայությունը:
<<Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան>>(Ա Կորնթ. 14,22):

Այս տարի Սուրբ Հարության տոնը համընկավ Մեծ եղեռնի օրվա հետ: Առավոտյան Եղեգնաձոր քաղաքում երթ կատարվեց դեպի Մեծ եղեռնի հուշաքար: Մեծ էր մասնակիցների թիվը:

Մասնակից խմբերը, այդ թվում և Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի կենտրոնը ունեին օրվա խորհուրդն արտահայտող ցուցապաստառներ: Սուրբ Հարության տոնին նախորդող շաբաթ երեկոյան Եղեգնաձոր քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Եղեգնաձոր քաղաքի ՔԴԿ-ի նախաձեռնությամբ մի խումբ փոքրիկներ վառվող, օրհնված մոմեր բաժանեցին քաղաքի հարյուր ընտանիքի: Բոլորն էլ ուրախությամբ ընդունեցին օրհնված մոմերը: Այնուհետև կենտրոնի աշխատակազմը թեմի սաների հետ մասնակցեցին ջահերով երթին:

Մարդիկ, հանդիպելով իրար, այդ երեկո և հաջորդ քառասուն օրերին միմյանց են փոխանցում Հարության տոնի ավետիսը` ասելով` <<Քրիստոս հարեաւ ի մեռելոց>>: Այս խոսքերին հետևում է պատասխանը` <<Օրհնեալ է յարութիւնը Քրիատոսի>>:
Հաջորդ օրը, ապրիլի 24-ին, Եղեգնաձոր քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց Զատկական Սուրբ Պատարագ, որին ներկա էին Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի քաղաքապետարանի պաշտոնեությունը, Վայոց Ձորից ԱԺ պատգամավոր պրն. Ս. Սարգսյանը:
Պատարագից հետո ներկաներին բաժանվեցին օրհնված հավկիթներ: Այնուհետև Սբ. Աստվածածին եկեղեցու բակում Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի հինգերորդ դասարանի սաները ելույթ ունեցան` ներկայացնելով Զատկի տոնին նվիրված միջոցառում:
Զատիկի տոնին հավկիթը խորհրդանշում է երկրագունդը, իսկ կարմիր ներկելը խորհրդանշում է խաչի վրա մարդկանց մեղքերի թողության համար Հիսուսի թափած արյունը:

Ժամը 15:00-ին Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն այցելեց Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցի: Այստեղ նույնպես ներկայացրեց Սուրբ Հարության տոնի խորհուրդը: Վերջում ներկաներն ստացան օրհնված հավկիթներ: Այստեղ Մալիշկա գյուղի թիվ 2 մանկապարտեզի սաները հոգևոր երգ կատարեցին:
Ողջունելի է, որ ինչպես Եղեգնաձորում, այնպես էլ Մալիշկայում եկեղեցի այցելողների թիվը մեծ էր:
Թո’ղ հարությալ Փրկիչը մեր ընտանիքներին բերի սեր, խաղաղություն, թո’ղ Նրա ավետիսը միշտ հնչի մեր սրտերում`

<<Քրիստոս յարեաւ ի մեռելոց.

Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի >>:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

Advertisements