Վայոց Ձորի թեմ

ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՆՄԱՀ ԵՆ

Advertisements

Տարիներ են անցել, բայց մինչ այսօր էլ Երկրորդ աշխարհամարտի պատճառած արհավիրքները թարմ են մնացել մարդկանց հիշողություններում: Նրանց սրտերում դեռ մնացել է անցյալի ցավը` այն փոխանցելով մատաղ սերնդին:

Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրն է, նաև Արցախի ազատության համար մղված մարտերի հաղթական օրն է: 1992թ. Մայիսի 9-ին Շուշիի ազատագրումը վճռորոշ եղավ, և թշնամին դուրս մղվեց պատմական Հայաստանի հողատարածքից:

Մայիսի 9-ին Մալիշկայի Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշարձանի մոտ տեղի ունեցավ միջոցառում, որին ներկա էին Մալիշկա գյուղի գյուղապետ Մհեր Մովսիսյանը` իր աշխատակազմով, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, պատերազմի վետերաններ, Արցախի կռիվներին մասնակից ազատամարտիկներ, համագյուղացիներ, դպրոցականներ:

Ելույթ ունեցողների խոսքերն ուղղված էին հերոս մարտիկներին, որոնց շնորհիվ ձեռք բերվեցին մեր հաղթանակները:

Ելույթ ունեցան Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի սաները: Սրտառուչ խոսքեր ասացին: Ալբերտ և Զոյա Սարգսյանները (Ջիվանու անվան աշուղաական երգի դպրոցի սաներ) հայրենասիրական երգեր կատարեցին: Երգերը մեզ հիշեցնում էին Արցախում մարտնչած Ալիկ Մելքոնյանի, Բենիկ Գրիգորյանի, Ահարոն Բալասանյանի, Գագիկ Սարգսյանի անցած հերոսական ուղու մասին: Նրանք մերօրյա վահագներն են:

Նման միջոցառումներ, հատկապես ընդարձակ ծրագրով, ամեն տարի կազմակերպվում են Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում` շնորհիվ դպրոցի կազմակերպիչ Վ. Մարգարյանի և Զ. Օհանյանի: Վ. Մարգարյանի մտահղացումներից է նաև դպրոցում Հայրենագիտական թանգարան ստեղծելը:

Տարեցտարի պակասում է Երկրորդ աշխարհամարտի վետերան հայորդիների թիվը:

Հուշակոթողի բարձունքը հաղթահարող վետերաններին օգնում էին հարազատները` որդիներն ու թոռները, վետերաներից մեկին, որին օգնում էին վեր բարձրանալ, տեղ հասնելով, ուրախ ժպտաց` տեսնելով Տ. Վազգեն քահանային:

-Թող Աստված բոլորիս հույս ու ապավեն լինի, մեր աստվածասեր ժողովրդին խաղաղություն, հոգու անդորր ու հավատի մշտավառ լույս բերի,- քահանայի այս խոսքերը ջերմեռանդությամբ կրկնում էին երեխաներն ու ծաղիկներ դնում հուշակոթողին:

Տեր Վազգենի խոսքերն ուրախության զգացումով էին լցրել վետերանների սրտերը, նրանց տեղափոխել էին ուրախ մանկություն. ահա կավածեփ, իրար կպած փոքրիկ տներից դուրս են գալիս սիրասուն ծնողները, ուրախ ձեն տալիս դրկիցներին ու գնում գյուղից հեռու գտնվող եկեղեցին` Արկազի Սուրբ Խաչ վանքը: Տեսնում էին հավատքով լի իրենց ծնողներին, ովքեր մոմ էին վառում` աղոթք մրմնջալով:

Նույն օրը նման միջոցառում տեղի ունեցավ նաև Եղեգնաձոր քաղաքում:

Վայոց Ձորի թեմի կիրակնօրյա դպրոցի սաները, իրենց ուսուցիչների հետ, հանդես եկան յուրօրինակ նախաձեռնությամբ. Նրանք շնորհավորեցին ու նվերներ հանձնեցին վետերաններին: Այստեղ միջոցառմանը մասնակից ազատամարտիկներն էլ իրենց սրտի խոսքն ասացին` հիշելով մարտում զոհված ընկերներին:

Նրանց խոսքը կարճ էր, բայց կարծես եզրափակում էր այդ օրվա խորհուրդը:

-Թող խաղաղ ապրեն, հայրենական հարկի տակ մեծանան ու զորանան:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements