Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ

Advertisements

<<Այսօր տեսեալ զսուրբ կոյսն թռուցեալ յօդս եւ

ամպեղէն կառօքն ի վեր համբարձեալ յերկինս>>:

ՇԱՐԱԿՆՈՑ

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և կատարվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Աստվածամոր կյանքի նկարագրությունը, բացի ավետարանական մի քանի պատմություններից, մեզ է հասել եկեղեցու ավանդությամբ:

Հայ Եկեղեցու սրբերի շարքում առանձնակի դերակատարություն ունի Սբ. Տիրամայրը` որպես առաքինի, գթառատ մոր, սիրո ու հավատի մարմնացում ու նաև Աստծո և արարածների միջև անկրկնելի բարեխոս:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մոտ 15 տարի նա ապրեց Հովհաննես առաքյալի խնամատարության տակ: Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Տիրամոր առջև  հայտնվում է Գաբրիել հրեշտակը, ով տարիներ առաջ ավետել էր Հիսուսի ծննդյան մասին: Իսկ այժմ եկել էր հայտնելու, որ շուտով կավարտվի նրա երկրային կյանքը: Լսելով այդ մասին` Տիրամայրը վերջին անգամ ելնում է Ձիթենյաց լեռը` աղոթելու, ապա վերադառնում տուն: Առաքյալները գալիս են Մարիամին հրաժեշտ տալու, որոնց ներկայությամբ էլ նա հոգին ավանդում է:

Թաղմանը չի մասնակցում միայն հայոց առաքյալը` Բարդուղիմեոսը, որ բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի մասին` նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզման, որպեսզի  վերջին անգամ տեսնի և իր որդիական սերն ու հարգանքը մատուցի Տիրամորը: Երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարը` Սբ. Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Այդ պահին երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է, թե Աստվածածնի մարմինը երկինք փոխադրվեց: Ձայնը պատվիրում է, որ Սբ. Կույսի կենդանագիր պատկերը Բարդուղիմեոսին հանձնեն, որպեսզի նրանով մխիթարվի և տանի այն երկիրը, ուր պիտի գնար քարոզելու:

Ըստ ավանդության` Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչվող վայրում: Այստեղ հետագայում Սբ. Աստվածածնի անունով եկեղեցի է կառուցվում: Սբ. Կույսի մահանալը <<ննջել>> բառով են արտահայտում` ցույց տալու համար  նրա` երկինք վերափոխվելը:

Եկեղեցու հայրերը, հաստատելով Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, այն տոնել են Երուսաղեմում: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվել է Գեթսեման, այն վայրը, ուր գտնվում էր Աստվածածնի գերեզմանը:

Օգոստոսի 14-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ.Պատարագ, որի ավարտից հետո կատարվեց խաղողօրհնեքի արարողություն:

Հայոց եկեղեցին, օրհնելով խաղողը, օրհնում է տարվա ամբողջ բերքը:

Վայոց Ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից Եղեգնաձորի առաջնորդարանի բակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին: Միջոցառմանը ներկա էին Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ծնողներ, հյուրեր, ինչպես նաև Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի Եղեգնաձորի, Մալիշկայի, Ագարակաձորի, Գետափի, Գլաձորի և Վերնաշենի կրտսեր, միջին և ավագ խմբերի սաները:

Ներկաներին հաճելի անակնկալ մատուցեցին թեմի կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր ներկայացրին այս հրաշալի տոնի իմաստն ու խորհուրդը: Ելույթ ունեցողները հիացրին հանդիսատեսին հայ հին  և միջնադարյան քնարերգության բարձրարվեստ նմուշներով` գրաբար ներկայացնելով Մովսես Խորենացու <<Լոյս, լուսոյ մայր>> և հայ առաջին բանաստեղծուհի Սահակադուխտ Սյունեցու  <<Սրբուհի Մարիամ, անապական տաճար>> գործերը: Այնուհետև ասացին Ներսես Շնորհալու նշանավոր հանելուկներից.

Զարմանք ասեմ քեզ սիրելի,

Կին մի ծնաւ գռուզ որդի,

Տղայն ունի ալիք ծերի,

Երբ ծերանայ դառնայ սեւի: /Խաղող/

Միջոցառումն ավարտվեց <<Հայաստանի անուշ խաղող>> երգով, որի հնչյունների ներքո ներկաներն ստացան օրհնված խաղող:

Նման միջոցառումները  ճանաչողական  նշանակություն ունեն Հայոց եկեղեցու կողմից ստեղծած ու մեզ հասած մշակութային բազմաթիվ արժեքների, ազգային սովորույթների, ծեսերի և տոների մասին:

Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

Advertisements