Վայոց Ձորի թեմ

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Advertisements

Արենիի եկեղեցու նոր դռների օրհնությունը

Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց Ձորի թեմում այս տարի առանձնակի հանդիսավորությամբ ու շուքով նշվեց Խաչվերացի տոնը:

Սեպտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց Ձորի մարզ` մասնակցելու մի շարք միջոցառումների:

Վայոց Ձորի Արենի գյուղի մատույցներում Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանը, բարերարները: Արենիի բնակիչներն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծափողջույններով և աղուհացով դիմավորեցին Սբ. Աստվածածին եկեղեցու բակում: Դռնբացեքի արարողությունն սկսվեց եկեղեցու նոր քանդակազարդ դռների առջև, ապա աղոթքից հետո <<Ուրախ լեր, Սուրբ Եկեղեցի>> շարականի ներքո ամենքը մուտք գործեցին եկեղեցի:

Տերունական աղոթքից հետո եկեղեցու բակում ժողովրդի անունից Նորին Սրբությանն ու ներկաներին ողջունեց Արենիի համայնքի ղեկավար Ժիրայր Եղյանը. <<Պատմական օր է այսօր Արենիի համար, որովհետև համայք է այցելել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դեռևս Օրբելյանների ժամանակներից Արենին դարձել էր Վայոց Ձորի կարևոր հոգևոր կենտրոնը: Մոմիկի կողմից 1321թ.-ին կառուցվել է Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցին: 1997թ.-ին Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Աբրահամ Մկրտչյանի նախաձեռնությամբ վերանորոգվել է Արենիի եկեղեցին և վերաօծվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի ձեռամբ: Դրանից հետո հոգևոր կյանքը բավականին ակտիվացել է համայնքում, եկեղեցին դարձել է գործող: Շատ եկեղեցական արարողություններ են կատարվել եկեղեցու կամարների ներքո: Այսօր նույնպես կարևոր օր է, քանի որ մեր բարերարների օժանդակությամբ փոխվեցին եկեղեցու դռներ>>:

Այնուհետև բարիգալստյան խոսքով հանդես եկավ նաև թեմակալ առաջնորդ Աբրահամ Սրբազանը, ով Վեհափառ Հայրապետին ներկայացրեց բարերարներ Գրիգոր, Սամվել Գրիգորյաններին ու Հարություն Ենոքյանին, որոնց ազնիվ նվիրատվությամբ տեղադրվել են եկեղեցու նոր քանդակազարդ դռները: Այնուհետև Արենիի ժողովրդին իր օրհնության խոսքն ուղղեց Նորին Սրբությունը` պատգամելով հավատարիմ մնալ Տիրոջ պատվիրաններին և Հայ Եկեղեցու վարդապետությանը, փարված մնալ հոգևոր արժեքներին և աստվածահաճո կյանքով ապրելով` իրենց նպաստը բերել ազգային կյանքին: Ի գնահատություն բարերարների եկեղեցանվեր ոգու` Վեհափառ Հայրապետի կողմից նրանց հանձնվեցին Հայրապետական օրհնության գրեր:

Վերջում կատարվեց ժողովրդական տոնախմբություն, որն ուղեկցվեց հարիսայի հյուրասիրությամբ:

Վարդանանց հիշատակին նվիրված խաչքարի օծումը

Այնուհետև Նորին Սրբությունն այցելեց Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի` օծելու եկեղեցու բակում տեղադրված նոր խաչքարը:

Վեհափառ Հայրապետին ու նրան ուղեկցողներին ավանդական աղուհացով ողջունեց թեմի շնորհալի սան Ռիտա Սարդարյանը՝ զգեստավորված ազգային տարազով:

5-րդ դարում կառուցված Սրբոց Վարդանանց եկեղեցու հիմքերի մոտ, Սբ. Աստվածածին եկեղեցու բակը զարդարող խաչքարը նվիրված է Վարդանանց նահատակների հիշատակին, որի վրա արձանագրված է Վարդանանց դյուցազուններին առաջնորդող խոսքը. <<Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն>>:

Եկեղեցում կատարված համատեղ աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց եկեղեցու բակում կանգնեցված քառաթև խաչքարի օծման արարողությունը:

Օծման ավարտին Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, ողջունելով ներկաներին, անդրադարձ կատարեց մեր տարածաշրջանում կատարված շատ կարևոր դեպքերի մասին: Նա իր խոսքում մասնավորաբար ասաց. <<Հիմա մենք գտնվում ենք պատմական այնպիսի մի վայրում, որը դարեր շարունակ եղել է սրբատեղի, որտեղ նահատակված են հայ դյուցազունները, որոնց շնորհիվ հայը կարողացավ պահել իր հավատն ու սրբությունները և քրիստոնյա հայ մնալու արժանապատվությունը: 451թ.-ի նշանավոր Ավարայրի ճակատամարտից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց Ձոր, այնտեղից Արցախ անցնելու համար: Նրանց հետապնդում էր պարսկական զորքը: Եվ այդ առիթով Արփա և Եղեգիս գետերի միախառնման վայրից 2.5 կմ դեպի հյուսիս արևելք գտնվող Քյոշք կոչվող բլուրի մոտ, որը, ի դեպ, հանդիսանում է մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների Կիկլոպյան ամրոց: Եվ հենց այդ վայրում էլ տեղի է ունենում մեծ ճակատամարտ, որտեղ ուժերի անհավասարության պատճառով զոհեր են տալիս, զոհվում է նաև Մարտիրե զորավարը: Նահանջելով Վարդանանց քաջերը` 4 մարտեր են մղում Վայոց Ձորի տարածքում` այժմյան Եղեգնաձոր, Վերնաշեն և Եղեգիս գյուղերի մոտ ու Ցախաց քար կոչվող վայրում: Հետագայում Գյուտ կաթողիկոսի նախաձեռնությամբ բերդին կից կառուցվում է Վարդանանց գեղակերտ եկեղեցին` սրբատաշ ու երկգմբեթ, երկու կողմերից գավիթներ ու սրահներ, սյունազարդ վերնատնով հրաշակերտ մի կառույց…>>:

Այնուհետև առաջնորդ Աբրահամ Սրբազանն անդրադարձավ պատմական եկեղեցու հայտնաբերման կարևորությանը ու խորհրդին, ապա Նորին Սրբությանը հրավիրեց իր օրհնությունը բերելու ներկա ժողովրդին և խաչքարի բարերարներին: Վեհափառ Հայրապետը շնորհավորեց եղեգնաձորցիներին խաչքարի կանգնեցման առիթով, որի օծումը կատարվեց Խաչվերացի տոնին:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց խաչի խորհրդին և նրանից ճառագող հրաշագործ զորությանը, որ դարեր շարունակ պահպանել, գոտեպնդել և խանդավառել է հայ ժողովրդին: Նորին Սրբությունը բարերարներ Սամվել Գրիգորյանին, Սամվել Հովհաննիսյանին, Արթուր Սարգսյանին ու Աշոտ Օրդուխանյանին օրհնության գրեր հանձնեց` իր մասնավոր գնահատանքը բերելով եկեղեցու հանդեպ ունեցած նրանց նվիրումի համար: Նրանք խոստացան շարունակել եկեղեցու տարածքում պեղման աշխատանքները, որոնք նոր լույս պիտի սփռեն մեր պատմության անհայտացած էջերի վրա:

Սիրան Սարգսյան

      Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

 

Արկազի Սուրբ Խաչ վանքի վերաօծումը

 

Այս գեղեցիկ արարողությունից հետո Նորին Սրբությունն ուղևորվեց Վերնաշենի Սուրբ Խաչ պատմական վանքը, որն ամբողջովին վերանորոգվել, բարեկարգվել և պարսպապատվել է ռուսաստանաբնակ բարերար Վարդան Հայրապետյանի շնորհիվ: Վանքին կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ, ուր Վայոց Ձորի բնակիչները հնարավորություն կունենան կնունքի և պսակի արարողություններ իրականացնել:

Այդ առիթով Վեհափառ Հայրապետը, օրհնելով տարբեր շրջաններից ուխտի եկած հարյուրավոր հայորդիների, <<Հրաշափառ>> շարականի երգեցողության ներքո մուտք գործեց վանք, ուր հանդիսապետեց վանքի վերաօծման արարողությունը:

Շարականների, սաղմոսների ու աղոթքների ուղեկցությամբ Վեհափառ Հայրապետն օծեց Սուրբ Սեղանը, իսկ Նաթան ու Արտակ Սրբազանները կատարեցին սյուների օծումը:

Վերջում Վայոց Ձորի թեմի առաջնորդ Սրբազանը վերստին ողջունեց Վեհափառ Հայրապետի այցը Վայոց Ձոր, ապա հրավիրեց Նորին Սրբությանն օրհնել ներկա հավատավոր ուխտավորներին: Գոհություն հայտնելով Աստծուն պատմական տաճարի վերաօծման առիթով` Նորին Սրբությունը ներկայացրեց Խաչվերացի տոնի խորհուրդը, որը սերտորեն առնչվում է Արկազի Ս. Խաչ վանքի հետ: Անդրադառնալով բազում ուխտավորների ներկայությանն արարողությանը` Վեհափառ Հայրապետը մասնավորաբար նշեց. <<Հիրավի, ցնծության և բերկրանքի մեջ է մեր հոգին, որ դարերի ավանդույթը շարունակվում է այս սրբավայրի սրբազան կամարների ներքո, և մեր զավակները նախանձախնդրությամբ գալիս են այստեղ ուխտի, գալիս են իրենց խոնարհումը մատուցելու Քրիստոսի խաչափայտի մասունքին, գալիս են հաղորդակցվելու իրենց հայրերի սրբազան հավատքին, իրենց ուխտը վերանորոգելու առ Աստված, որ պիտի շարունակեն աստվածահաճո իրենց կյանքի ընթացքը բարի գործերով>>:

Նորին Սրբությունը հորդորեց հավատացյալներին, որ, տոնի խորհրդին հաղորդ լինելով, ապրեն խաչի օրհնության ներքո երջանիկ ու գոհունակ կյանքով` աստվածփառաբանության խոսքերը իրենց շուրթերին: Վեհափառ Հայրապետը նաև մասնավոր իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդին` նրան շնորհելով եպիսկոպոսական պանակե, իսկ նորաօծ վանքին նվիրաբերեց Սուրբ Հաղորդության սկիհ:

Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց մարզպետին և մարզային իշխանություններին` թեմի ծրագրերին և եկեղեցականաց դասին ցուցաբերվող զորակցության համար: Նորին Սրբությունը բարձր գնահատանքի արժանացրեց նաև Ս. Խաչ վանքի նորոգության և բարեկարգման բարերարին: Այս առիթով Նաթան եպիսկոպոսի կողմից ընթերցվեց բարերար Վարդան Հայրապետյանին շնորհված Հայրապետական սրբատառ կոնդակը, որում մասնավորապես ասվում է. <<Մեծարգո պրն. Հայրապետյան, ուրախ ենք Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Աբրահամ Եպիսկոպոս Մկրտչյանից տեղեկանալու Ռուսաստանի Դաշնության հասարակական կյանքում Ձեր բեղուն գործունեության մասին: Գովելի է, որ Դուք ազնիվ ու անհոգնաբեկ աշխատանքով արձանագրել եք մնայուն հաջողություններ մասնագիտական ասպարեզում, որոնք գնահատված են ՌԴ մեդալներով ու շքանշաններով: Հայրապետիս համար անկեղծ գոհունակություն է, որ Դուք առ հայրենին ու առ մեր Սուրբ Եկեղեցին որդիական անկեղծ, ինքնաբուխ սիրով հանձն առաք հովանավորել Վայոց Ձորի Սուրբ Խաչ վանքի նորոգության և հանդիսությունների սրահի ու հովվատան կառուցման աշխատանքները…>>:

Հայրապետական կոնդակի ընթեցումից հետո Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> շքանշանով պարգևատրեց բարերարին: Արարողությունը եզրափակվեց <<Պահպանիչ>> աղոթքով: Վերաօծման արարողությունից հետո Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մարզպետ Սերգեյ Բագրատյանը և բարերար Վարդան Հայրապետյանը կատարեցին բացումը վանքի տարածքում կառուցված ընդարձակ սրահի, որից հետո Նորին Սրբությունը ծանոթացավ կատարված աշխատանքներին, այցելեց նաև վերանորոգված վանատունը: Վերջում տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն, որին մասնակցեցին <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը` ղեկավարությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի և <<Կարին>> ավանդական երգի-պարի համույթը` ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի:

Այսօր վերստին փայլում է Խաչը մեր հոգում ու մեր Եկեղեցում: Տա Աստված, որ մենք տեսնենք այն ու զորանանք նրանով, որպեսզի Խաչը լուսավորի մեր ճանապարհը այժմ և հավիտյան:

Ռուզան Կարապետյան

          Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

Advertisements