Վայոց Ձորի թեմ

ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ

Advertisements

Այսօր տօն է Սուրբ Ծննդեան, աւետիս.

  Տեառն մերոյ եւ յայտնութեան, ավետիս:

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, Աստվածահայտնությունը և Մկրտությունը։ Աստվածահայտնություն նշանակում է Աստծո հայտնվելը: Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնությունը բովանդակում է ոչ միայն Նրա Ծնունդը, այլ նաև Մկրտությունը: Այս պատճառով Փրկչի Ծնունդն ու Մկրտությունը մեր Եկեղեցում տոնախմբվում են միասին, հունվարի 6-ին, քանի որ Հիսուսը Հովհաննես Մկրտչից Հորդանան գետում մկրտվեց 30 տարեկանում, հունվարի 6-ին:

Ըստ Հայոց Եկեղեցու` Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սբ. Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սբ. Ծննդյան ավետիսը:

 Ճրագալույց նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:

Սբ. Ծննդյան Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի Մկրտությունը: Խաչով, Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:

Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:

Ամանորյա և Սբ. Ծննդյան տոնակատարությունները Վայոց Ձորի թեմում սկսվեցին դեկտեմբերի 29-ին: Վայոց Ձորի թեմի ԵՄ-ի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ մատուցվեց Եղեգնաձոր քաղաքի բնակիչներին:

Տոնականորեն զարդարված մեքենայի ուրախ երաժշտության ձայնից դուրս էին գալիս երեխաները, որոնց Ձմեռ պապը, Ձյունանուշն ու թեմի ԵՄ-ի կամավորները բաժանում էին նվերներ` անմոռանալի ակնթարթներ պարգևելով նրանց: Այդ օրն իրականացավ շատ ու շատ մանուկների Ամանորի հեքիաթային հրաշքը:

Հունվարի 5-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին Վայոց Ձորի թեմի սաները, վերցնելով վառվող ճրագները, բաժանեցին Եղեգնաձորի 155 ընտանիքի` Քրիստոսի Ծննդյան ավետիսը տալով` <<Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, Ձեզ և մեզ մեծ աւետիս>>: Այդ օրը Եղեգնաձորի շատ բնակարաններ, ավետիսի լուր առնելով, ստացան հոգևոր վերածնունդ, ինչպես նաև վառվող մոմերի միջոցով իրենց բնակարանները լուսավորեցին աստվածային սուրբ պարգևով:

Հունվարի 6-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Սբ. Պատարագի արարողությանը ներկա էին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Ջրօրհնեքի խաչքավոր Արմեն Հարությունյանը և այլք:

Սբ. Պատարագից հետո պատարագիչ քահանան կատարեց Ջրօրհնեքի արարողություն` ի հիշատակ Քրիստոսի Սուրբ Մկրտության, որի ընթացքում աղոթքների ու շարականների ուղեկցությամբ Սուրբ Խաչով օրհնվեց ջուրը և սրբագործվեց Սրբալույս Մյուռոնով:

Սրբազան արարողության ավարտին օրհնված հրաշագործ ջուրը բաժանվեց ներկաներին:

Այնուհետև եկեղեցու բակում ելույթ ունեցան Վայոց Ձորի թեմի սաները (կազմակերպիչ, ՔԴԿ-ի պատասխանատու` Ռուզան Կարապետյան)` ներկայացնելով Սուրբ Ծննդյան ու Ամանորին նվիրված միջոցառում, որին հաջորդեցին <<Ատգեն Արմենյան-Վայոց ձոր>> երգչախմբի (գեղ. ղեկավար` Մարո Սիմոնյան) և Արտաբույնքի պարի խմբի (գեղ. ղեկավար` Խաժակ Բաբայան) ելույթները:

Միջոցառման ավարտին ներկաներին ողջունեց թեմակալ առաջնորդը:

Վերջում միջոցառմանը մասնակից երեխաները Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի և մշակույթի տան կողմից նվերներ ստացան:

Նույն օրը Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը Ջրօրհնեքի կարգ կատարեց նաև Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում:

Աղոթքով բացենք մեր սրտերի դռները և քաղցրությամբ ընդունենք Քրիստոսի հրաշք Ծննդյան մեծ ավետիսը:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

 

Advertisements