ՏՆՕՐՀՆԵՔ


<<Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր:        

Չարիքը չի հասնի քեզ, և տանջանքները չեն  մոտենա քո տան հարկին>>: /Սաղմ. Ղ:9-10/

Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներից հետո հայոց մեջ տարածված է եղել Տնօրհնեքի հոգևոր-բարեպաշտական արարողությունը: Տնօրհնեքի արարողությունը գալիս է դեռևս առաքելական ժամանակներից, երբ առաքյալները Քրիստոսի Համբարձումից հետո շրջում էին տները` բոլորին տանելով Քրիստոսի Ծննդյան ու Հարության ավետիսը: Նույն կերպ և առաքյալների հետևորդները` քահանաները, տարվա մեջ երկու անգամ` Ս. Ծննդյան ութօրյակին (հունվարի 6-13) և Սբ. Հարությունից մինչև Հոգեգալուստ, այցելում են իրենց վիճակված համայնքների հավատացյալների տները և օրհնում նրանց բնակարաններն ու ընտանիքի անդամներին: Քահանայի այցելության իմաստը նաև Քրիստոսի Ծննդյան ավետիսն ընտանիքներում սփռելն է:

This slideshow requires JavaScript.

Սբ. Ծննդյան տոներից հետո կատարվող Տնօրհնեքի ժամանակ քահանան, տուն մտնելով, տալիս է Փրկչի Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու` Ս.Ծննդյանը նվիրված <<Խորհուրդ մեծ և սքանչելի>> շարականը և ընթերցում Ղուկասի Ավետարանից Քրիստոսի Ծննդյան հատվածը (Ղուկ. Բ 8-20): Քահանան օրհնում է տան ջուրը (մկրտության խորհրդանիշը), հացը և աղը (խաղաղության, առատության, բարեպաշտության խորհրդանիշերը), ինչպես Քրիստոս, աշխարհ գալով, օրհնեց ջուրը, երկիրը և նրա պտուղները: Քահանան օրհնված ջուրը խաչաձև ցողում է տան պատերին և խնկարկում տունը: Այնուհետև օրհնում է տան անդամներին` Աստծուց նրանց համար պահպանություն հայցելով: Որպես օրհնության համար տեսանելի և մնայուն նշանակ՝ քահանան սեղանին թողնում է տնօրինական պատկերով նշխար, որը պահվում է ալյուրի կամ ձավարեղենի մեջ` իբրև տվյալ տան ունեցվածքի առատության, բերրիության և հաջողության նշան:

Գրիգոր Տաթևացու բնորոշմամբ` Տնօրհնեքի արարողությունը Ինքը` Հիսուս Քրիստոսն է հաստատել, երբ Զատկի երեկոյան փակ դռների միջով մտավ Վերնատուն և օրհնեց Իր աշակերտներին (Հովհ. Ի 19-20): Այսպիսով, Տնօրհնեքի արարողությամբ հավատացյալների տները Սբ. Ծննդյան խորհրդով վերածվում են բեթղեհեմյան այրի, Սբ. Հարության խորհրդով` Վերնատան, և նորակառույց տան օրհնությամբ` փրկության արժանացած մաքսավոր Զակքեոսի տան, որովհետև Աստված այցելեց այնտեղ:
Քանի որ Տնօրհնեքը կարևոր է մեր ընտանիքի խաղաղության, սիրո, համերաշխության համար, անհրաժեշտ է, որ մենք հոգևորականին հրավիրենք Տնօրհնեքի:
Ընդունված կարգի համաձայն` Սուրբ Ծննդյանը հաջորդող օրերի ընթացքում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն այցելել է Եղեգնաձորի ու գյուղերի բնակիչների տները, օրհնել նրանց բնակարաններն ու ընտանիքի անդամներին` տալով օրվա ավետիսը:

<<Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպաշտպանի, իզուր են հսկում պահապանները նրա>>: /Սաղմոս 126:1/

 Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի թեմի
ՔԴԿ-ի լրատվության բաժին

Advertisements