ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ. ՄԵԾ ՊԱՀՔ


                                                                                                                                                                  

Ցնծա՛, Մարիա՛մ, արդար արեգակի արևե՛լք.

Եվ    քեզնից  ծնված Աստծուն աղաչի՛ր մեզ համար,      

Որ դրախտի ժառանգությանը վերստին արժանի անի մեզ:

 

Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Հին ժամանակներում Բարեկենդանն ավելի ճոխ է նշվել` խնջույքների սեղանի անբաժան մասն են կազմել մսեղենը, կաթնեղենը, յուղով կերակուրները, պարտադիր կերակրատեսակներից` ամիճը, այսինքն` լցոնած հնդկահավը, փախլավան, նաև բոլորիս հայտնի խաշը: Բարեկենդանի խրախճանքին մասնակցում էին բոլորը. մինչևիսկ չքավորները ուշադրության առարկա էին դառնում և առատապես վայելում էին Բարեկենդանի սեղանը: Իսկ Բարեկենդանի կիրակի գիշերը` ընթրիքից հետո, նախքան քնելը, մածուն ու կաթնապուր էին ուտում և անկողնի մեջ խաշած ձու ուտելով` բերանները փակում էին` մաղթելով, որ Զատկին ձվով բարով բանան իրենց բերանները:Մեծ Պահքն սկսվում է Բուն Բարեկենդանով: Այն խորհրդանշում է նախաստեղծների՝ Ադամի ու Եվայի դրախտային անհոգ և ուրախ կյանքը, իսկ հաջորդ օրվա երկուշաբթիով սկսվող Մեծ Պահքը՝ պատվիրանազանցությամբ դրախտից վտարվելը, որի համար Մեծ Պահքի երկրորդ կիրակին արդեն անվանվում է Արտաքսման և նվիրված է Ադամի ու Եվայի՝ դրախտից արտաքսմանը:

Ահա այս տարի փետրվարի 20-ից մուտք ենք գործում Մեծ Պահոց 40-օրյա շրջան, որը կշարունակվի մինչև Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` մինչև Սուրբ Զատիկ: Եկեղեցու սուրբ հայրերի հաստատած Մեծ Պահոց, ապաշխարության և ինքնաքննության 40-օրյա այս շրջանը մեզ բոլորիս հրավիրում է ներհայեցողության, ինքնամաքրման, ողջախոհության և առավել արթուն կյանքի, հրավիրում է հոգևոր և մարմնական պահքի, հարատև աղոթքի և բարի գործերի:

Ահա թե ինչ է պատգամում մեզ Սբ. Գրիգոր Տաթևացին իր «Բուն Բարեկենդանի քարոզի » վերջաբանում. «Երբ պահքով հեռու ենք մնում աւելորդ կերակուրներից ու ըմպելիքներից եւ տքնութեամբ ու աղօթքով չարչարում ենք մեր մարմինը, ազատւում ենք խառնուածքի չարունակութիւնից, որ դէպի մեղքն է ձգում: Եւ սրբուելով մեղքերից` մեր մէջ վերստին պայծառանում է Աստուծոյ պատկերը, որն ունէինք ի սկզբանէ` նախքան մեղանչելը դրախտում: Եւ քանի որ ճշմարիտ է այս, եղբայրնե՛ր, բռնադատե՛նք մեր մարմինները, պնդանանք պահեցողութեամբ, յաճախակի աղօթենք: Մեր սրտերից հանե՛նք չարիքը: Սիրե՛նք միմեանց սուրբ սրտով եւ անկեղծ մտքով: Դառնա՛նք առ Աստուած, եւ Նա կդառնայ դէպի մեզ: Ներե՛նք միմեանց, որպէսզի Նա էլ մեզ ների: Գթա՛նք աղքատներին, որպէսզի Նա էլ մեզ գթայ: Քաղցածների համար հաց լինենք եւ մերկերի համար` զգեստ, անտունների համար`օթեւան եւ հիւանդների համար` բժիշկ, որպէսզի Աստուած էլ մեր հոգու եւ մարմնի վէրքերը բժշկի` ծածկելով մեր ամօթալի գործերի մերկութիւնը, եւ մեզ ժողովի հայրական օթեւաններում` ամենքին արժանացնելով մշտաւէտ ցնծութեան եւ անտրտում ուրախութեան ի Տէր մեր Յիսուս Քրիստոս, որ օրհնեալ է յաւիտեան. ամէն»:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում »  Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»  (Մատթ. 6:16-18):

Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր՝ Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ Պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց Եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Մեծ Պահքի ընթացքին եկեղեցիների վարագույրները փակվում են՝ ի նշան ապաշխարության, իսկ Սբ. Պատարագները մատուցվում են վարագուրված Խորանից:

Հայ Եկեղեցին առանձնակի ճոխությամբ նշում է հատկապես Բուն Բարեկենդանը, որն այս տարի տոնվեց փետրվարի 19-ին:

This slideshow requires JavaScript.

Այդ օրը Եղեգնաձորի Սբ. Ասվածածին եկեղեցում մատուցված Սբ. Պատարագի ավարտին հետաքրքիր անակնկալ մատուցեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի սաները՝ բեմադրելով Հովհ. Թումանյանի <<Բարեկենդան>> հեքիաթը, որին հաջորդեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի ելույթը, ով ներկայացրեց տոնի խորհուրդը: Continue reading

Advertisements

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ


Տյառնընդառաջը 
Եղեգնաձորի  Սբ. Աստվածածին եկեղեցում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի հրաշափառ Ծննդից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջը՝ 40 օրական մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայելու տոնը: Այն խորհրդանշում է արդար ու աստվածավախ Սիմեոն ծերունու և բարեպաշտ այրի Աննա մարգարեուհու օրինակով մեր՝ Տիրոջն ընդառաջ գնալը:

Ծնվելուց 40 օր հետո մանուկներին տաճար տանելու և Աստծուն նվիրելու սովորությունը քրիստոնեական Եկեղեցում էլ մնաց: Այս է պատճառը, որ հայ մայրերը որդեծնությունից հետո 40 օր հանգստանում են տանը, իսկ քառասունքի վերջին օրը, իրենց մանկանը գրկած, գնում են եկեղեցի և հատուկ արարողությամբ նրան նվիրում Աստծուն: Այդ գեղեցիկ արարողությունը կոչվում է Քառասունք:

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է Արարչից հեռացած արարածի հանդեպ։ Մարդացած Աստվածորդին ամեն պահ դիմում է մեզ. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ  28): Հաջորդ քայլը մերն է. «Մոտեցեք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակոբոս 4:8):Յուրաքանչյուրս պետք է անսանք Տիրոջ ձայնին, քանզի ով Նրա հետևից է գնում, «խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովհ. Ը 12):

Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական տոնացույցով նոր օրն սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն։ Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն։ Ժողովրդական ավանդույթի համաձայն` եկեղեցուց դուրս բերված մոմի կրակով վառում են նաև Տյառնընդառաջի խարույկը։ Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու, «ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»:   Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։ Փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի տոնական Սբ. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։ Սովորության համաձայն` Տյառնընդառաջի տոնին նվերներով այցելում են նորապսակներին:

This slideshow requires JavaScript.

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում ևս Տյառնընդառաջի տոնակատարությունն սկսվեց դեռևս նախօրեին` երեկոյան ժամերգությամբ ու շարունակվեց օրհնված խարույկի շուրջ, որին մասնակցեցին Տեր Վազգենը, Եղեգնաձորի տարածաշրջանի բնակիչներ, Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի «Hay fire» պարի խումբը, երիտասարդաց միության անդամները, սաները, ինչպես նաև նորապսակներ, որոնց ՔԴԿ-ի կողմից բաժանվեցին տոնական գաթա, փոխինդ և աղանձ: Տոնական խարույկը մարդկանց տրամադրութունը ջերմացրեց նորապսակների ավանդական ցատկով: Continue reading

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


 

Սուրբ Սարգիս ձիավորը՝  Եղեգնաձորում

«Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ, անմահի սիրով աշխարհին խաչված Սուրբ Սարգիս,  պսակված Տիրոջ հաղթող խաչով մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր և Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, ում վայել է փառք, իշխանություն և պատիվ»:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Սբ. Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35-օրվա տեղաշարժ: Այս տարի տոնը նշվեց փետրվարի 4-ին: Ըստ ավանդության՝ Սուրբն ապրել է 4-րդ դարում և զինվորական է եղել: Կոնստանդիանոս Մեծ կայսեր կողմից նշանակվել է Կապադովկիայի հունական զորքերի հրամանատար: Դրանից հետո տեղափոխվել է Հայաստան: Մահացել է քրիստոնյաների դեմ մղվող պատերազմում, երբ իր Մարտիրոս անունով զավակի ու 14 զինվորների հետ պայքարել է հանուն քրիստոնեական հավատքի: Հետագայում Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:

Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Սբ. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սբ. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է, ով ամրացնում է զույգերի միջեւ եղած ճշմարիտ սերը, օգնում նրանց` ստեղծելու ամուր ու երջանիկ ընտանիք: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ժողովրդական սովորույթներից է նաև, երբ Սբ.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սբ.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի՝ Սբ.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Ս.Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը, որը տևում է հինգ օր: Ժողովրդի պատկերացմամբ Սուրբ Զորավարը ունի գեղեցիկ արտաքին, ոսկե սաղավարտ ու սպառազինություն, մտքի պես արագ հայտնվում է իր լուսաշող ձիով, երբ նեղության մեջ նրան են կանչում:

This slideshow requires JavaScript.

Սուրբ Սարգսի տոնը Վայոց Ձորի թեմում այս տարի նշվեց յուրովի:
Տոնին ընդառաջ` Եղեգնաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն օրհնեց երիտասարրդներին՝ ցանկանալով նրանց ընտանեկան երջանկություն ու նվիրական իղձերի իրականացում:
Այնուհետև Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Սբ. Սարգսի տոնին նվիրված երթ, որն աննախադեպ էր նրանով, որ երթին մասնակից թեմի ԵՄ-ի անդամների առջևից գնում էր Սբ. Սարգսին մարմնավորող մի երիտասարդ ձիավոր, ով մաղթանքներ էր հղում ու աղի բլիթներ էր բաժանում: Continue reading