Վայոց Ձորի թեմ

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Advertisements

 

Սուրբ Սարգիս ձիավորը՝  Եղեգնաձորում

«Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ, անմահի սիրով աշխարհին խաչված Սուրբ Սարգիս,  պսակված Տիրոջ հաղթող խաչով մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր և Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, ում վայել է փառք, իշխանություն և պատիվ»:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Սբ. Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35-օրվա տեղաշարժ: Այս տարի տոնը նշվեց փետրվարի 4-ին: Ըստ ավանդության՝ Սուրբն ապրել է 4-րդ դարում և զինվորական է եղել: Կոնստանդիանոս Մեծ կայսեր կողմից նշանակվել է Կապադովկիայի հունական զորքերի հրամանատար: Դրանից հետո տեղափոխվել է Հայաստան: Մահացել է քրիստոնյաների դեմ մղվող պատերազմում, երբ իր Մարտիրոս անունով զավակի ու 14 զինվորների հետ պայքարել է հանուն քրիստոնեական հավատքի: Հետագայում Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:

Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Սբ. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սբ. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է, ով ամրացնում է զույգերի միջեւ եղած ճշմարիտ սերը, օգնում նրանց` ստեղծելու ամուր ու երջանիկ ընտանիք: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ժողովրդական սովորույթներից է նաև, երբ Սբ.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սբ.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի՝ Սբ.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Ս.Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը, որը տևում է հինգ օր: Ժողովրդի պատկերացմամբ Սուրբ Զորավարը ունի գեղեցիկ արտաքին, ոսկե սաղավարտ ու սպառազինություն, մտքի պես արագ հայտնվում է իր լուսաշող ձիով, երբ նեղության մեջ նրան են կանչում:

Սուրբ Սարգսի տոնը Վայոց Ձորի թեմում այս տարի նշվեց յուրովի:
Տոնին ընդառաջ` Եղեգնաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն օրհնեց երիտասարրդներին՝ ցանկանալով նրանց ընտանեկան երջանկություն ու նվիրական իղձերի իրականացում:
Այնուհետև Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Սբ. Սարգսի տոնին նվիրված երթ, որն աննախադեպ էր նրանով, որ երթին մասնակից թեմի ԵՄ-ի անդամների առջևից գնում էր Սբ. Սարգսին մարմնավորող մի երիտասարդ ձիավոր, ով մաղթանքներ էր հղում ու աղի բլիթներ էր բաժանում:

Երթին մասնակից երիտասարդներն ունեին օրվա խորհուրդն արտահայտող ցուցապաստառներ:
Սուրբ Սարգսից աղի բլիթներ ստանալ ցանկացողների թիվն այնքան մեծ եղավ, որ շատ կարճ ժամանակում աղաբլիթները գտան իրենց հասցեատերերին:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿի
լրատվության բաժին

Advertisements