ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ


Տյառնընդառաջը 
Եղեգնաձորի  Սբ. Աստվածածին եկեղեցում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի հրաշափառ Ծննդից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջը՝ 40 օրական մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայելու տոնը: Այն խորհրդանշում է արդար ու աստվածավախ Սիմեոն ծերունու և բարեպաշտ այրի Աննա մարգարեուհու օրինակով մեր՝ Տիրոջն ընդառաջ գնալը:

Ծնվելուց 40 օր հետո մանուկներին տաճար տանելու և Աստծուն նվիրելու սովորությունը քրիստոնեական Եկեղեցում էլ մնաց: Այս է պատճառը, որ հայ մայրերը որդեծնությունից հետո 40 օր հանգստանում են տանը, իսկ քառասունքի վերջին օրը, իրենց մանկանը գրկած, գնում են եկեղեցի և հատուկ արարողությամբ նրան նվիրում Աստծուն: Այդ գեղեցիկ արարողությունը կոչվում է Քառասունք:

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է Արարչից հեռացած արարածի հանդեպ։ Մարդացած Աստվածորդին ամեն պահ դիմում է մեզ. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ  28): Հաջորդ քայլը մերն է. «Մոտեցեք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակոբոս 4:8):Յուրաքանչյուրս պետք է անսանք Տիրոջ ձայնին, քանզի ով Նրա հետևից է գնում, «խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովհ. Ը 12):

Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական տոնացույցով նոր օրն սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն։ Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն։ Ժողովրդական ավանդույթի համաձայն` եկեղեցուց դուրս բերված մոմի կրակով վառում են նաև Տյառնընդառաջի խարույկը։ Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու, «ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»:   Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։ Փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի տոնական Սբ. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։ Սովորության համաձայն` Տյառնընդառաջի տոնին նվերներով այցելում են նորապսակներին:

This slideshow requires JavaScript.

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում ևս Տյառնընդառաջի տոնակատարությունն սկսվեց դեռևս նախօրեին` երեկոյան ժամերգությամբ ու շարունակվեց օրհնված խարույկի շուրջ, որին մասնակցեցին Տեր Վազգենը, Եղեգնաձորի տարածաշրջանի բնակիչներ, Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի «Hay fire» պարի խումբը, երիտասարդաց միության անդամները, սաները, ինչպես նաև նորապսակներ, որոնց ՔԴԿ-ի կողմից բաժանվեցին տոնական գաթա, փոխինդ և աղանձ: Տոնական խարույկը մարդկանց տրամադրութունը ջերմացրեց նորապսակների ավանդական ցատկով:

Այնուհետև ելույթ ունեցան թեմի պարի խմբի սաները, որոնց կրակներով պարերը եղեգնաձորցիների համար նորություն էր:

Միջոցառումը եզրափակվեց հայկական պարերով:

    Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s