Վայոց Ձորի թեմ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ 115-ԱՄՅԱԿԻՆ

Advertisements

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 115-ամյակի առթիվ մեծ պոետին նվիված գրական-երաժշտական միջոցառում էին կազմակերպել Վայոց Ձորի թեմի Հայոց լեզվի և գրականագիտության (դասավանդող՝ Սիրան Սարգսյան) խմբակի սաները, որը տեղի ունեցավ Եղեգնաձոր քաղաքի «Գիտելիք» համալսարանի դահլիճում:

Միջոցառմանը ներկա էին Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Գերմանիայից հյուր, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՔԴԿ-ի աշխատակազմը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վայոց Ձորի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը, մշակույթի տան տնօրեն Մարո Սիմոնյանը, «Սյունիք» ԲՀԿ-ի աշխատակիցներ, ինչպես նաև ելույթ ունեցող սաների ծնողները:

Միջոցառումն սկսվեց սաների խմբակային ասմունքով՝ հանրահայտ «Ես իմ անուշ Հայաստանի…» տաղի կատարմամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական ուղին: Խմբակի շնորհալի սաների մասնակցությամբ լսվեցին Չարենցի «Ծիածան» ու  «Տաղարան» շարքերից ստեղծագործություններ, ինչպես նաև շատ այլ գործեր: Միջոցառման երաժշտական մասում կատարեցին «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծության բառերով գրված երգը, իսկ «Էլի գարուն կգա, կբացվի վարդը», «Կուզեմ հիմի փչե զուռնեն…» գործերի հիման վրա ստեղծված երգերը յուրովի կատարեց Ռոբերտ Սարդարյանը:

Այնուհետև Գարիկ Հարությունյանն արևմտահայերենով ներկայացրեց Վիլյամ Սարոյանի հուշերը Չարենցի մասին, ապա հնչեցին Կոմիտասին, Գրիգոր Նարեկացուն ու Բակունցին նվիրված ստեղծագործություններից: Մերի Պողոսյանը հուզմունքիու հիացմունքի նոր երանգ հաղորդեց իր հիասքանչ կատարումներով՝ ֆլեյտայով նվագելով «Ես իմ անուշ Հայաստանի…»  ու «Չինար ես»  գործերը (վերջին գործը ջութակով նվագում էր նաև Սարինե Սահակյանը), ապա պարային հետաքրքիր կատարումներով հանդես եկան Աննա Ավագյանը, Ռիտա Սարդարյանն ու Օֆելյա Թադևոսյանը:

Սաների ելույթներն արժանացան ներկաների ջերմ շնորհավորանքներին, իսկ Աշոտ Բաբայանի կատարմամբ հնչած «Վերջին աղոթք» ստեղծագործությունը հուզեց ներկաներին: Միջոցառումը եզրափակվեց «Նաիրի երկրից» պոեմով:

Միջոցառման ավարտին Աբրահամ Սրբազանը շնորհավորեց աշակերտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Խմբակի սաների ծնողներից ելույթ ունեցավ Գ. Դիլաքյանը: Վերջում սաները լուսանկարվեցին թեմակալ առաջնորդի հետ:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

Advertisements