ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


 

Հիսուս Քրիստոսի հրաշափառ  Հարությունը Եկեղեցու մեծագույն տոներից է:

 Սբ. Հարությունը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մահվանը հաղթելու, մարդկանց հավիտենական կյանքի, երկնքի Արքայությանն արժանանալու հույսի փրկագործ խորհուրդն ունի:

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, գերազանցապես մարդկության հոգևոր և բարոյական վերածնության տոնն է: Զատիկը հավիտենական գարնան և հավերժական կյանքի տոն է: Մահվան ու  չարիքի դեմ Քրիստոսի հաղթանակով ամեն տարի վերստին լուսավորվում է մարդկային կյանքի ճանապարհը:
Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ եկեղեցական կարգի՝ շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի  ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց.  օրհնեալ է Յարութիւնը  Քրիստոսի:

Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Զատիկը շարժական տոն է, որն այս տարի տոնվեց ապրիլի 8-ին: Սուրբ Հարության տոնին նախորդող շաբաթ երեկոյան Եղեգնաձոր քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչն էր  Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը:
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի նախաձեռնությամբ Եղեգնաձոր քաղաքի դպրոցների աշակերտներն  օրհնված մոմեր  բաժանեցին Եղեգնաձորի բնակիչներին:

Հաջորդ օրը Եղեգնաձոր քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Զատկական Սուրբ Պատարագը մատուցեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ Պատարագի ընթացքում ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

This slideshow requires JavaScript.

Սբ. Պատարագից հետո ներկաներին բաժանվեցին օրհնված հավկիթներ:

Այնուհետև ՔԴԿ-ի  կողմից Սբ. Աստվածածին եկեղեցու բակում անցկացվեց ածիկների մրցույթ, որի ընթացքում հետաքրքիր ձևավորումներով ածիկներ ներկայացրին Վայոց Ձորի թեմի սաները և Եղեգնաձորի ավագ (ուսուցչուհի՝ Հրանուշ Եսայան), թիվ 1 հիմն. (ուսուցչուհի՝ Բայաթյան Եսենիա) և թիվ 2 հիմն. (ուսուցչուհի՝ Ռուզան Կարապետյան) դպրոցների աշակերտները:
Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ. ցորենը ցանում ես՝ մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Զատկի տոնին հավկիթը  խորհրդանշում է երկրագունդը, իսկ կարմիր ներկելը խորհրդանշում է խաչի վրա մարդկանց մեղքերի թողության համար Հիսուսի թափած Արյունը:

Զատկի սեղանին սովորաբար դրվում է ձու, ձուկ, չամչով փլավ, տապակածկանաչի, որոնք ունեն իրենց խորհուրդները: Այդ օրը Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն այցելեց նաև Մալիշկայի Սբ. Աննա և Թառաթումբի Սբ. Հովհաննես եկեղեցիներ, որտեղ նույնպես ներկայացվեց Սուրբ Հարության տոնի խորհուրդը: Continue reading

Advertisements