ԶԱՆԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ. ՆՈՐ ԶԱՆԳԵՐԻ ՕԾՈՒՄԸ


Զանգն այսօր էլ անբաժան է Հայոց Եկեղեցու ծիսակատարություններից: Զանգի ձայնը զարմանալի ազդեցություն ունի մարդու վրա: Տխրության պահին այն թախծալից է, իսկ ուրախության ժամանակ՝ ուրախալի: Զանգ օգտագործելու բուն նպատակը  եկեղեցական արարողությունների ժամանակ հավատացյալ ժողովրդին եկեղեցի հրավիրելն է: Հարկ եղած դեպքում զանգը, ինչպես և կոչնակը, ազդարարել է գույժեր: Այն հնուց ծառայել է բնակչությանը համախմբելու, զորք հավաքելու (ահազանգ):

Եկեղեցու զանգը միաժամանակ խորհրդանշում է նաև հրեշտակների փողը, որը բոլորին հրավիրելու է Աստծո արդար դատաստանին: Զանգեր հնչեցվում են նաև եկեղեցի ննջեցյալ բերելու, իսկ ավելի հաճախ` Հայրապետական թափորի, առաջնորդի կամ բարձրաստիճան հոգևորականների ժամանման առիթով:

Վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը ամենատևական զանգահարումը կատարվել է 1918 թ.-ին՝ Սարդարապատի մայիսյան հերոսամարտի ժամանակ, երբ յոթ օր անընդմեջ ղողանջում էին Արարատյան դաշտի և մերձակա շրջանների հայկական եկեղեցիների զանգերը`ազդարարելով մահու և կենաց կռիվը:

Զանգի ձայնն առավել հզոր ու զրնգուն դարձնելու համար անհրաժեշտ է, որ այն կախվի բարձր ու բաց տեղում: Հենց այս նպատակին էլ ծառայում են զանգակատները, որոնք սովորաբար կառուցվում են եկեղեցու հարևանությամբ կամ եկեղեցու արևմտյան ճակատին կից: Զանգերը հատուկ օծման և օրհնության կարգ ունեն   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մաշտոց» ծիսամատյանում:

Օրերս օծվեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Նորավանքի  նոր զանգերը՝ ձեռամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի:   Այդ  հիշարժան արարողության ավարտին ելույթ ունեցավ  թեմակալ առաջնորդ Աբրահամ Սրբազանը, ով իր շնորհակալական խոսքն ասաց մեր հայրենակից Հրաչյա Գրիգորյանին, ում հովանավորությամբ ձեռք բերվեցին այդ 2 զանգերը և Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվեցին Հայաստան:

This slideshow requires JavaScript.

Ներկաների թվում էին Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վայոց Ձորի ՔԴԿ-ի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը, Եղեգնաձորի դպրոցների աշակերտներ, բնակիչներ և այլք: Զանգերի օծումից հետո դրանք կախվեցին  զանգակատներում:

Զանգերի հնչյունների կոչն է մասնակցել եկեղեցական արարողություններին, համախմբվել և հաղորդակցվել երկնքի հետ սրբազան ձայնով:

Սիրան Սարգսյան

                                                                                Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

 

Advertisements