ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՈԻՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ


Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հուլիսի 16-21-ը Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանն անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Ծրագրում ընդգրկված էին շուրջ 150 ուսուցիչներ՝ հայաստանյան բոլոր թեմերից:
Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես եկան Մայր Աթոռի ՔԴԿ-ի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը և «Վորլդ Վիժն»-ի հայաստանյան գրասենյակի` ՀՀ կառավարության եւ Եկեղեցու հետ կապերի պատասխանատու տիկ. Կարինե Հարությունյանը, ովքեր, երկուստեք կարևորելով կառույցների արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնեցին, որ այն շարունակական և առավել ընդգրկուն կլինի:

Դասընթացի օրակարգում ընդգրկված էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանության, Սուրբ Գրքի և եկեղեցաբանական տարաբնույթ հարցերի վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվեցին ինչպես հոգևորականների, այնպես էլ աշխարհական մասնագետ բանախոսների կողմից: Առաջին անգամ դասընթացի շրջանակներում Արարատյան Հայրապետական և Արմավիրի թեմերի ուսուցիչները ներկայացրին օրինակելի դասեր, որոնց հետևեցին մեթոդական քննարկումներ:

Դասընթացի յուրաքանչյուր օրը մեկնարկում էր հրավիրյալ հոգեւոր հայրերի կողմից Սուրբ Գրքի սերտողությամբ: Օրվա ավարտին Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում դասընթացի մասնակից հոգեւոր հայրերի կողմից կատարվում էր երեկոյան ժամերգություն եւ տրվում էր հոգեւոր պատգամ:

Ընդհանրական աղոթքների վերջում օրախնդիր թեմաներով քարոզներ էին հնչում ներկա քահանա հայրերի կողմից. իր խրատական խոսքը ներկաներին ուղղեց նաև Վայոց Ձորի թեմի Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը:
Ուսուցիչներն անմասն չէին մնում նաև գեղարվեստական երեկոներից: Հուլիսի 18-ին ուսուցիչներին հյուրընկալվեց <<Լույս>> համույթը, որը հոգեւոր եւ աշխարհիկ երգերի հոգեպարար կատարումներով ոգեշնչեց ներկաներին:

Համաձայն ծրագրի` անցկացվեց նաև շարականների եւ հոգեւոր երգերի ուսուցում:
Հուլիսի 21-ին տեղի ունեցավ հնգօրյա դասընթացի պաշտոնական փակումը: Հայր Վարդանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ամենօրյա հոգածության համար, ապա անդրադարձավ կիրակնօրյա վարժարանների կարևորությանը հոգեւոր և ծխական կյանքում: Դրական գնահատելով ամենամյա այս վերապատրաստումները՝ Հայր Սուրբը կարևորեց կիրակնօրյա կրթօջխախների անփոխարինելի դերը հայ մանուկների հոգում հավատի զորացման, եկեղեցասիրության և քրիստոնեական գիտակցության ձեւավորման գործում: ՔԴԿ տնօրենն ուրախությամբ տեղեկացրեց նաև, որ Հայաստանի տարբեր թեմերում վերջին մեկ տարվա ընթացքում կիրակնօրյա նոր դպրոցներ են հիմնվել, ինչպես նաև ուսուցչական կազմը համալրվել է երիտասարդներով:

Փակման հանդիսությունն ավարտվեց Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատության համար արվող հավաքական մաղթանքով եւ աղոթքով:

Դասընթացի ավարտին ուսուցիչները Կեչառիսի վանքում մասնակցեցին ուխտի Ս. Պատարագին, որը մատուցվեց Հայր Վարդանի կողմից: Միասնական Սուրբ Հաղորդությամբ մասնակիցները վերանորոգեցին իրենց ուխտն Աստծու հետ:

Վայոց Ձորի թեմի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքներում գործող կիրակնօրյա դպրոցների թվով 9 ուսուցիչներ, ինչպես նաև Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը, Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Անանյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վայոց Ձորի ՔԴԿ-ի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը մասնակցեցին վերոհիշյալ վերապատրաստման դասընթացներին:

Ամենամյա այս վերապատրաստումը նպաստում է ուսուցիչների տեսական, մեթոդական, ինչպես նաև գործնական գիտելիքների զարգացմանն ու ամրապնդմանը, փորձի փոխանակմանը:
Վերապատրաստման ավարտին ուսուցիչներն ստացան հոգևոր գրականություն և նվերներ:

Դասընթացից ստացած գիտելիքներով` թեմի ուսոցիչները վերադարձան Վայոց Ձոր՝ ոգևորված ու պատրաստ նոր ուսումնական տարվանից այդ ամենն աշակերտներին փոխանցելու:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s