ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԵՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ


Այս տարի օգոստոսի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և կատարվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Աստվածամոր կյանքի նկարագրությունը, բացի ավետարանական մի քանի պատմություններից, մեզ է հասել եկեղեցու ավանդությամբ:

Հայ Եկեղեցու սրբերի շարքում առանձնակի դերակատարություն ունի Սբ. Տիրամայրը` որպես առաքինի, գթառատ մոր, սիրո ու հավատի մարմնացում ու նաև Աստծո և արարածների միջև անկրկնելի բարեխոս:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մոտ 15 տարի նա ապրեց Հովհաննես առաքյալի խնամատարության տակ: Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Տիրամոր առջև  հայտնվում է Գաբրիել հրեշտակը, ով տարիներ առաջ ավետել էր Հիսուսի ծննդյան մասին: Իսկ այժմ եկել էր հայտնելու, որ շուտով կավարտվի նրա երկրային կյանքը: Լսելով այդ մասին` Տիրամայրը վերջին անգամ ելնում է Ձիթենյաց լեռը` աղոթելու, ապա վերադառնում տուն: Առաքյալները գալիս են Մարիամին հրաժեշտ տալու, որոնց ներկայությամբ էլ նա հոգին ավանդում է:

Թաղմանը չի մասնակցում միայն հայոց առաքյալը` Բարդուղիմեոսը, ով բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի մասին` նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզման, որպեսզի  վերջին անգամ տեսնի և իր որդիական սերն ու հարգանքը մատուցի Տիրամորը: Երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարը` Սբ. Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Այդ պահին երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է, թե Աստվածածնի մարմինը երկինք փոխադրվեց: Ձայնը պատվիրում է, որ Սբ. Կույսի կենդանագիր պատկերը Բարդուղիմեոսին հանձնեն, որպեսզի նրանով մխիթարվի և տանի այն երկիրը, ուր պիտի գնար քարոզելու:

Ըստ ավանդության` Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչվող վայրում: Այստեղ հետագայում Սբ. Աստվածածնի անունով եկեղեցի է կառուցվում: Աստվածամոր  երկրավոր  կյանքի վախճանը «ննջում» է անվանվում՝  հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը:

 Եկեղեցու հայրերը, հաստատելով Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, այն տոնել են Երուսաղեմում: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվել է Գեթսեման, այն վայրը, ուր գտնվում էր Աստվածածնի գերեզմանը:

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:
Հին Ուխտում (Բ Օրենք ԻԶ 1-10) տարվա առաջին բերքը տարվում էր տաճար եւ ընծայվում  Աստծուն: Ըստ օրենքի՝ դրանք ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղն էին եւ այլն:

Այդ նվիրատվության  արարողությամբ մարդիկ իրենց  երախտագիտությունն էին հայտնում Աստծուն: Խաղողօրհնեքի ընթացքում կարդացվում է Սբ. Ներսես Շնորհալու աղոթքը: Աղոթքում հիշատակվում է, որ Աստված ստեղծեց  բուսականությունն ու ծառերը, ապա Ադամին  ու Եվային պարգեւեց ամբողջ  դրախտը, բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ երկիրը նրանց պատճառով անիծվեց: Սակայն Աստվածորդու աշխարհ գալով անեծքի կապանքը վերացավ, եւ մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան ծառայությունից:

Իսկ թե ինչու՞ է հայոց մեջ օրհնվող պտուղը խաղողն ընտրվել, բացատրվում է  նրանով, որ Նոր Կտակարանում  Քրիստոսն Իրեն որթատունկին նմանեցրեց, եւ, բացի այդ, պտուղներից խաղողն էր, որ վերջին ընթրիքին  գինու տեսքով ծառայեց Նրան՝  որպես  Նրա Սուրբ Արյան խորհրդանիշ:

Խաղողօրհնեքն առհասարակ Աստծուց  մարդուն պարգեւած բերքի՝ բոլոր տեսակի պտուղների օրհնությունն է:

Տոնին հաջորդող օրը Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան կարգ՝ հանգուցյալների հոգիների խաղաղության համար, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

Advertisements

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ. ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԸ` ԳԻՆՈՒ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ


 

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց օգոստոսի 12-ին:

Վայոց Ձորի մարզի բոլոր գործող եկեղեցիներում տոնախմբվեց այս տոնը: Տոնի օրը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Սբ. Պատարագ, որի ընթացքում Տեր Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին և ողջ քրիստոնեական սրբազան ավանդության մեջ փառաբանված ու օրհներգված Սուրբ Տիրամոր կերպարին` իբրև սրբության և մաքրության, խոնարհության, հնազանդության ու հավատարմության կենդանի օրինակ յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

This slideshow requires JavaScript.

Հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն, որը նախագահեց Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Այնուհետև եկեղեցու բակում ելույթ ունեցան Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի Հայոց լեզվի և գրականագիտության խմբակի սաները, ովքեր ներկայացրին միջոցառում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին:

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա թեմի կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրին տոնի իմաստն ու խորհուրդը,  ինչպես նաև գրաբարով արտասանեցին Մարիամ Աստվածածնին նվիրված հայ հին և միջնադարյան քնարերգության բարձրարվեստ նմուշներից:

Զոյա Սարգսյանը հանդես եկավ երաժշտական յուրովի կատարումներով: Ներկաներին Առաջնորդ Սրբազան Հոր օրհնությունները փոխանցեց Հայր Զարեհը, ով շնորհավորեց թեմի սաներին, ինչպես նաև անդրադարձավ տոնի խորհրդին` աղոթքով եզրափակելով խոսքը:

Միջոցառումն ավարտվեց ժողովրդական երգերի կատարմամբ, որի հնչյունների ներքո ներկաները ճաշակեցին օրհնված խաղող:

Խաղողօրհնեքի արարողություն տեղի ունեցավ նաև Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում: Համայնքի բնակիչների խաղողն օրհնեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

 Խաղողօրհնեքը՝ գինու հայրենիքում

 Խաղողօրհնեքի տոնն առավել խորհրդանշական է արենցիների համար, քանի որ գինու հայրենիքում գինին կարելի է պատրաստել միայն խաղողի օրհնությունից հետո:

Ժամը 14:00-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում նույնպես տեղի ունեցավ Խաղողօրհնեքի արարողություն՝ ձեռամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի:

Տոնին ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Արենիի համայնքի ղեկավար Ժիրայր Եղյանը, Գետափի համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանը, շատ արենցիներ, հարակից գյուղերի բնակիչներ և այլք:

Աբրահամ Սրբազանը խաղողի օրհնությունից հետո ողջունեց ներկաներին, ներկայացրեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի սկզբնաղբյուրն՝ ըստ Նոր Կտակարանի և բերքի օրհնության խորհուրդը: Այնուհետև մարզպետ Էդգար Ղազարյանը տոնի առթիվ շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով մարզի բնակիչներին առատ բերք ու բարիք:

This slideshow requires JavaScript.

Արենիի եկեղեցու բակում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցան Գետափի (գեղ. ղեկավար՝ Կնյազ Հարությունյան) ու Խաչիկի պարային համույթները, ինչպես նաև Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու կանանց երգչախումբը: Խաղողօրհնեքից հետո այստեղ պատրաստվում են մեծ շուքով նշել գինու տոնը:

Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին ներկաներին:
Տոնին հաջորդող օրը Մեռելոց է: Մարզի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սբ. Պատարագ:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` հանգուցյալների հոգիների խաղաղության համար:


Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

 

Նորավանք


Նորավանքը գտնվում է Վայոց Ձորի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք` Արփա գետի վտակի խոր կիրճի լանջին:

This slideshow requires JavaScript.


Ըստ Ստեփանոս Օրբելյանի` այն հայտնի է եղել դեռևս վաղ միջնադարում, երբ այստեղ եղել է Սբ. Փոկաս եկեղեցին: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն, շատ հրաշագործություններ են կատարվել, ու շատ հիվանդներ են բուժվել այդ ջրով: Աղբյուրի առկայությունը չի բացառում, որ այս տեղանքը սրբավայր է եղել նաև հեթանոսական ժամանակներում, երբ լայն տարածում ուներ ջրի պաշտամունքը:

9-րդ դարում այստեղ կառուցվում է Սբ. Կարապետ եկեղեցին: Այն գտնվում է վանքի հարավում: Այդ ժամանակ վանքը կոչվում էր Ավագ կամ Խորաձոր անապատ (Նորավանք է անվանվել 1221-ից): 10-րդ դ. եղել է գրչության կենտրոն: 1105-ին այստեղ են տեղափոխվում Վահանավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը և իր եղբայր Համտուն իշխանը: Նրանք վանքի շրջակայքից հեռացնում են աշխարհականներին ու Նորավանքի տիրույթին նշանաքարեր դնում: Ստեփանոս եպիսկոպոսի օրոք` 14-րդ դ. սկզբին, վանքը դառնում է Սյունիքի հոգևոր կենտրոնը:

1216-21-ին իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս եպիսկոպոսը կառուցում են Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Սա ներքուստ խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն եկեղեցի է: 1223-61-ին կառուցվել է եկեղեցու գավիթը` գոցվող թաղերով, ինչը եզակի է հայկական նմանատիպ կառույցների համար: 1261-ին Բուրթել իշխանը խաչքար է կանգնեցրել իր մոր` Թամթա խաթունի հիշատակին:

1273
-ին Նորավանքում է թաղվել Թավրիզում վախճանված Իշխանաց իշխան Սմբատը, որի գերեզմանի վրա 1275-ին Տարսայիճ իշխանը ճարտարապետ Սիրանեսի ձեռքով կառուցում է Սբ. Գրիգոր եկեղեցի-տապանատունը` Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցուն հյուսիսից կից:

1287
-ին Սյունյաց իշխան դարձած Ստեփանոս Օրբելյանը Նորավանքում ավարտել է «Պատմություն նահանգին Սիսական» աշխատությունը, «Ողբ ի կաթողիկե» պոեմը, նրա պատվերով 1302-ին Մոմիկն Ավետարան է նկարազարդել: Ստեփանոս Օրբելյանը թաղվել է վանքի գավթում: Նրան հաջորդած հորեղբոր` Լիպարիտ իշխանի որդի Հովհաննես Օրբելյանի պատվերով Մոմիկը 1321-ին կառուցել է Արենիի Սբ. Աստվածածինը, Նորավանքում խաչքար կերտել, ընդօրինակել բազմաթիվ ձեռագրեր: Սբ. Գրիգոր տապանատուն-եկեղեցում են թաղված նաև Էլիկում, Բուղդա իշխանները: Վանքի տարածքում է թաղված նաև Մոմիկը:

Մոմիկը 1331-1339 թթ. Բուրթել իշխանի պատվերով կառուցում է Սբ. Աստվածածին երկհարկ-եռաստիճան եկեղեցին` Բուրթելաշենը: Այն կառուցված է բաց կարմրավուն քարից: Առաջին հարկը կիսագետնափոր է, արտաքուստ քառանկյունի, ներքուստ խաչաձև: Սա ծառայել է որպես դամբարանատեղի: Մուտքն արևմուտքից է, որն աստիճաններով տանում է դեպի ներքև: Այս մուտքի 2 կողմերից դեպի 2-րդ հարկ են տանում 13-ական քարե աստիճաններ, որոնք կառուցվելու ժամանակ ագուցված են պատի մեջ: Այս հարկը եկեղեցի է, ունի սեղան:
Գմբեթը 1840 թ. երկրաշարժից փլվել է, սակայն այժմ վերանորոգված է: Այն սյունազարդ ռոտոնդայով է, որի սյուներին պատկերված են բարձրաքանդակներ: Նրանցից մեկը վրա երկար շորերով և գոտեկապ, թագազարդ մի տղամարդ է. դա եկեղեցին կառուցել տվող Բուրթել իշխանն է` եկեղեցու մանրակերտով, իսկ մյուսը Բեշքեն իշխանն է` պատկերված ողջ հասակով: Continue reading