Վայոց Ձորի թեմ

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ. ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԸ` ԳԻՆՈՒ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Advertisements

 

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց օգոստոսի 12-ին:

Վայոց Ձորի մարզի բոլոր գործող եկեղեցիներում տոնախմբվեց այս տոնը: Տոնի օրը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Սբ. Պատարագ, որի ընթացքում Տեր Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին և ողջ քրիստոնեական սրբազան ավանդության մեջ փառաբանված ու օրհներգված Սուրբ Տիրամոր կերպարին` իբրև սրբության և մաքրության, խոնարհության, հնազանդության ու հավատարմության կենդանի օրինակ յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

Հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն, որը նախագահեց Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Այնուհետև եկեղեցու բակում ելույթ ունեցան Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի Հայոց լեզվի և գրականագիտության խմբակի սաները, ովքեր ներկայացրին միջոցառում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին:

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա թեմի կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրին տոնի իմաստն ու խորհուրդը,  ինչպես նաև գրաբարով արտասանեցին Մարիամ Աստվածածնին նվիրված հայ հին և միջնադարյան քնարերգության բարձրարվեստ նմուշներից:

Զոյա Սարգսյանը հանդես եկավ երաժշտական յուրովի կատարումներով: Ներկաներին Առաջնորդ Սրբազան Հոր օրհնությունները փոխանցեց Հայր Զարեհը, ով շնորհավորեց թեմի սաներին, ինչպես նաև անդրադարձավ տոնի խորհրդին` աղոթքով եզրափակելով խոսքը:

Միջոցառումն ավարտվեց ժողովրդական երգերի կատարմամբ, որի հնչյունների ներքո ներկաները ճաշակեցին օրհնված խաղող:

Խաղողօրհնեքի արարողություն տեղի ունեցավ նաև Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում: Համայնքի բնակիչների խաղողն օրհնեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

 Խաղողօրհնեքը՝ գինու հայրենիքում

 Խաղողօրհնեքի տոնն առավել խորհրդանշական է արենցիների համար, քանի որ գինու հայրենիքում գինին կարելի է պատրաստել միայն խաղողի օրհնությունից հետո:

Ժամը 14:00-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում նույնպես տեղի ունեցավ Խաղողօրհնեքի արարողություն՝ ձեռամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի:

Տոնին ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Արենիի համայնքի ղեկավար Ժիրայր Եղյանը, Գետափի համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանը, շատ արենցիներ, հարակից գյուղերի բնակիչներ և այլք:

Աբրահամ Սրբազանը խաղողի օրհնությունից հետո ողջունեց ներկաներին, ներկայացրեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի սկզբնաղբյուրն՝ ըստ Նոր Կտակարանի և բերքի օրհնության խորհուրդը: Այնուհետև մարզպետ Էդգար Ղազարյանը տոնի առթիվ շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով մարզի բնակիչներին առատ բերք ու բարիք:

Արենիի եկեղեցու բակում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցան Գետափի (գեղ. ղեկավար՝ Կնյազ Հարությունյան) ու Խաչիկի պարային համույթները, ինչպես նաև Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու կանանց երգչախումբը: Խաղողօրհնեքից հետո այստեղ պատրաստվում են մեծ շուքով նշել գինու տոնը:

Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին ներկաներին:
Տոնին հաջորդող օրը Մեռելոց է: Մարզի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սբ. Պատարագ:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` հանգուցյալների հոգիների խաղաղության համար:


Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

 

Advertisements