Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԵՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Advertisements

Այս տարի օգոստոսի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և կատարվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Աստվածամոր կյանքի նկարագրությունը, բացի ավետարանական մի քանի պատմություններից, մեզ է հասել եկեղեցու ավանդությամբ:

Հայ Եկեղեցու սրբերի շարքում առանձնակի դերակատարություն ունի Սբ. Տիրամայրը` որպես առաքինի, գթառատ մոր, սիրո ու հավատի մարմնացում ու նաև Աստծո և արարածների միջև անկրկնելի բարեխոս:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մոտ 15 տարի նա ապրեց Հովհաննես առաքյալի խնամատարության տակ: Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Տիրամոր առջև  հայտնվում է Գաբրիել հրեշտակը, ով տարիներ առաջ ավետել էր Հիսուսի ծննդյան մասին: Իսկ այժմ եկել էր հայտնելու, որ շուտով կավարտվի նրա երկրային կյանքը: Լսելով այդ մասին` Տիրամայրը վերջին անգամ ելնում է Ձիթենյաց լեռը` աղոթելու, ապա վերադառնում տուն: Առաքյալները գալիս են Մարիամին հրաժեշտ տալու, որոնց ներկայությամբ էլ նա հոգին ավանդում է:

Թաղմանը չի մասնակցում միայն հայոց առաքյալը` Բարդուղիմեոսը, ով բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի մասին` նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզման, որպեսզի  վերջին անգամ տեսնի և իր որդիական սերն ու հարգանքը մատուցի Տիրամորը: Երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարը` Սբ. Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Այդ պահին երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է, թե Աստվածածնի մարմինը երկինք փոխադրվեց: Ձայնը պատվիրում է, որ Սբ. Կույսի կենդանագիր պատկերը Բարդուղիմեոսին հանձնեն, որպեսզի նրանով մխիթարվի և տանի այն երկիրը, ուր պիտի գնար քարոզելու:

Ըստ ավանդության` Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչվող վայրում: Այստեղ հետագայում Սբ. Աստվածածնի անունով եկեղեցի է կառուցվում: Աստվածամոր  երկրավոր  կյանքի վախճանը «ննջում» է անվանվում՝  հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը:

 Եկեղեցու հայրերը, հաստատելով Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, այն տոնել են Երուսաղեմում: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվել է Գեթսեման, այն վայրը, ուր գտնվում էր Աստվածածնի գերեզմանը:

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:
Հին Ուխտում (Բ Օրենք ԻԶ 1-10) տարվա առաջին բերքը տարվում էր տաճար եւ ընծայվում  Աստծուն: Ըստ օրենքի՝ դրանք ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղն էին եւ այլն:

Այդ նվիրատվության  արարողությամբ մարդիկ իրենց  երախտագիտությունն էին հայտնում Աստծուն: Խաղողօրհնեքի ընթացքում կարդացվում է Սբ. Ներսես Շնորհալու աղոթքը: Աղոթքում հիշատակվում է, որ Աստված ստեղծեց  բուսականությունն ու ծառերը, ապա Ադամին  ու Եվային պարգեւեց ամբողջ  դրախտը, բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ երկիրը նրանց պատճառով անիծվեց: Սակայն Աստվածորդու աշխարհ գալով անեծքի կապանքը վերացավ, եւ մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան ծառայությունից:

Իսկ թե ինչու՞ է հայոց մեջ օրհնվող պտուղը խաղողն ընտրվել, բացատրվում է  նրանով, որ Նոր Կտակարանում  Քրիստոսն Իրեն որթատունկին նմանեցրեց, եւ, բացի այդ, պտուղներից խաղողն էր, որ վերջին ընթրիքին  գինու տեսքով ծառայեց Նրան՝  որպես  Նրա Սուրբ Արյան խորհրդանիշ:

Խաղողօրհնեքն առհասարակ Աստծուց  մարդուն պարգեւած բերքի՝ բոլոր տեսակի պտուղների օրհնությունն է:

Տոնին հաջորդող օրը Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան կարգ՝ հանգուցյալների հոգիների խաղաղության համար, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

Advertisements