ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՏԱԹԵՎ


Սույն թվականի օգոստոսի 24-25-ը  դեպի Տաթևի վանք կազմակերպված ուխտագանցությունը տարբերվում էր նախորդներից : Առաջին  անգամ Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միությունը համագործակցում էր  Հայ Եկեղեցու համաշխարհային  երիտասարդական  կազմակերպության (ՀԵՀԵԿ) հետ: Ուխտագնացությանը մասնակցում էին  Արարատյան, Կոտայքի, Վայոց ձորի   և   Սյունաց թեմերի Երիտասարդաց միությունները:


ՀԵՀԵԿ –ի ուխտավորներին Երիտասարդաց միությունը միացավ Եղեգնաձոր քաղաքում: Եղեգնաձորում Սբ. Սարգիս  եկեղեցու  հոգևոր հովիվ` արժանապատիվ  Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը, կատարեց ուխտվորների օրհնության կարգ և բարի ճանապարհ մաղթեց  բոլորին: Ճանապարհին մենք ուխտավորներս, երգեցինք հոգևոր երգեր   և պատմեցինք զանազան հետաքրքիր պատմություններ: <<Սատանի>> կամուրջի մոտ կանգ առանք,  ճաշեցինք  և Տաթև  բարձրացող մնացյալ  ճանապարհը  շարունակեցին  ոտքով: Հուրախություն բոլորիս` մեզ ուղեկցում էր  նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  միաբան  Տեր Եղիշե վրդ. Ավետիսյանը: Բոլորի ոգևորությունը շատ մեծ էր:

Ամենքը  քաջ գիտակցում էին , որ Տաթևի սուրբ կամարների  ներքո  դեռ հնչում են Որոտնեցու, Տաթևացու, սրբարար աղոթքի  հնչյունները, և մամռապատ  պատերը `ասես սպունգներ, ներծծել են << Տեր ողորմեա>>-ի և << Հայր մեր>>  հնչյունները  և ամեն վարկյան   պատրաստ են հագեցնելու այն ուխտավորներին, որոնք կմտնեն տաճար, ծնկի կգան ու կաղոթեն: Տեղ հասանք երեկոյան:  Մեզ դիմավորեց  վանահայր` հոգեշնորհ Տ. Միքայել աբեղա Գևորգյանը և իր օրհնությունը տվեց մեզ : Այնուհետև մասնակցեցինք  երեկոյան ժամերգությանը, որից հետո վանքի սեղանատանը  Հայր Սուրբի հետ: Ընթրիքի ընթացքում  Հայր Սուրբը խոսեց ուխտագնացության  և աղոթքի մասին և ասեց, որ ամեն մի ուխտագնացություն մեկ աստիճան է դեպի Աստված:

This slideshow requires JavaScript.

Ամեն մեկն իր  հոգու խորքում ասես փառք տվեց Աստծուն, որ իրենց հնարավորություն տրվեց աղոթք բարձրացնել Տաթևի սւորբ կամարների ներքո: Հաջորդ օրը` վաղ առավոտյան, երիտասարդ ուխտավորներով մասնակցեցինք սւորբ պատարագի արարողությանը և հիացմունքով լսեցինք օրվա քարոզը: Սուրբ հաղորդությունը ճաշակելուց հետո երիտասարդ ուխտավորներով եկեղեցուց դուրս եկանք վերանորոգված ու նոր մարդ դարձած: Հասնում էր պահը բաժանման . յուրաքանչյուրս խոր զգացումով պտտվեցինք Տաթևի համալիրի  տարածքում , որտեղ ամեն մի քար   իր դրոշմն էր թողնել մեր հոգում:  Ապա խմբվեցինք վանահայր հայր  Միքայելի շուրջը և ստանալով նրա օրհնությունն ու մաղթանքը` ճանապարհ ընկանք դեպի տուն Եղեգնաձոր: Ու թեև հեռանում էինք Տաթևից, սակայն վանքը Տաթևացու շուրթերով  մեր հետևից պատգամ էր հղում մեզ, որը մեղմ արձագանք էր գտնում մեր հոգիներում:  <<Աղոթքը և’  մարմին է, և’ հոգի: Մարմինն աղոթքի խոսքերն են, որոնք լսելի են, իսկ հոգին  սրտից դուրս եկող  և Աստծոն հաճո իղձն ու սերն է>>: (Գրիգոր Տաթևացի)

Վայոց ձորի թեմի

Երիտասարդաց միություն

Advertisements