ԳՆԴԵՎԱՆՔ


Գնդեվանքը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից արևմուտք, Արփա գետի ձախ ափի ձորալանջին: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի` Գնդեվանքը 10-րդ դարում հիմնադրել է Վասպուրականի թագավորության հիմնադիր Գագիկ Արծրունու քույրը` Սյունյաց իշխան Սմբատի կին Սոփիա իշխանուհին, ով հայտնի էր իր եկեղեցաշինությամբ: Պատմիչի վկայությամբ` իշխանուհին այցելելով իր սրբությամբ հայտնի Գնդեվան կոչվող վայրը, որոշում է այնտեղ մի վանք կառուցել, կանչում է արհեստավորներ, ճարտար քարտաշներ, առաջնորդ է նշանակում Սարգիս քահանային, շինարարության ղեկավար` նկարիչ Եղիշե երեցին, և «կանգնէ զտունն Աստուծոյ, նկարակերտ յօրինքւածօք զարդարեն զառաստաղս և զորմունս նորա… Եւ այս լիներ ի թուականին Հայոց 385 (936)»: Վանքը «մեծամեծ ճգնությամբ» հռչակված Հայր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք:

Վանքի անվան հետ կապված հյուսվել են բազմաթիվ ավանդապատումներ: Ասում են, երբ իշխանը խնդրում է իշխանուհի Սոփիայի (Սոֆյայի) ձեռքը, վերջինս, չուզենալով մերժել վերջինիս ու թշնամություն հրահրել, պայման է դնում, որ իշխանը 40 օրում Որոտանից ջրանցք կառուցի դեպի այդ վայրը, իսկ ինքը մինչ այդ այնտեղ պետք է վանք կառուցեր: Եթե իշխանը ջրանցքի շինարարությունն ավելի շուտ ավարտեր, այդ ժամանակ նա կտար իր համաձայնությունը: 39-րդ օրը գումարը չի բավարարում վանքի վերջին քարերը շարելու համար, և Սոփիան վաճառում է իր թանկարժեք գինդերը: Իշխանը, տեսնելով, որ վանքի շինարարությունն արդեն ավարտվում է, իսկ ինքը չի հասցնում ջրանցքի կառուցումն ավարտին հասցնել, դիմում է խորամանկության. 40-րդ օրն առավոտյան, երբ վարպետները դնում էին եկեղեցու վերջին քարը, ժայռից սպիտակ կտոր է փռել տալիս, որը քամուց սկսվում է ծածանվել: Սոփիան, տեսնելով ծածանվող կտորը, կարծում է` ջուր է, և հուսահատ` իրեն ցած է գցում ժայռից: Իսկ վանքը նրա գինդերի համար անվանում են Գնդեվանք:

This slideshow requires JavaScript.

Գնդեվանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936 թթ., սրբատաշ բազալտով, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով (արևելյան ավանդատները հավելվել են 10-րդ դարում): Ճակատները մշակված են «հայկական խորշերով»: Տաճարի արտաքին ծավալային կոմպոզիցիան բնութագրվում է կառուցվածքի հիմնական խաչաձև ծավալով և խաչաթևերը ձևավորող եռանկյուն խորշերով, ընդ որում արևելյան խաչաթևերում նրանք համեմատաբար ավելի մեծ չափերի են, քան մյուս ճակատների խորշերը: Խաչաթևերից վեր բարձրանում է 16 նիստ ունեցող թմբուկը: Նկարիչ Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Գմբեթի առաստաղներին չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ են, որոնք դրանց հնագույն օրինակների թվին են պատկանում: Սոփիա իշխանուհին Գնդեվանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան»:  

999 թ. վանահայր Քրիստափորը եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է Գնդեվանքի գավիթը: Այն թաղածածկ դահլիճ է, հյուսիսային կողմում ունի երկու սենյակ, որոնցից արևմտյանը եղել է գրատուն:

1008 թ. վանահայր Սարգիսը վանքապատկան անջրդի հողերը ոռոգելու համար 22 կմ երկարությամբ ջրանցք է կառուցել:
1604 թ. Պարսից շահ Աբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազի բնակիչներին տեղահան արել:

1691 թ. վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է Գնդեվանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել բուրգերով ուժեղացված պարիսպներով և նրան կից կառուցել բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել եկեղեցու ավանդատան պատին Աստվածածնի պատկերով որմնանկարը, որը ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն ստեղծագործություններից է:

Ուշագրավ է համալիրի հարավային կողմում կառուցված սեղանատունը, որը մեծ դահլիճ է` նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով:
Գնդեվանքում պահպանվել են բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, վանքի բակում կան 10-11-րդ դարերի խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: 1875 թ. բակի թաքստոցից հայտնաբերվել են եկեղեցական իրեր և սպասք, որոնց թվում` 1307 թվականի զանգ, 1691 թվականի ծնծղա և այլն: Գնդեվանքը վերանորոգվել է 1965-71 թթ.:

Advertisements