Վայոց Ձորի թեմ

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՎԱՅՔԻ ՍԲ. ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Advertisements

Խաչվերացի տոնն այս տարի առանձնահատուկ կերպով նշվեց նաև Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում: Տաղավար տոնին Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, ով բացատրեց տոնի խորհուրդն ու կարևորեց խաչի նշանակությունը մարդկային կյանքում:Պատարագի ավարտից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանի նախաձեռնությամբ և այս տարվա եկեղեցու խաչի քավոր Տիար Հակոբ Հակոբյանի բարերարությամբ Ս. Տրդատ եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում` փոքրիկ խորշի մեջ, տեղադրվեց զոհված ազատամարտիկներին նվիրված քառաթև խաչքար, որն օծվեց Վայոց Ձորի թեմի բարեխնամ Առաջնորդի՝ Գերշնորհ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի ձեռամբ:

Այնուհետև  Սրբազան Հայրն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց բարերարին և պատգամեց ներկաներին տոնի խորհրդին հաղորդ լինելով`  հավատի մեջ ամուր լինել և ապրել արժանապատվորեն Սբ. Խաչի օրհնության ներքո:

Տոնի խորհուրդն իրականացվեց նաև Ս. Տրդատ եկեղեցու հավատացյալների համար, ինչպես ժամանակին եպիսկոպոսները բարձրացրին Ս. Խաչափայտը և օրհնեցին բոլոր հավատացյալներին, այնպես էլ այժմ Խաչվերացի տոնին բարձրացվեց Սրբալույս Մյուռոնով օծված խաչքարը և իր օրհնությունը բերեց վայքեցիներին և համայն հայ ժողովրդին:

Նյութը պատրաստեց

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը

Advertisements