ՈՐՈՄՆԵՐԻ ԱՌԱԿԸ


<<Արդարները երկնքի արքայության

մեջ կծագեն ինչպես արեգակ>>:

(Մատթ. 13:43)

Որոմների առակը Հիսուսի ամենախորիմաստ առակներից մեկն է:

Այլաբանորեն խոսելով երկնքի արքայության, ճշմարիտ հավատի ու նրա վարձի՝ արդարության մասին, մեր Տերն ասում է. <<Երկնքի Արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր սրտի մեջ բարի սերմը սերմանեց: Եվ երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ ու սերմանված ցորենի վրա որոմ ցանեց>> (Մատթ. 13:24-25): Ցորենի աճին վնասող խոտաբույսը դառնահամ էր և խանգարում էր հացազգիների փարթամ աճին: Շարունակելով առակը՝ Հիսուս ասում է, որ երբ ցորենն աճում է, որոմն էլ նրա հետ, տանտիրոջ ծառաներն առաջարկում են քաղել, վերացնել որոմը: Սակայն տանտերը թույլ չի տալիս՝ ասելով.<<Ոչ, միգուցե որոմը քաղելիս՝ ցորենն էլ արմատախիլ անենք: Թող, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը: Հնձի ժամանակ հնձողներին կասեմ, որ նախ այդ որոմը քաղեն և խուրձերը կապեն այրելու համար, իսկ ցորենը հավաքեն շտեմարանների մեջ>>:

Այնուհետև Հիսուս աշակերտների խնդրանքով մեկնում է այս առակը՝ ասելով.<<Բարի սերմ ցանողը մարդու որդին է, իսկ արտը այս աշխարհն է, բարի սերմերն արքայության որդիներն են, իսկ որոմը՝ չար որդիները, թշնամին, որ այն ցանեց սատանան է, իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, հնձյալներն էլ՝ հրեշտակները>> (Մատթ. 13:37-40):

Սիրելիներս, այս առակը նշանավոր է նրանով, որ սրա միջոցով Հիսուս Քրիստոս մեկնում է աստվածային նախախնամության խորհուրդներից մեկը:

Աստծու ստեղծած այս աշխարհում, փաստորեն կողք կողքի ապրում են չարն ու բարին, ինչպես ցորենն ու որոմը: Չարերը չեն համարձակվում իրենց էությունն ուղղակիորեն բացահայտել մարդկանց, նրանք խուսափում են անգամ արևի լույսից և նախընտրում են մութն ու խավարը, քանի որ իրենց գործերն էլ <<մութ>> են ու գիշերվա պես սև: Առակում տեսանք, որ թշնամին որոմներ ցանեց գիշերը, երբ մարդիկ քնած էին: Հետևաբար, բարի մարդիկ պիտի զգուշանան չարերից, քանի որ չարը միշտ կամենում է վնասել, և երբ բարիները քչանում են կամ կորցնում զգոնությունը, չարերն անմիջապես գլուխ են բարձրացնում: Սակայն ուզում եմ վկայակոչել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի միտքը.<<Ովքեր ընկալեցին Տիրոջ ուսուցումը, կլինեն բարի սերմեր՝ այսինքն բարեգործներ, նաև սերմանողը, քանզի սերմերը առաքինություններով լի կենցաղ են խորհրդանշում… որոնք ժառանգորդ պիտի լինեն վերին արքայությանը: Իսկ որոմը չար մարդիկ են, նրանք, որոնք ուսանեցին չար ուսուցումները, որոնք չար գործերով և ծնունդով չարի որդիներ եղան, այսինքն գեհենի/ դժոխքի, որի ժառանգորդներից են>>:

Սակայն, պետք է ասել, որ չարերն ինենց չար գործերով ամենից առաջ հենց իրենց են վնասում: Եվ որքան էլ կարծեցյալ թվա, թե նրանք էլ հաջողություններ են ունենում կյանքում, փթթում ու բարգավաճում, միևնույնն է տարբեր է չարերի և բարիների վախճանը: Ըստ առակի` կգա հնձի ժամանակը և ամեն մեկն իր արժանի վարձը կստանա, իսկ մինչ այդ, տանտերը թույլ չի տալիս ձեռք տալ որոմին`ցորենին` բարի մարդկանց չվնասելու համար:

Տեղին է հիշել մեր հոգևոր հայրերից մեկի այն խոսքը, թե` թեև չարերն էլ բարիների նման Աստծու ծառա են ներկայանում, սակայն բարի մարդիկ Աստծուն ծառայում են որպես որդի, քանի որ ամեն ինչ գործադրում են Աստծու փառքի ու սիրո համար: Մինչդեռ չար մարդիկ ծառայում են որպես վարձկան: Նրանց գործերն անձնական փառքի համար են, հետևաբար նրանք արժանանում են ժամանակավոր բարյացակամության: Այսինքն` չարերի տանջանքն է մշտնջենական, իսկ բարիների` գովեստն ու բարեբանությունը:

Մատթեոս ավետարանչի խոսքերով` <<կգա ժամանակը, որ արդարները Աստծու առաջ կծագեն ինչպես արեգակը>>  (Մատթ. 13:43):

Սիրելիներ, արդարության այս շենշող լույսով լուսավորենք մեր կամքը, սիրտն ու հոգին: Այս մեծ առաքինությամբ` արդարությամբ ապրենք մեր այս կյանքի բոլոր օրերում և, իբրև արդարության ցորենահատիկ, ծիլ տանք աստվածահաճո, արմատախիլ անելով մեր շուրջն աճող այդ չարաբաստիկ բույսը` որոմը, որը չարն է, անգթությունն ու անողջախոհությունը:

Ամենակալ Աստծու շնորհով զորանանք բոլորս, ամեն:

Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյան

Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s