ՏՈՆ ԽԱՉԻ ԳՅՈՒՏԻ


Տ. Զարեհ վարդապետ ԿաբաղյանԸստ  տոնացուցային ընթացքի` Խաչին նվիրված վերջին` չորրորդ տոնն է Խաչի գյուտը: Այն թե’ ժամանակային և թե’ իմաստային առումներով հաջորդում է Վարագա խաչի տոնին, քանի որ նվիրված է Խաչափայտի երկրորդ գյուտին և տոնվում է Վարագա խաչի տոնից հետո:

Խաչի գյուտը միաժամանակ սերտորեն կապված է Խաչվերացի տոնի հետ, քանի որ Խաչվերացի տոնի նախընթաց և հաջորդող օրերը հարաբերվում են Խաչափայտի երկրորդ գյուտի և դրանից հետո Հեղինե թագուհու կառուցած եկեղեցիների հիշատակության հետ:

Խաչի այս երկրորդ գյուտը տեղի է ունենում 327թ., երբ Երուսաղեմ է գալիս Կոստանդիանոս Մեծի մայրը` Հեղինե թագուհին: Իմանալով, որ Երուսաղեմի Հուդա անունով բնակիչներից մեկը գիտի Խաչափայտի տեղը` նրա օգնությամբ գտնում է Սուրբ Խաչը, որը Խաչի առաջին գյուտից հետո տարել և թաղել էին Գողգոթայի աղբյուսներում:

Հեղինեն երբ պահանջում է փորել այդ աղբյուսները, գործավորները խուսափում, ապա և դժկամությամբ դանդաղորեն են աշխատում, ուստի Հեղինե թագուհին պատվիրում է այդ աղյուսների վրա ոսկի և արծաթ լցնել, որպեսզի դրանք վերցնելու համար փորեն և խորանան ներքև, որից հետո <<պեղեցին վաղվաղակի>>: Այս պատմության մեջ ևս ասվում է, որ երեք խաչափայտերը միասին են գտնվում, և դարձյալ մեռյալին հպելով են պարզում, թե որն է Քրիստոսինը:

Ասվում է, որ  երբ գտնվում են երեք խաչափայտերը, այդ ժամանակ մի մահացած պատանու էին տանում թաղելու, և Հուդան, մոտենալով այդ պատանու դագաղին, ասում է . <<Տէ՛ր իմ, Յիսուս Քրիստոս, մարդացեալ Բանդ Աստուած, ի Սուրբ Մարիամայ, ցոյց արդ զզօրութիւն Սրբոյ Խաչի Քո փրկականի առաջի թագուհոյն և բազմամբոխ ժողովրդեանս>> (Յայսմաւուրք, էջ 573):

Այս խոսքերից հետո երևում է Ս. Խաչի զորությունը: Մեռած պատանուն երբ մոտեցնում են ձախակողմյան ավազակի խաչը, այն ոչ մի ազդեցություն չի թողնում մահացածի վրա, քանի որ այդ ավազակը,  խաչափայտի վրայից դիմելով Հիսուսին, ասում է.<<Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր Ինքդ Քեզ և մեզ>>(Ղուկ. ԻԳ 39): Ապա հաջորդ խաչն են դնում պատանու վրա, և նա բացում է մի աչքը և աջ ոտքն է շարժում, որից իմանում են, որ դա աջակողմյան ավազակի խաչն է, քանի որ այս ավազակը խաչի վրայից սաստեց ձախակողմյան խաչի ավազակին՝ ասելով.<<Աստծուց չե՞ս վախենում դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել>>: Այս ավազակը, դիմելով Հիսուսին, այնուհետև ասում է.<<Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո թագավորությամբ>>: Հիսուս այս ավազակին ասում է. <<Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես>>(Ղուկ. ԻԳ 39-43): Եվ  վերջապես, երբ երրորդ խաչն են մոտեցնում, պատանին կենդանանում է և երկրպագում Ս. Խաչին, որը տեսնելով հավատքի է գալիս հրեաների և հեթանոսների բազմությունը:

Continue reading

Advertisements