ՋԵՐՄՈՒԿԻ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ


Ս. Գայանե կույսի անունը կրող Ս. Գայանե եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Կառուցվել է 2007 թ.՝ բարերարությամբ Աշոտ Արսենյանի և օծվել է 2007 թ. նոյեմբերի 17-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Եկեղեցու ներսում՝ արևմտյան դռան վերևում, գրված է կառուցման մասին արձանագրությունը.<<Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգնի Բ եւ յառաջնորդութեան Տ. Աբրահամայ եպս-ի կառուցաւ զեկեղեցիս Ս. Գայանեայ բարերարութեամբ Աշոտ Արսենեանի ի թիվ 2007 ճարտարապետ Սամվել Աղաջանեան>>:

Ս. Գայանե եկեղեցին պարզ գմբեթավոր փոքրիկ եկեղեցի է, ունի մեկ խորան, մկրտության ավազան, երկու ավանդատուն, երկու փայտաշեն դռներ` արևմտյան և հարավային կողմերում: Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 8 նեղ ու փոքրիկ լուսամուտների ու մեկ մեծ ջահի շնորհիվ:

This slideshow requires JavaScript.

Եկեղեցին ներսից զարդարված է վեց մեծ սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Քրիստոսի խաչելության, հայոց դարձի, Ս. Աստվածածնի և Ս. Գայանե կույսի նկարները: Գմբեթի կաթողիկեի ու չորս սյուների միջև պատկերված են չորս ավետարանիչների որմնանկարները, իսկ գմբեթի մեջ գրված է. <<Փառք Քեզ Տեր Աստված մեր, որ լսեցիր մեր Աղոթքը>>:

Ս. Գայանե եկեղեցին ունի տարվա մեջ երկու ուխտի օր. Եկեղեցու օծման օրը` նոյեմբերի 17-ը և Ս. Գայանե կույսի հիշատակման օրը:

Այժմ եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Գալուստ քահանա Սահակյանը:

 Նյութը պատրաստեց Տեր Բարդուղիմեոս

քահանա Հակոբյանը

Advertisements