ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔԻ ԳՐԱՎԱԿԱՆ


«Բարեհաջող է ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են և միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, մինչև որ այր ու կին չեն երևում իբրև երկու տարբեր անձ, այլ մի հոգի`բնակված երկու մարմնի մեջՆաև ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, միմյանց մխիթարող ու օգնող, այնպես, որ ապրում են ոչ այլ բանի, եթե ոչ միմյանց օգտակարության ու հաճելի լինելու համար», ահա քրիստոնեական ընտանիքի կատարյալ մի օրինակ, որ մեզ է փոխանցում Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցին, ընտանիք, որտեղ իշխում է սերը և համերաշխությունը, ամուսինների միմյանց նկատմամբ հոգատարությունն ու փոխօգնությունը:

Գաղտնիք չէ, որ հասարակության հենքն ընտանիքն է, իսկ առողջ ընտանիքը բարեկեցիկ և ուժեղ պետության գրավականը: Ցավոք սրտի մերօրյա աշխարհը շատ է նյութականացել, փոխվում են արժեքները և այդ ամենն իր բացասական կնիքն է թողնում ընտանիքների վրա: Այլևս ընտանիքը շատերի համար այն սրբազան վայրը չէ, որին պետք է նվիրվել անմնացորդ, գնալ զոհողությունների և պատասխանատվություն կրել նրա համար: Ամուսինների պատասխանատվությունը մեկը մյուսի, երեխաների հանդեպ, ինչպես նաև երեխաների պարտականությունները ծնողների հանդեպ այն առանցքային պայմաններից են, որոնք ապահովում են ընտանիքի բարեկեցիկ և ապահով գոյությունը:

This slideshow requires JavaScript.

Երիտասարդը, ով պատրաստվում է ընտանիք կազմել նախապես պետք է իր մեջ կրի այդ պատասխանատվության զգացումը: Այս զգացումը երիտասարդներին նախ և առաջ պետք է փոխանցեն ծնողները թե’ տեսական և թե’ գործնական հանգամանքներում: Բայց հարց է ծագում, արդյոք ծնողները լրջորեն են նախապատրաստում իրենց զավակներին այս կարևոր քայլից առաջ:

 Կարծում ենք` այսօրվա վիճակագրական տվյալները ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ լիովին պատասխանում են մեր հարցին:

Ամուսնալուծությունների թիվը, հատկապես երիտասրդների մոտ, այսօր հասել է ապշեցնող չափերի: Ամենախոցելի խումբը այս հարցում 18-25 տարեկաններն են, որոնց մոտ դիտարկվել է ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը (Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2010թ. գրանցված ամուսնությունների քանակը 2009 թ-ի համեմատ նվազել է 4.2 %-ով և կազմել 17984, իսկ ամուսնալուծությունների քանակն աճել է 5.9%-ով և կազմել 2997 (1000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 167 դեպք, 2009 թ-ին`151):

Պատճառները բազմազան են` սոցիալական, հոգեբանական, նյութապաշտական և այլն: Մեր ընտանիքներն այսօր կարիք ունեն պաշտպանության, երիտասարդները, ովքեր պատրաստվում են նոր ընտանիքներ կազմել, կարիք ունեն լուրջ նախապատրաստության, որով պետք է զբաղվեն թե’ ընտանիքը, թե’ դպրոցը, թե’ եկեղեցին և թե’ պետությունը: Պետք է օգնել երիտասարդներին գիտակցելու օրինակելի ընտանիքի արժեքը, դերը և կարևորությունը: Եթե ոչինչ չարվի,  այս վիճակն առավել պիտի խորանա և վերածվի ճգնաժամի: Երիտասրդների մի զգալի մասը պիտի ամուսնանա և բաժանվի և Աստված մի արասցե, որ ամուսնալուծությունների տոկոսը շարունակի աճել, իսկ դրա վտանգը կա: Այս վիճակի վատթարացումն էլ ավելի կբարոյազրկի մեր հասարակությանը և կվտանգի հիմքերը մեր պետականության:

Երիտասարդներին օգնելու և նրանց մեջ քրիստոնեական առողջ ու ամուր ընտանիքի վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու կարևորությունից դրդված Վայոց Ձորի թեմը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի <<Կլոր սեղան>> բարեգործական կազմակերպության աջակցությամբ, Եղեգնաձոր համայնքի երիտասարդների շրջանում իրականացրեց հանդիպումների մի շղթա, որն ուղղված էր վերոհիշյալ խնդիրների վերհանմանը: Մոտ 400 երիտասարդների հետ կայացած հանդիպումների ընթացքում ներկաները վերլուծեցին ստեղծված իրավիճակը, դրանց պատճառները, փորձեցին ելքեր գտնել, ծանոթացան քրիստոնեական ընտանիքի ճիշտ կառուցվածքին: Լիահույս ենք, որ ապագայում, այս հանդիպումները կնպաստեն մեր համայնքում քրիստոնեական կարևոր արժեքներով շաղախված կայուն ընտանիքների ստեղծմանը:

Երիտասարդները հստակ պետք է գիտակցեն, որ ամուսնությունը նախ և առաջ պատասխանատվություն է զուգընկերոջ, ծնողների, համայնքի և պետության առաջ: Ընտանիքն անմնացորդ նվիրում է, հաճախ մեզ համար ոչ ցանկալի զոհողություններ պահանջող: Որքանով, որ երիտասարդը պատրաստ է պատասխանատվություն վերցնել իր վրա և գնալ զոհողությունների, այնքանով ավելի ամուր կլինի նրա ընտանիքը:

Աստված օրհնի մեր ընտանիքները:

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան

Եղեգնաձորի հոգևոր հովիվ

 

Advertisements