Ճանաչենք 451թ.Ավարայրի ճակատամարտում նահատակվածների վայոցձորյան քարե հիշատակները



This slideshow requires JavaScript.

Ինչպես պատմությունից մեզ հայտնի է, հայոց կյանքը հարուստ է բուռն իրադարձություններով: Խաղաղ, ստեղծագործ աշխատանքին բազմիցս փոխարինել են պատերազմները և հայ մարդը իր կամքից անկա

խ արարելու փոխարեն իր հայրենիքն է պաշտպանել: Այսպիսի վառ օրինակներից մեկն Ավարայրի հերոսապատումն էր, ուր միմյանց դեմ ելան հավատի ու հավատուրացության, հայրենիքի և ստրկացման իրարամերժ գաղափարները: Ավարայր էին եկել ոչ միայն հայոց ռազմական  ուժը, այլ նաև մտքի ու հոգու, լույսի ու Ավետարանի, հողի ու հայրենիքի մշաակները:

Ավարայրի սուրբ պատերազմի մասին խոսելիս անհրաժեշտ է հիշել Վայոց Ձորի տարածքում տեղի ունեցած ճակատամարտերը, որոնց մասին հիշատակվում են պատմիչներ Եղիշեի, Ստեփանոս Օրբելյանի և այլոց գործերում:

451թ. Ավարայրի ճակատամարտից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց Ձոր՝ այնտեղից Արցախ անցնելու համար: Պարսկական զորքն սկսում է հետապնդել: Հայկական զորքը հասնում է Սրկղոնք /հետագայում՝ Խոտորալեզ, ներկայիս՝ Եղեգնաձոր/ բնակավայր և ամրանում մեծ ու կոփածո քարերով կառուցված բերդում: Մեծաթիվ պարսկական զորքը շրջապատում է բերդը: Սկսվում է նոր մի ճակատամարտ, փաստորեն, Ավարայրի շարունակությունը: Չկարողանալով հաղթել, հայերը ճեղքում են պարսիկների շրջապատումը և շարժվում դեպի Վայոց Ձորի լեռները՝ Եղեգյաց ձոր-Անգեղաձոր-Արտաբույնք-Ցախաց քար ուղղությամբ:

Նախ ասենք, որ Վարդանանց պատերազմի ժամանակ՝ 451թ. Հայոց կաթողիկոսն էր Հովսեփ Վայոցձորեցին (ծնված Վայոց Ձորի Հողոցիմ գյուղում), որին 454թ. Տիզբոնում տեղի ունեցած դատավորության ընթացքում համարձակ ելույթից հետո Ղևոնդ երեցի և մյուսների հետ գազանաբար սպանում են Նյուշապուհ քաղաքի մոտ:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Վարդանանց պատերազմից հետո հայկական ջոկատներին հետապնդող պարսից զորքը շարունակ հարվածներ է հասցնում նրան տարբեր վայրերում: Այդպիսի չորս տեղ կա Վայոց Ձորում: Առաջին ամենամեծ բախումը տեղի է ունեցել ներկայիս Եղեգնաձորի <<Քյոշք>> ամրոցի մոտ:

Ստեփանոս Օրբելյանը գրում է. <<Հասնելով Վայոց Ձոր գավառի մեջտեղը, Եղեգիս և Մոզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի մոտ / խոսքը <<Քյոշք>> -ի մասին է, որի՝ մեծամեծ քարերով կառուցված եռաշարք պարիսպները կանգուն են մինչև այսօր /մեծ արյունահեղություն արեցին>> /Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 107, Երևան 1986թ./: Հայ մարտիկները թշնամուն հերոսաբար դիմադրում են, կոտորում պարսիկներին, սակայն իրենք էլ են զոհեր տալիս: Ապա, ճեղքելով շրջապատումը՝ նահանջում են դեպի հյուսիս:

461թ. կաթողիկոս է ընտրվում Գյուտ Արահեզացին, ով Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր, դասընկերը Հովսեփ Վայոցձորեցու: Գյուտ կաթողիկոսը պատվիրում է, որ ամենուրեք պատվով պահվի Վարդանանց նահատակների հիշատակը՝ սերունդներին Վարդանանց ոգով դաստիարակելու համար: Վարդանանց նահատակները հայտարարվում են Հայ Եկեղեցու սրբեր: Դա, փաստորեն, գաղափարական հիմքն էր ու սկիզբը Վահանյան շարժման, որ հաղթանակով պսակվեց Նվարսակի դաշնագրով: Ահա, Գյուտ կաթողիկոսի այս նախաձեռնության շնորհիվ է, որ Վայոց Ձորում տեղի ունեցած ճակատամարտի վայրում, բերդին կից, կառուցվում է Վարդանանց գեղակերտ եկեղեցին՝ սրբատաշ ու երկգմփեթ, երկու կողմերից գավիթներ ու սրահներ, սյունազարդ վերնատնով հրաշակերտ մի կառույց: Միայն այն վկայությունը, որ եկեղեցին օծում են Գյուտ կաթողիկոսն ու Սյունյաց Անանիա եպիսկոպոսը և ութ օր <<բազմամբոխ ժողովրդով>> տոնախմբություններ են կատարում, կազմակերպում նահատակների ոսկորների հուղարկավորությունը եկեղեցու և բերդի տարածքում, վկայում է կատարվող իրադարձության համազգային նշանակությունը:

Օրերս Եղեգնաձորի <<Գիտելիք>> համալսարանում տեղի ունեցավ << Ճանաչենք 451թ.Ավարայրի ճակատամարտում նահատակվածների վայոցձորյան քարե հիշատակները>> խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը,  որը կազմակերպվել էր Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության կողմից:

Վարդանանց պատերազմում Վայոց Ձորում նահատակվածների հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը,  <<Վարդաձոր>> թերթի խմբակիր Սվետլանա Դովլաթյանը, <<Գիտելիք>> համալսարանի դասախոսական կազմը, ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ և այլք:

Միջոցառմանը ընթացքում թեմի Երիտասարդաց միության անդամները ներկայացրին 451 թ.Ավարայրի ճակատամարտում նահատակվածների վայոցձորյան քարե հիշատակների մասին հետաքրքիր տեղեկություններ:

<<Ատգեն Արմենյան-Վայոց ձոր» երգչախմբի սաները հանդես եկան շարականների կատարմամբ՝ նվագակցությամբ գեղարվեստական ղեկավար Մարո Սիմոնյանի, իսկ գրական-երաժշտական ցերեկույթը վարեցին Էմմա Գիվարգիզյանը և Արմեն Ալոյանը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցան Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Աբրահամ Սրբազանը, ՊՈԱԿԻ-ի Վայոց Ձորի մարզային ծառայության պետ Դովլաթյան Մելանյան և Արգամ Այվազյանը:

Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորապես ասաց.<<…Հովսեփ Վայոցձորեցին մի մարդ, մի անձնավորություն էր, որը իրապես մեր մեծանուն սրբերից էր, որը Մեսրոպ Մաշտոցի սիրելի աշակերտն էր, և որն իրապես կարողացավ համախմբել ամբողջ ժողովրդին:   Հովսեփ Վայոցձորեցին թերևս մինչև այսօր ամբողջությամբ գնահատված և հասկացված չէ: Թերևս մեր մեջ ինչ-որ հեռավորություն էր գոյացել, անհասկացողություն, բայց վայոցձորեցիների համար Հ. Վայոցձորեցին պիտի իրապես դառնա այն անձնավորությունը, որը մեր ժողովրդի, մեր այդ փոքրիկ գավառի ժողովրդի համար մեծ անձնավորություններից է:     Այդ պատերազմի կարևորությունը մեզ համար նաև վերջերս հայտնաբերված Վարդանանց նահատակների եկեղեցին է, որ թերևս բոլորդ տեսել եք և գիտեք, որ Եղեգնաձորի եկեղեցու հարավային պատի մոտ գտնվեցին այդ ժամանակվա Գյուտ կաթողիկոսի կառուցած եկեղեցու հիմքերը, բայց իրապես ճիշտ ժամանակին, երբ որ պետք էր գիտակցելու Վարդանանքը, Աստված ցույց տվեց այդ նահատակների սրբությունը:

Այսօրվա համար ի՞նչ կարևորություն ունի Վարդանանց հիշատակը:

Վարդանանց հիշատակը մեր ժողովուրդը միշտ վառ է պահել, բայց հատկապես այն ժամանակ, երբ որ կարիք ենք ունեցել ազգովի գոտեպնդվելու, մեր մեջ վաղվա օրվա  հանդեպ հավատը արթնացնելու:

Այսօր մենք փորձության առաջ ենք, և լուրջ փորձության առաջ ենք, մեր մեջ կա վաղվա օրվա հանդեպ հոռետեսություն, անվստահություն և այդ է պատճառը, թերևս, որ աստվածային նախախնամությամբ Վարդանանք գալիս են ասելու, թե ինչպես ժամանակին, որ ավելի վատ, անհույս  վիճակում էր երկիրը, և որի դեմ դուրս էին եկել հսկայական անպարտելի զորքեր, որոնք պատրաստ էին գրավել, և հանկարծ, հպարտ Վարդանանք, մի խումբ ժողովուրդ, ընդամենը 60000, դուրս են գալիս նրանց դեմ և իրականում հաղթում են, քանի որ մի բան հստակ էր. հանուն հայրենիքի, հանուն հավատի, ոչ հանուն անձնական նպատակների: ԵՎ այդ նահատակության ոգին էր, այդ ամբողջական միտումն էր, որ մեզ պահեց եկեղեցում՝ որպես ազգ, որպես հայ ժողովուրդ, որպես ինքնուրույն մշակույթ ունեցող ժողովուրդ, որպես քրիստոնյա: Եվ Վարդանից հետո, Եղեգնաձորում այդ եկեղեցին կառուցելով, Գյուտ կաթողիկոսն ուղղակի ազդարարեց ոգեկոչել Վարդանանց նահատակներին՝ պատերազմը շարունակելու: ԵՎ շատ կարճ ժամանակ հետո, արդեն գիտենք, Վահան Մամիկոնյանը ընդամենը 20 տարի անց հասավ ազգային այդ երազի իրականացմանը, պարսիկները չկարողացան հասնել իրենց նպատակին, և հայ ազգը շարունակեց իր հավերժի ճամփան:

Եվ ինչպես քիչ առաջ ցույց տրված պատկերը, որ Դուք հաճախ տեսնում էիք,  այդ գոբելեն նկարը, այնտեղ եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ պատկերված էր Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Վայոցձորեցին, բայց հետո գալիս են նաև ուրիշները, գալիս են դրանից հարյուրավոր տարիներ հետո, լուսե ժամանակների մարդիկ, այնտեղ կտեսնենք Վազգեն կաթողիկոսի նկարը, որը խորհրդանիշն է այդ ամբողջ ազգի հավաքականությանն՝ որպես հավերժական Վարդանանց պատերազմ, հավերժական գոյապայքար, հավերժական հաղթանակ:

Շնորհավորում եմ Ձեզ և թող, որ այդ գիտակցությունը մնա որպես մեր ամենօրյա ապրումի, մեր վաղվա հավատի մի կարևոր առհավատչյա>>:

Այնուհետև Սրբազան Հայրն շնորհավորեց միջոցառման կազմակերպիչներին` այդ գեղեցիկ մշակութային ծրագրի համար:

Սիրան Սարգսյան

                                                                                Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի

լրատվության բաժին

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s