ԳԻՐՔ


Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան

Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան

Գիրը աստվածատուր միջոց-պարգև է, որևէ ժողովրդի գիտակցական, հոգեկան, մտային կարողությունների, մի խոսքով, իմաստության արժևորման, պայծառակերպման ու սերունդներին այդ իմաստությունը փոխանցելու համար, իսկ գրերի ոսկեզմուռս պատմուճանը գիրքն է:

Մարդու ստեղծման օրից մարդկային պատմությունը զարգացել և առաջադիմել է աստվածային հայտնության և մարդու աշխարհընկալման միաշաղկապումից: Աստվածային իմաստության և մարդկային մտքի միությունից է կերտվել Գիրք Գրքոցը, որով մեզ է փոխանցվել Աստծու շունչը. <<Թող Լույս լինի>>: Ու գիրքը դարձել է լուսո աղբյուր: Մարդը, ընդունելով այդ լույսը, սկսել է աշխարհճանաչողության աստիճանական ճանապարհով ընթանալ ու այդ երկար ճանապարհին, փորձառության շնորհիվ, զարգացել է մարդու միտքը, բանականությունը, առաջացել են գիտություններ, իսկ գիրքը հանդիսացել է այդ փորձառության ուղեցույցը, մարդկային մտքի փոխանցողը, հարստացնողը՝ մարդկային հոգու գանձանակի:

Այո, նախորդ սերունդը նորի և նորը հաջորդի համար է նախապատրաստում ապագան, իսկ պատմությունն իր հավերժական ընթացքով հիմնավորում է այն: Գիրը փաստն է քաղաքակրթության, գիրը պատմություն է քաղաքակիրթ ազգերի: Շատ հին հզոր պետություններից՝ Բաբելոնից, Աքքադից, Աթենքից, Հռոմից մնացին ավերակներ, բայ և միևնույն ժամանակ մեզ, սեպագրերի, պապիրուսների, մագաղաթների միջոցով փոխանցվեց հենց ժամանակի միտքը, որի վրա կառուցվեց նորն ու առաջադիմականը: Ընթացավ պատմությունը, և Արարիչ Աստծու Որդին, մարդկային մարմին առնելով, վերակառուցեց մարդկանց շեղված մտքերից խոնարհված հոգու տաճարները: Աշխարհում տարածվեց Քրիստոսի աստվածսիրության ու մարդասիրության գաղափարախոսությունը: Բայց Տիրոջ պատվիրանները, պատգամներն ու ուսուցումները չէին կարող դարեդար փոխանցվել, կատարելության հասնել միայն բանավոր խոսքով, ուստի նրա աշակերտները գրի վերածեցին Տիրոջը վերագրվող նվիրական պատումները, լրացվեց Գիրք- գրքոցը, որի միջոցով լայն տարածում գտավ Քրիստոնեությունը: Այն նաև իր առաջնորդող դերն ունեցավ եկեղեցու դավանաբանության, աստվածաբանության ու Սուրբ գրականության ձևավորման ու զարգացման գործում:

Continue reading

Advertisements