ՈւՍՈՒՑՉԱՑ ՀԱՎԱՔ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 30-ին  Վայոց ձորի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ  <<Հայոց եկեղեցու պատմության>> ուսուցիչների  հերթական սեմինար-հանդիպումը:

Հավաքը սկսվեց աղոթքով, ապա փոխառաջնորդ  Զարեհ վարդապետ  Կաբաղյանը շնորհակալություն հայտնեց նախորդ ժողովի ընթացքում հաստատված  գրերի գյուտին և գրատպությանը նվիրված մշակութային միջոցառումներ և այս ծրագրի շրջանակներում ցուցահանդեսներ բոլոր դպրոցներում կազմակերպելու համար:

Այնուհետև Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն` Ռ. Կարապետյանի  առաջարկով յուրաքանչյուր ուսուցիչ ներկայացրեց իր կատարած աշխատանքը: Ապա Եղեգնաձորի առաջին հիմն. դպրոցի  Հայոց եկեղեցու պատմության  ուսուցչուհի Նարինե  Գրիգորյանը ուսուցիչներին նեկայացրեց ամփոփիչ դասի մեթոդի օրինակ.  եղան բուռն քննարկումներ,  ուսուցիչներն  իրենց առաջարկություններով հանդես եկան:

Continue reading

Advertisements

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿ


This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 29-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում  հովանավորությամբ առաջնորդ  Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի և <<ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ>>  երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր  նախագահ` Էլմիրա  Պողոսյանի նախաձեռնությամբ բացվեց  <<Մանկության մոլորակ>> խմբակը:

  Թեմի փոխառաջնորդ  Զարեհ վարդապետ Կաբաղյանն օրհնեց սրահը, ողջունեց ներկաներին, բոլորին փոխանցեց առաջնորդ Սրբազան Հոր օրհնությունները և կարևորելով խմբակի  գործունեությունը`  նախաձեռնողներին մաղթեց  ուժ և կորով :

Այստեղ արվում է ամեն ինչ մանկությունն առավել ուրախ ու պայծառ դարձնելու համար: Փոքրիկներին տրամադրվում են ինքնադրսևորման ամենաանվտանգ ու գունագեղ միջոցները` մատիտներ, գուաշներ, ծեփամածիկ (պլաստիլին) և այլ պարագաներ: Երկուսուկես տարեկանը լրացած յուրաքանչյուր երեխա կարող է դառնալ “Մանկության մոլորակի” լավագույն ընկերը:

Continue reading

ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈԻԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆԸ


<<Քո Տեր Աստծուն պիտի երկրպագես և Նրան միայն պիտի պաշտես>> /Ղուկ. 48/:

Աստվածահնչուն այս խոսքերը մեր Տիրոջ հաղթական պատասխանն է փորձչին՝ չարին, ով թագավորություններով, իշխանություններով, հարստություններով փորձում էր գայթակղել Աստվածորդուն, հեռացնել նրան իր սրբազան առաքելության ճանապարհից: 2000 տարուց ավելի չարի այս փորձությունը խաթարում է մարդկային կյանքի ուղիղ ընթացքը` փորձելով հեռացնել մարդուն Աստծուց և հավիտենական կորստյան մատնել նրան: Այս գայթակղությամբ է, որ աշխարհն այսօր էլ Աստուծո փոխարեն պաշտում է նյութը, դրամը, ոսկին, դրանք կուռք դարձնում և դրանց երկրպագում:

Ու՞ր է տանում այս ամենը մարդկանց, իհարկե, կործանման: Նյութապաշտությունը, վերացնելով մարդու բարոյական նկարագիրը, վերածում է նրան առաքինազուրկ, անդեմ, դժբախտ, նվաստ արարածի, ու այս արածն իր արծաթասիրության մղումները բավարարելու համար դառնում է եսասեր, անձնակենտրոն, հաճոյասեր, ագահ:

Այսօրվա ընթերցված ավետարանական հատվածում էլ մեր Տեր Հիսուս <<Անմիտ մեծատունի>> առակի մեկնաբանությամբ դատապարտուն է նյութապաշտությունը  և ուսուցանում մեզ այս ահավոր մեղքից ձերբազատվելու ուղին: Նախ ագահության մասին ժխտական ակնարկ անելուց հետո, իբրև այս մտքի լրումն, պատմեց այդ առակը: Մի ոմն մեծահարուստ առատ բերք ունեցավ: Նա մտածեց ավելի մեծացնել իր արտերը` շատ բերք ստանալու ակնկալիքով, ապա խորհեց դրա համար ավելի մեծ շտեմարաններ պատրաստել և իր համար այնտեղ հավաքել ամբողջ բարիքները: Շատ մեծ հարստություն ունենալու հրապույրով տարված` ուրախացավ և մտածեց, որ ինչքան կուտակի, կրկնապատկի բարիքներն ապահով ու հաճելի կյանք կունենա և մինչև կյանքի վերջը կուտի, կխմի, կուրախանա: Նրա բաղձանքներով լի այս մտքերը քարացրեց՝ Աստված ասելով.<<Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ու՞մն է լինելու>>, ապա Հիսուս ավելացրեց <<…Նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստուծով չի հարստանա>>/Ղուկ. 12.13:12/:

Ահա, հանձին անմիտ մեծահարուստի` նյութապաշտի մի կերպար, որ մտածում է միայն ու միայն իր, բարիքներ կուտակելու և ժամանակավոր այս կյանքում հաճույքներով ապրելու մասին: Տեսե՛ք նա չի մտածում իր կուտակած բարիքներից բաժին հանելու կարիքավորին, աղքատին, տնանկին, անօգնականին, այլ միայն իր այս անցավոր կյանքն առավել հարուստ և բարեկեցիկ դարձնելու մասին, չգիտակցելով, որ այս ժամանակավոր կյանքին հաջորդում է հավիտենականը և ինքն իր նյութապաշտությամբ չի արժևորում անգամ այս ժամանակավորը, որպեսզի արժանանա բաղձալի հավիտենականին:

Մեկ խոսքով, նա Աստուծո փոխարեն պաշտում է նյութը և հետևապես չի հարստանում Աստուծով, այսինքն չի ձգտում ապրել առաքինի, մաքուր, Աստվածահաճո կյանքով, որպեսզի արժանանա նրա շնորհներին, հովանավորությանն ու սիրուն, որպեսզի արժանանա հավիտենական ու անմահ կյանքին:

Այսպիսի մարդիկ հեռանում են Աստծուց, ուստի և մատնվում կորստյան, քանզի մեր փրկության ճանապարհը բացառապես Աստծուն երկրպագելու, Աստվածպաշտության և Նրա պարգևած շնորհներով հարստանալու ճանապարհն է: Անմիտ մեծահարուստը իր հարստությունը կուտակելու ագահությամբ, իրեն թվացող ապահով, անխռով ապագա էր կերտում, ապագա, որի տերը ինքը չէ: Անցյալի վրա է կառուցվում ներկան, որով իրականանում է ապագան: Ժամանակավոր այս կյանքում, ուր անցյալն ու ներկան լոկ փաստարկներ են, ունի իր վախճանը մարդու համար, և դրա համար մարդը Տիրոջից իրեն շնորհած յուրաքանչյուր օրը պիտի արժևորի` բարի գործեր անելով, հավատով ու սիրով, ողորմածությամբ ու գթառատությամբ ապրելով:

Մարդը պիտի ապրի Աստվածային Կամքին համահունչ. հարստանա Նրա պարգևած շնորհներով, օրհնությամբ և հովանավորությամբ, որպեսզի յուրաքանչյուր օրը երաշխիք դարձնի հավիտենական բաղձալի ապագայի: Մարդու կյանքը, սիրելինե՛ր, մի ակնթարթ է տիեզերական հավերժության մեջ: Մարդ էակն իր առաքինի կենցաղավարությամբ, իր բարոյական նկարագրով, իր բարի գործերով արժևորում է այդ ակնթարթը` հավերժացնելով այն: 

Այս կյանքը յուրաքանչյուրի համար պիտի դառնա կարիքավորին սատարելու, անօգնականին զորավիգ լինելու, տկարին օգնելու, մեկ խոսքով` ողորմածասիրության ակնթարթ: Եթե նյութապաշտությունն ու ագահությունը մարդու մեջ ծնում են ատելություն իր նմանի նկատմամբ, ապա ողորմածասիրությունը մի արաքինություն է, որը մարդու հոգին պայծառակերպելով գերագույն սիրով` գթառատությամբ է լցնում նրա սիրտը իր նմանի նկատմամբ, ինչն առավել է մոտեցնում մարդուն Աստծուն:

Մեր Եկեղեցու հայրերից  Խոսրով Անձևացին շեշտում է, որ ողորմածությունը մարդուն տանում է Երկնավոր Թագավորի մոտ, իսկ Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ քրիստոնյան պետք է ունենա երեք գործուն առաքինություն` պահեցողություն, աղոթասիրություն և ողորմածություն: Միշտ հիշենք, որ Աստված Ամենաողորմած է և Նրա Ողորմածության շնորհիվ ենք մենք ապրում, կանք և եմք:

Մի՜թե  անգնահատելի հարստություն չէ Աստվածային Ողորմածությունն ու սերը: Այս անգին հարստությամբ է աշխարհում պահպանվում ամենակարևորը` կյանքը, որն Աստծո Կամքը կատարած մարդու համար դառնում է խաղաղ, ջինջ` իբրև առհավատչյա հավիտենական կյանքի, ինչպես ասում է Հովհաննես առաքյալը. <<Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը, իսկ ով կատարում է Աստուծո կամքը մնում է հավիտյան>> /Հովհ.2.17/:

Continue reading