ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈԻԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆԸ


<<Քո Տեր Աստծուն պիտի երկրպագես և Նրան միայն պիտի պաշտես>> /Ղուկ. 48/:

Աստվածահնչուն այս խոսքերը մեր Տիրոջ հաղթական պատասխանն է փորձչին՝ չարին, ով թագավորություններով, իշխանություններով, հարստություններով փորձում էր գայթակղել Աստվածորդուն, հեռացնել նրան իր սրբազան առաքելության ճանապարհից: 2000 տարուց ավելի չարի այս փորձությունը խաթարում է մարդկային կյանքի ուղիղ ընթացքը` փորձելով հեռացնել մարդուն Աստծուց և հավիտենական կորստյան մատնել նրան: Այս գայթակղությամբ է, որ աշխարհն այսօր էլ Աստուծո փոխարեն պաշտում է նյութը, դրամը, ոսկին, դրանք կուռք դարձնում և դրանց երկրպագում:

Ու՞ր է տանում այս ամենը մարդկանց, իհարկե, կործանման: Նյութապաշտությունը, վերացնելով մարդու բարոյական նկարագիրը, վերածում է նրան առաքինազուրկ, անդեմ, դժբախտ, նվաստ արարածի, ու այս արածն իր արծաթասիրության մղումները բավարարելու համար դառնում է եսասեր, անձնակենտրոն, հաճոյասեր, ագահ:

Այսօրվա ընթերցված ավետարանական հատվածում էլ մեր Տեր Հիսուս <<Անմիտ մեծատունի>> առակի մեկնաբանությամբ դատապարտուն է նյութապաշտությունը  և ուսուցանում մեզ այս ահավոր մեղքից ձերբազատվելու ուղին: Նախ ագահության մասին ժխտական ակնարկ անելուց հետո, իբրև այս մտքի լրումն, պատմեց այդ առակը: Մի ոմն մեծահարուստ առատ բերք ունեցավ: Նա մտածեց ավելի մեծացնել իր արտերը` շատ բերք ստանալու ակնկալիքով, ապա խորհեց դրա համար ավելի մեծ շտեմարաններ պատրաստել և իր համար այնտեղ հավաքել ամբողջ բարիքները: Շատ մեծ հարստություն ունենալու հրապույրով տարված` ուրախացավ և մտածեց, որ ինչքան կուտակի, կրկնապատկի բարիքներն ապահով ու հաճելի կյանք կունենա և մինչև կյանքի վերջը կուտի, կխմի, կուրախանա: Նրա բաղձանքներով լի այս մտքերը քարացրեց՝ Աստված ասելով.<<Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ու՞մն է լինելու>>, ապա Հիսուս ավելացրեց <<…Նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստուծով չի հարստանա>>/Ղուկ. 12.13:12/:

Ահա, հանձին անմիտ մեծահարուստի` նյութապաշտի մի կերպար, որ մտածում է միայն ու միայն իր, բարիքներ կուտակելու և ժամանակավոր այս կյանքում հաճույքներով ապրելու մասին: Տեսե՛ք նա չի մտածում իր կուտակած բարիքներից բաժին հանելու կարիքավորին, աղքատին, տնանկին, անօգնականին, այլ միայն իր այս անցավոր կյանքն առավել հարուստ և բարեկեցիկ դարձնելու մասին, չգիտակցելով, որ այս ժամանակավոր կյանքին հաջորդում է հավիտենականը և ինքն իր նյութապաշտությամբ չի արժևորում անգամ այս ժամանակավորը, որպեսզի արժանանա բաղձալի հավիտենականին:

Մեկ խոսքով, նա Աստուծո փոխարեն պաշտում է նյութը և հետևապես չի հարստանում Աստուծով, այսինքն չի ձգտում ապրել առաքինի, մաքուր, Աստվածահաճո կյանքով, որպեսզի արժանանա նրա շնորհներին, հովանավորությանն ու սիրուն, որպեսզի արժանանա հավիտենական ու անմահ կյանքին:

Այսպիսի մարդիկ հեռանում են Աստծուց, ուստի և մատնվում կորստյան, քանզի մեր փրկության ճանապարհը բացառապես Աստծուն երկրպագելու, Աստվածպաշտության և Նրա պարգևած շնորհներով հարստանալու ճանապարհն է: Անմիտ մեծահարուստը իր հարստությունը կուտակելու ագահությամբ, իրեն թվացող ապահով, անխռով ապագա էր կերտում, ապագա, որի տերը ինքը չէ: Անցյալի վրա է կառուցվում ներկան, որով իրականանում է ապագան: Ժամանակավոր այս կյանքում, ուր անցյալն ու ներկան լոկ փաստարկներ են, ունի իր վախճանը մարդու համար, և դրա համար մարդը Տիրոջից իրեն շնորհած յուրաքանչյուր օրը պիտի արժևորի` բարի գործեր անելով, հավատով ու սիրով, ողորմածությամբ ու գթառատությամբ ապրելով:

Մարդը պիտի ապրի Աստվածային Կամքին համահունչ. հարստանա Նրա պարգևած շնորհներով, օրհնությամբ և հովանավորությամբ, որպեսզի յուրաքանչյուր օրը երաշխիք դարձնի հավիտենական բաղձալի ապագայի: Մարդու կյանքը, սիրելինե՛ր, մի ակնթարթ է տիեզերական հավերժության մեջ: Մարդ էակն իր առաքինի կենցաղավարությամբ, իր բարոյական նկարագրով, իր բարի գործերով արժևորում է այդ ակնթարթը` հավերժացնելով այն: 

Այս կյանքը յուրաքանչյուրի համար պիտի դառնա կարիքավորին սատարելու, անօգնականին զորավիգ լինելու, տկարին օգնելու, մեկ խոսքով` ողորմածասիրության ակնթարթ: Եթե նյութապաշտությունն ու ագահությունը մարդու մեջ ծնում են ատելություն իր նմանի նկատմամբ, ապա ողորմածասիրությունը մի արաքինություն է, որը մարդու հոգին պայծառակերպելով գերագույն սիրով` գթառատությամբ է լցնում նրա սիրտը իր նմանի նկատմամբ, ինչն առավել է մոտեցնում մարդուն Աստծուն:

Մեր Եկեղեցու հայրերից  Խոսրով Անձևացին շեշտում է, որ ողորմածությունը մարդուն տանում է Երկնավոր Թագավորի մոտ, իսկ Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ քրիստոնյան պետք է ունենա երեք գործուն առաքինություն` պահեցողություն, աղոթասիրություն և ողորմածություն: Միշտ հիշենք, որ Աստված Ամենաողորմած է և Նրա Ողորմածության շնորհիվ ենք մենք ապրում, կանք և եմք:

Մի՜թե  անգնահատելի հարստություն չէ Աստվածային Ողորմածությունն ու սերը: Այս անգին հարստությամբ է աշխարհում պահպանվում ամենակարևորը` կյանքը, որն Աստծո Կամքը կատարած մարդու համար դառնում է խաղաղ, ջինջ` իբրև առհավատչյա հավիտենական կյանքի, ինչպես ասում է Հովհաննես առաքյալը. <<Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը, իսկ ով կատարում է Աստուծո կամքը մնում է հավիտյան>> /Հովհ.2.17/:

Այսօր դեպի հավիտենականը` մարդու ունեցած երազը` մշուշված նյութապաշտության մեգով: Այսօր մարդը մեծավ մասամբ ձգտում է երկու բանի` դրամի և հաճույքի, իսկ նյութապաշտը հատկապես գերի է դրանց, ինչի համար կուրանա իր սրբությունները, կդավաճանի սկզբունքներ, անգամ պատիվը կզոհի` անտեսելով թե՛ Աստծուն, թե՛ իրեն օգնության ձեռք պարզած իր նմանին: Դրա համար էլ թեկուզ աշխարհն այսօր տեխնոլոգիապես առաջնթաց է ապրում, բայց կյանքն առաջադիմություն չունի: Ամեն տեղ դժգոհություն, դժգոհում է, թե՛ հարուստը, թե՛ աղքատը, թե՛ իշխանավորը, և բանվորը, բոլորը:

 Ինչու՞, որովհետև ուրիշի հանդեպ ունեցած ողորմածությունն ու գթառատությունը, փոխօգնությունն ու զոհողությունը նահանջում են մեր կյանքում: Եթե մեր նմանի նկատմամբ այս զգացողություններով չառաջնորդվենք,  առաջադիմություն չի լինի մեր կյանքում, ավելին` մեր կյանքը կդառնա անիմաստ:

Այս աշխարհը, որն անմիջապես Աստուծո ունեցվածքն է, հանձնված է մարդուն, որպեսզի նա օգտվի դրանից, իշխի դրա վրա, ինչպես Ադամին պատվիրեց Արարիչը.<<Լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան…>>:

Խնդիրն այն է, սակայն, թե մարդն ինչպես է իրագործում իրեն տրված հնարավորությունը, ինչպես է իրագործում բարիքներ տնօրինողի իր մենաշնորհը: Ամենակարևորն այն է, որ նա իր կյանքի ընթացքում այդ բարիքները կարողանա տնօրինել, ոչ թե անմիտ մեծահարուստի նման, այլ այնպես, որ դրանից օգտվեն բոլորը և՛ հարազատը, և՛ ընկերը, և՛ կարիքավորը:

Այդպես է կյանքը հարստանում Աստվածային շնորհներով և քրիստոնեական  առաքինություններով ու իմաստավորվում: Հետևապես Աստված է փառավորվում, խաղաղություն և ներդաշնակություն է տիրում մարդկային փոխհարաբերություններում:

Սիրելի՛ հավատացյալներ, նյութապաշտության և ողորմածության բախման այս դարում պետք չէ թերահավատությամբ, ատելությամբ, հուսահատությամբ ապրել. չէ՞ որ այդպես բազում փորձություններ հաղթելու փոխարեն, կվնասեն մեր ներաշխարհը, հոգեկան անդորրը` անհանգիստ ու անկայուն դարձնելով մեր կյանքը, այլ հետևենք մեր Փրկչին ու հավերժական ՈՒսուցչին` ապրենք հարստացած Աստուծով` հոգին նվիրենք աղոթքների, մարմինը՝ պահքի և բարի գործերի, որպեսզի հաղթենք մեզ փորձողին, ձերբազատվենք նրա գայթակղություններից և մեղքերից, զորանանք Տիրոջ շնորհներով և դառնանք լուսո որդիներ:

Վստահ եղեք, որ այս գիտակցությամբ ապրենք և գործենք, Աստվածային Կամքի հետ կխաչվի մեր ներաշխարհը, կներդաշնակվի մեր էությունը, մեր կյանքը կիմասավորվի ու կլցվի Աստվածային օրհնությամբ, ում վայել է Փառք, Իշխանություն և Պատիվ, Հավիտյանս Հավիտենից Ամեն.

Զարեհ վարդապետԿաբաղյան

Քարոզ՝ խոսված Եղեգնաձորի

 Սբ. Աստվածածին եկեղեցում

25.11.12

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s