Վայոց Ձորի թեմ

ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԸ

Advertisements

Զարեհ վրդ. Կաբաղյան

Քարոզ՝ խոսված Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում

<<Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ>> /Ղուկ. 1:35/

Հրեշտակապետի՝ Սբ. Մարիամին հայտնած այս խոսքերը, որով Աստվածային հրաշաստեղծ հովանու ներքո պիտի  ծնվեր Փրկիչն աշխարհի, անուղղակիորեն վերաբերում է նաև մեր Փրկչին ծնողի մորը՝ Սբ. Աննային, որի Աստվածածնով հղանալու օրն է այսօր հիշատակում Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին: Ավանդությունն ասում է, որ Սբ. Մարիամի հայրը՝ Հովակիմը` Դավիթ մարգարեն, իսկ մայրը՝ Աննան, ղևտացինների տոհմի շառավիղներից էին: Չնայած նրանց Աստվածավախ և առաքինազարդ կյանքով ապրելուն ամուլ էին, ծերացել էին՝ անզավակ մնալով: Սակայն հույսերը չէին կորցնում Ամենափրկչից, ամեն օր աղոթում էին, որ Աստված զավակ պարգևի իրենց: Տերը լսում է նրանց թախանձանքը, նրանց սրտից հորդացող հավատն ու հույսը տեսնում և պարգևում է նրանց մի հրաշալի աղջնակ, որի անունը Մարիամ են դնում:

Իբրև Աստուծո պարգևած զավակ ծնողները նրան փոքր տարիքից ընծայում են տաճարին: Նա այդ մատաղ հասակից աչքի էր ընկնում իր  առաքինի վարք ու բարքով, խոնարհությամբ, հավատով, Տիրոջ հանդեպ ունեցած անմնացորդ նվիրումով: Այս ամենն նա ժառանգել էր իր ծնողներից, այս դաստիարակությունն ստացել հատկապես Աստվածավախ մորից՝ Սբ. Աննայից, որից ծնվել էր Բարձրյալի զորության հովանավորությամբ: Ահա այս սրբակենցաղ աղջնակը, Աստվածային Կամքին ամբողջովին նվիրվելով, քաջություն ունեցավ ընդունելու երկնային առաջարկը՝ դարձավ Աստվածամայր, Բարեխոսուհի, հոգևոր բարձրագույն դիմագծի տիպար և առաքինության չափանիշ:

Ինչպես սրբազան շարականագիրն է գովաբանում նրան. «Մայր և Կույս, աղախին Քրիստոսի, որ միշտ աշխարհի համար բարեխոսես. քեզ երանի են տալիս բոլոր ազգերը: Մաքուր աղավնի և Երկնքի հարս Մարիամ, տաճար… Աստուծո խոսքի»:

Այսօրվա տոնը համարվում է Աստվածածնի փառաբանության տոներից մեկը, ուստի մեր խորհրդածություններն պիտի լինեն նրա վերաբերյալ: Դեռևս Հին Ուխտում, Աստված մարգարեների միջոցով հայտնել էր, որ Փրկիչ պիտի ուղարկի մեզ Իր Որդուն, ով պիտի կատարելապես մարդանա մեզ համար, ով պիտի ծնվի մարդկանց դուստրերից ամեաանաղարտից, ամենասուրբ մի կույսից՝ Սբ Հոգու զորությամբ: Այդ կույսը ելավ Մարիամը, որի հնազանդությամբ իրագործվեց Աստվածային փրկության ծրագիրը:

Բոլոր առաքինությունների մարմնացումը եղավ Սբ. Կույսը՝ իբրև հավացյալ, իբրև մայր, իբրև Աստուծո Կամքը կատարող աննման նվիրյալ, որի շնորհիվ արժևորվեց կնոջ դերը մարդկային քաղաքակրթության մեջ: Քրիստոնեությունից առաջ կինը մարդուն հավասար չէր ընդունվում: Աթենքում և Հռոմում կինը ստրուկի էր նման, գերմանացիների նախնիները վաճառում էին իրենց կանանց, Չինաստանում կինը համարվում էր անհոգի էակ, Հնդկաստանում կանանց ողջ-ողջ թաղում էին իրենց մահացած ամուսինների հետ: Այսպես՝ կինը հին աշխարհում բարոյական, կրոնական և իմաստասիրական հայեցակետով նկատվում էր իբրև հասարակության չնչին մասնիկ, իբրև առարկա: Սբ. Մարիամով քրիստոնեությունը սրբագրեց այս հայեցակետը և բարձրացրեց կնոջ դերը՝ շեշտելով, որ եթե առաջին կնոջ՝ Եվայի միջոցով մեղքն աշխարհ մտավ, ապա նրա արմատից ծնված՝ Սբ Աստվածածինը միջոց դարձավ մարդկանց փրկության, եղավ մեր Փրկչի մայրը: Սբ. Կույսը նախ և առաջ մայրության կատարելատիպը եղավ սերունդների համար:

 Մոր դերն անչափելի է սերունդների դաստիարակության գործում և վճռական, ահա այս հանգամանքով Սբ. Մարիամը համարվում է քրիստոնեական բարոյականության կրողն ու փոխանցողը սերունդներին: Ասված է. <<Կինը իբրև մայր մշտնջենավորում է մարդկային ցեղը և իր շնչի տակ մեծացնում է ապագա մարդուն>>: Այսպես է շարունակվում աստվածային ստեղծագործությունը դարեր ի վեր և կինը մայրության խորհրդով՝ ներքնապես զգում է ծննդյան Աստվածային հրաշք:

Ահա այսպես է բնորոշում այս իրողությունը երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետը. <<Կինը կզգա իր էության մեջ սարսուռը արարչագործության ու ծունկի եկած իր ծնած երեխայի առջև, կտեսնե անոր մեջ պտուղը Աստուծո շնորհաբաշխ ուժին և տեսիլքը կունենա նմանվելու Հիսուս Ծնող Սբ. Կույսին>>:

Սբ. Կույսը միշտ կատարելատիպն է եղել հայ մոր, հայ կնոջ: Հայ կինը, հայ մայրը միշտ էլ և՛ օրորոցային երգելիս, և՛ արտը ցանելիս, և՛ կիզիչ անապատներով գաղթելիս ու զենքով իր հայրենիքը պաշտպանելիս Սբ. Մարիամի օրինակն է ունեցել իր առջև:

Հիմա առավել քան երբևէ Սբ. Աստվածածնի օրինակը առավել առաջնորդող դեր պիտի ունենա մեր կյանքում: Դժվարություններով ու բարդություններով լեցուն մեր ժամանակներում, մենք` իբրև քիստոնյա, իբրև հավատավոր անձինք պիտի չընկճվենք, այլ աշխատենք Սբ. Կույսից մեզ փոխանցված առաքինություններով ապրել, որպեսզի նրա բարեխոսությանն արժանանալով և նրա աջակցությունն ունենալով՝ Ամենակալի զորությունն ու շնորհները ստանանք ու հաղթենք այս կյանքի փորձությունները և ընթանանք փրկության ճանապարով:

 Առանց այս զորության ու շնորհների մարդը տկար էակ է, ինչպես ասում է Եսայի մարգարեն. <<Ամեն մահկանացու մարմին խոտի պես է  և նրա փառքը կանցնի դաշտի ծաղիկների նման>>:

Առանց Աստվածային Հովանավորության մարդը անզոր է հաղթահարելու իր դեմ ծառացած փրկություները: Սակայն Աստվածածնի նման պետք է հավատալ, նվիրվել և հնազանդվել Աստուծո Կամքին, նրանով ապրել:

Այսօրվա մեր կյանքում առաջացած դժվարությունները, խնդիրները, բարդություններն Աստվածահաճո այս ապրելակերպի պակասից է գալիս: Այսօր դժբախտաբար Սբ. Մարիամի հեզաբարո, խոնարհ, առաքինի տիպարին, շատ շատերի մոտ փոխարինել է սալոնային ընչաքաղց, քաղքենի կնոջ էժան կերպարը: Այսօր Աստվածածնի բարոյական բարձր հատկանիշներին շատ շատերի մոտ փոխարինել է սնափառությունն ու թերահավատությունը:

Այսօր Աստվածածնի անաղարտ՝ Աստուծո Կամքին հնազանդ, առաքինազարդ կյանքի օրինակը, դադարել է քրիստոնեական կենցաղավարության սկզբունք լինելուց:  Հետևապես Աստուծո Կամքը`  միշտ բարիք գործել, արդարամտությամբ, սիրով, հավատով, Ճշմարտամտության և զոհողության ոգով ապրել, չի կատարվում: Այսպիսով մարդը հեռանում է Աստուծո Կամքին հնազանդվելուց, հետևապես զրկվում նրա Շնորհներից, Օրհնությունից և Հովանավորությունից, ինչը ծնում է մեր մեջ տագնապներ, վախեր, բարդույթներ, որոնց մեջ խճճվելով` կորցնում ենք ինքներս մեզ և շեղվում Աստուծո նախաստեղծ փրկության ճանապարհից:

 Կա՛ մեր փրկության այս ճանապարհը, որն իր շենշող  լույսով լուսավորում է Աստվածածինը: Այս ճանապարհը Հիսուսի մեզ շնորհած բարձրագույն կյանքի ճանապարհն է, ուր ատելությանը փոխարինում է սերը, հպարտությանը` խոնարհությունը, նախանձին՝ եղբայրասիրությունը, թշնամությանը՝ բարեկամությունը, կռվարարությանը` խաղաղասիրությունը:

Հավատացեք, որ այսպես ապրելով Տիրոջ Սուրբ Աջի ներքո` Նրա Օրհնությամբ կխաղաղվի, սիրով կլցվի, ներդաշնակ ու երանական կլինի կյանքն աշխարհում և ինչպես Սբ. Նարեկացին է գրում.<<Կփարատվի մռայլությունը, տագնապները կվերանան, չարիքները կչքանան և հուսահատությունները կհալածվեն…>>:

Միշտ հիշենք, Սուրբ է Աստված, իսկ մենք Իր Պատկերով ենք ստեղծված, հետևապես կարող ենք մաքուր, ներդաշնակ կյանքով ապրել, մնում է մեզ թափանցել մեր հոգու խորքը, մաքրել մեր խիղճը, որն Աստուծո ձայնն է,  լսել այն ու ապրել նրա նախանշած առաքինազարդ կյանքով: Իր առաքինազարդ կյանքով  Սբ. Կույսը՝ Աստվածածային այդ ձայնով առաջնորդվեց և իր մայրական ջերմագին գորովանքով այսօր էլ նա հնչեցնում է այն մեր սրտերի և հոգիների մեջ՝ մեր գիտակցության մեջ լուսավորելով մեր փրկության հեռանկարն ու երանական ապագան:  Արդ սիրելիներ, աղաչենք Սբ. Կույսին, որ առաջնորդի մեզ փրկության ճանապարհով և իբրև մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի մայր, Նրա առաջ բարեխոսի մեր բոլորիս համար.<<Անկանիմք առաջի քոյ, Սուրբ Աստվածածին, և աղաչեմք զանարատ զկույսդ, բարեխօսեա վասն անձանց մերոց, և աղաչեա զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ և յամենայն վտանգից մերոց>> և Նմա փառք Հավիտյանս. Ամեն.

09.12.2012

 

Advertisements