Վայոց Ձորի թեմ

ՀՈԻՅՍ. ՔԱՐՈԶ՝ ԽՈՍՎԱԾ ՎԱՅՔԻ ՍԲ. ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Advertisements

ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Արդ հուսանք մենք նրան եւ

 Նա կլինի մեզ իբրեւ փրկություն,

որովհետեւ Աստված մեր մեջ է>>:

(ժամագիրք)

Ժամագրքի այս հոգեթով տողը պայծառակերպում է մեր ներքին աշխարհը եւ հրավիրում է մեզ խորհելու քրիստոնյայի ամենամեծ առաքինություններից մեկ՝ հույսի մասին:

Քրիստոնեական հավատին սերտորեն կապված է քրիստոնեական հույսը: Եթե հավատը վերաբերում է անտեսանելիին՝ Արարչի գոյությանը, որի նախախնամությամբ է ընթանում մեր կյանքը, եթե այն հաստատում է, որ Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով է կատարվել մարդու փրկագործումը, ապա հույսը մարդու իղձն ու սպասումն է, այն համոզմունքն ու վստահությունն է, որը հաստատում է մարդու փրկության իրականանալի լինելը: Իսկ այդ իրականությունը գերագույն երջանկություն է մարդու համար: Այո, հույսը երկնքի արքայություն հասնելու՝ մարդու ունեցած համոզմունքն է ու բաղձանքը, բայց միայն հաստատ հույսը կարող է իրագործել այդ բաղձանքը, ինչպես հորդորում է Պողոս առաքյալը. «… Մենք, որ ապաստան գտանք՝ կաոչելու համար հանդերձյալ հույսից, որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբր. 6:19):

Երկնային արքայության ժառանգորդը դաոնալուն պիտի հուսա ամեն մի ճշմարիտ քրիստոնյա՝ Տիրոջն աղոթելով եւ արժանավայել ապրելով երկրային կյանքը: Հետեւաբար առանց հույսի չի հարատեւի մարդկությունը, ի վերջո ամեն մի մարդ իր կյանքի դժվարին պահերին հուսախաբության գիրկը կընկնի ու դժվարությունները նրա համար անհաղթահարելի պատնեշ կդառնան:

Հույսով է մարդը ձգտում ազատվել մեղքերից, հույսով է հաղթում մահը: Հույսով է մարդն ապրում, արարում, ստեղծագործում, հաղորդակցվում Աստծու հետ: Իսկ ապրող ու ստեղծող մարդուն ուժ եւ եռանդ է հաղորդում հույսը: Այն ոչ պարզ սպասում է, ոչ էլ սովորական ցանկություն, այլ կամավոր, բայց մեծ վճոականության դրսեւորում, այդ պատճաոով էլ այն, ինչպես եւ հավատը, սերը, առաքինություն է:

Այդ առաքինությունը իր մեջ ներաոում է շատ կարեւոր հոգեվիճակներ, ինչպիսիք մարդուն վիճակված տաոապանքները կրելու կամքն է, սեփական խաչը կրելու պատրաստակամությունը: Սակայն, աոօրյա դժվարություններից ու փորձություններից դաոնացած, քրիստոնյա մարդը երբեք չպիտի կասկածի, որ բարությունը, մեծահոգությունը, ազնվությունը եւ մարդկային շատ այլ առաքինություններ արդար հատուցում ունեն: Տաոապել դեո չի նշանակում կորցնել հույսը վաղվա, հույսը լուսավոր օրվա, հույսն ապագայի: Անհաղթահարելի թվացող ամեն մի իրողություն, իրավիճակ, հավատացեք,որ լուծում ունի: Մի հուսահատվեք անցողիկ դժվարություններից, մի կորցրեք ձեր հույսը, մարդուն տրված աստվածաշնորհ այդ պարգեւը, որը ճիշտ ապրելու եւ բարին գործելու ճշմարիտ ուղին է մատնանշում: Սակայն անժխտելի է, որ հույսն ու հուսախաբությունը հաճախ են հաջորդում միմյանց: Կրելով իր խաչը՝ մարդը չպիտի կասկածի աստվածային փրկության եւ նախախնամության գոյությանը. «Հայտնի դարձրու քո ճանապարհը Տիրոջը եւ դիր հույսդ նրա վրա» (Սաղմ. 36:5) հորդորում է սաղմոսերգուն: Կա՞ արդյոք մի մարդ, որի համար ցանկալի է հոգեմաշ հուսալքությունը, ընկճվածությունը, վստահ եմ՝ չկա: Միաժամանակ չկա մեկը, որն ապահովագրված լինի տանջալից այս հոգեվիճակից: Սակայն որոշակի հանգամանքներում, այս կամ այն չափով հուսալքվելիս արդյոք մի՞շտ է, որ իրեն քրիստոնյա համարող անձը կարողանում է հավատարիմ մնալ իր Աստծուն, չտրտնջալ ու, նրա բարերարությունը հուսալով, հաղթահարել հոգու տվայտանքները: Միշտ հիշենք Պողոս Ադրիանապոլսեցի Պատրիարքի խոսքը. «Ինչպես խարիսխը ալեկոծության ժամանակ նավը փրկում է խորտակումից, այնպես էլ հույսը նեղության ժամանակ մարդուն փրկում է վտանգից»:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս իր հետեւորդներին հայտնեց, որ դեպի երկնային կյանք, դեպի կատարելություն եւ հավիտենականություն տանող ճանապարհը խրախճանքներով լի, հեշտ ու ընդարձակ չէ: Նեղ ու անձուկ է այդ ուղին մատնանշող դուոը եւ այդ դուոն ընտրած քրիստոնյան, Տիրոջ հետ հաղորդակցվելով, պիտի հայտնի դարձնի իր տաոապալից ճանապարհները եւ հույսը դնի Աստծու վրա, ինչպես պատգամում է Երեմիա մարգարեն. «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդաոնա» (Երեմ. 17:7):

Սիրելիներ, հույսը, նաեւ ենթադրում է հնազանդություն եւ ապավինում Աստծու կամքին: Հնազանդվելով Աստծուն՝ պետք է մեկընդմիշտ հիշենք, որ Նա նախ մարդուն երբեք իր կարողությունից վեր փորձություն չի տալիս եւ որ Նա հոգում է մեր մասին եւ մենք միշտ պիտի ապավինենք նրան, ինչպես ասված է. «Թող քո վախն այնքան մեծ լինի Աստծու աոաջ, որ կարծես թե դու ոչ մի լավ բան չես արել կյանքում եւ միեւնույն ժամանակ Աստծու նկատմամբ թող քո հույսն այնքան մեծ լինի, որ մտածես, թե ամբողջ կյանքումդ ոչ մի վատ արարք չես գործել»:

Հույսը նաեւ այն առաքինությունն է, որ միշտ համբերության է կոչում բոլորիս: Ինչպես ասացի, քրիստոնյայի կյանքի ուղին անցնում է նեղ դռնով, այսինքն, նրա կյանքի ճանապարհին քիչ չեն փորձություններն ու որոգայթները: Քրիստոնեական հույսն է, որ մարդուն օժտում է այդ ամենին դիմակայելու վճռականությամբ, հոգեկան ուժով եւ կորովով: Իսկ դա նշանակում է, որ հուսառատ քրիստոնյան չպետք է կասկածի քրիստնեական առաքինությունների հատուցմանը, ինչպես եւ նշեցի, համբերությամբ տոգորված, պետք է սպասի դրան: Չմոռանանք երբեք, որ Տերը, մեր փրկության համար եւս մեզ համբերության է կոչում՝ ասելով. «Ձեր համբերությամբ պիտի շահենք ձեր հոգիները»: Ահա այս ամենով է պայմանավորված միշտ հուսառատ լինելը: Որքան էլ դժվարությունները հուսահատեցնող լինեն, իրավիճակը անտանելի թվա, հավատացեք, որ Տիրոջ համար չկան անլուծելի խնդիրներ:

Այս ամբողջ ասվածից եզրակացնում ենք, որ քրիստոնեական հույսը մեզ տանում է խաղաղությամբ եւ երանությամբ ապրելու Աստծու եւ միմյանց հետ: Այս հույսով է իմաստավորվում մեր հավատը Երկնային Հոր անսահման սիրո նկատմամբ, որով նա աշխարհ ուղարկեց եւ մեր մեղքերի թողության համար զոհաբերեց իր Միածին Որդուն:

Սակայն, սիրելիներ, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ պետք է հուսալ Աստծուց, քանի որ Աստծուն անհաճո հույսը անպայման մեղքի պատճառ կդառնա: Հավատալով Տիրոջը՝ նախ պետք է հուսանք, որ աղոթելով նրան, անկեղծորեն զղջալով մեր մեղքերը, մենք ներում կստանանք նրանից ու կկարողանանք երկնքի արքայության ժառանգորդ լինել, ինչպես խրատում է Տերը. «Նախ խնդրեցեք Աստծու Արքայությունը եւ նրա արդարությունը (Մատթ. 6:33): Սակայն մենք պետք է հուսանք նաեւ Աստծուց ստանալ երկրային բարիքներ եւս, որոնք անհրաժեշտ են մեզ առողջ կյանք վարելու համար՝ կերակուր, առողջություն, մեր պարտականությունների կատարման առողջ ընթացք, Տիրոջ հովանավորությունը՝ վտանգի դեպքում, օգնությունը՝ կարիքի ժամանակ եւ հատկապես խաղաղությունը: Այս ամենն անհրաժեշտ են մեր կյանքում, որպեսզի դրսեւորենք մեր կարողությունները, կրթվենք եւ կատարելագործվենք բարոյապես:

Սիրելի հավատացյալներ, ոչ միայն իբրեւ անհատ, այլ նաեւ իբրեւ ժողովուրդ չհուսախաբվենք երբեք, այլ մի պահ թերթենք մեր պատմության մատյանները, կրկին անգամ համոզվելու համար, որ պատմական դժվարագույն պահերին, երբ մեր ազգի ու հայրենիքի լինել չլինելու հարցն էր դրված, ժողովուրդը չհուսախաբվեց ահավոր դժվարություններից, կարողացավ փրկել իր հայրենիքը, հավատը, լեզուն ու մշակույթը: Հավատացեք, որ այդ պահերին Աստծու հանդեպ ունեցած հույսն առաջնորդեց մեզ, այն հույսը, որ Աստծուն ապավինած ժողովուրդը մեոնել չի կարող, մեզ առաջնորդեց այն հույսն ու հավատը, ոը միմյանց վստահելով, միանալով պիտի կարողանանք հաղթահարել մեր դեմ ծաոացած բոլոր դժվարությունները:

Սակայն այսօր, հաճախ մեր սովորական ընկերային փոխհարաբերությունները արհեստականորեն բարդացնելով, կորցնում ենք ոչ միայն մեկս մյուսի հանդեպ ունեցած մեր վստահությունը, այլ նաեւ գալիքի հանդեպ ունեցած մեր հույսը: Դա գալիս է մեր միասնականության երերումից, փոխօգնության, եղբայրակցության եւ սիրո պակասից: Աշխատենք հասկանալ միմյանց, օգնության ձեոք մեկնել իրար, Աստծու հանդեպ ունեցած մեր հույսի մեջ անխախտ, հարատեւ ու կայուն մնալ: Երբեք չմոռանանք, որ Հայոց եկեղեցիների ու տաճարների խնկաբույր պատերին մեր ժողովրդի հուսո աղոթքներն են նաեւ քանդակված, այն հուսո աղոթքները, որոնց մրմունջները երկինք են առաքել մեր հավատավոր նախնիք եւ առաքում ենք այսօր մենք: ժողովուրդը հուսացել է միշտ, որ դրանք անպայման լսելի կլինեն Աստծուն եւ երբեք չի սխալվել:

Մենք իբրեւ քրիստոնյաներ պարտավոր ենք չտարվել մոլորություններով, չշեղվել մեր ճշմարիտ ուղուց, այլ հավատալ, որ մեր հույսի կանթեղն Աստված է եւ, հուսալով Ամենափրկչի սերն ու խաղաղությունը, նրա տունը՝ Սուրբ եկեղեցի գալ աղոթելու եւ երկրպագելու նրան:

Միայն այսպես մենք կարող ենք ապրել հոգեկան խաղաղության մեջ, միայն այսպես մենք կարող ենք միաբանվել Աստծու եւ միմյանց հետ, միայն այսպես մենք կարող ենք վստահաբար ասել. «Արդ հուսանք մենք նրան եւ Նա կլինի մեզ իբրեւ փրկություն, որովհետեւ Աստված մեր մեջ է» եւ, կյանքի դժվարություններն ու փորձությունները հաղթահարելով, փառաբանենք Արարչին, կրկնելով Դավիթ մարգարեի խոսքը. «Աստված իմ օգնականն է, եւ ես հույսս դրել եմ նրա վրա, եւ նրան փառք, իշխանություն եւ պատիվ: Ամեն:

16.12.2012թ.

Advertisements