Ճիշտ է, այս տարվա ընթացքում շատ բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել մեր դպրոցում, սակայն ամենահիշարժանը <<Գրից մինչև գիրք>> թատերականացված ներկայացումն էր՝ նվիրված հայ գրերի գյուտի 1650 և գրատպության 500 -ամյա հոբելյանին:
Ամեն ինչ արվեց բարձր ճաշակով, ստեղծագործական խումբը ոչինչ չխնայեց՝ այն դարձնելու ոչ միայն մրցունակ միջոցառում, այլև ուսանելի բոլորի համար: Հիրավի, յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ ինքը գիրք սիրող, գիրք պաշտող և գիրքը արհավիրքից փրկող ժողովրդի մի մասնիկն է: Ամեն հայ չպետք է մոռանա , որ ինքը ժառանգորդն է հոգով հզոր մի ժողովրդի, որն աշխարհին դեռ շատ բան ունի տալու: Ուրեմն պետք է լավ իմանալ անցյալը, որ կարողանանք ապագայի լաբիրինթոսում չմոլորվել, այլ լույս տալով՝ շարունակենք պարզել մեր ձեռքերը մինչև խաչելություն, որպեսզի հաճախակի ազգովին հպարտորեն ասենք.
-Շնորհակալ ենք այս աստվածատուր շնորհի համար, որով օժտվել էին մեծ հայերը՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցը, վեհափառ հայր Սահակ Պարթև կաթողիկոսը և վսեմափայլ արքա Վռամշապուհը: Օրհնյալ լինի հայոց տառերի երկունքը:
Մեր թերթի խմբագրական կազմը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս հրաշալի միջոցառման կայացման համար: Ու հպարտ ենք, որ մարզում գրավելով առաջին պատվավոր տեղը՝ Վայոց ձորը ներկայացրինք հանրապետական փուլում ՝ արժանանալով 2-րդ պատվավոր մրցանակի, հատուկ պատվոգրի և դրամական պարգևի :
Մենք պարծենում ենք մեր դպրոցի շնորհալի երեխաներով, որոնք, հիրավի, զարդարեցին մեր միջոցառումը իրենց դերասանական խաղով, արտահայտիչ ասմունքով և հրաշալի երգերով: Այդ ամենին լրացնում էին նաև բեմական կոլորիտը, 4-րդ դարին հատուկ զգեստները, արհեստների ցուցադրումը և տպավորիչ տեսարանները: Շնորհակալություն բոլորին: Թող հաղթանակի բերկրանքը մտնի յուրաքանչյուրիդ տան շեմից ներս: Երբ մենք միասնական ենք, հաղթանակները մշտապես մեզ ուղեկից են: