Վայոց Ձորի թեմ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ

Advertisements

Ճիշտ է, այս տարվա ընթացքում շատ բազմաբնույթ  միջոցառումներ են անցկացվել մեր դպրոցում, սակայն ամենահիշարժանը  <<Գրից մինչև գիրք>> թատերականացված  ներկայացումն էր՝ նվիրված հայ գրերի գյուտի 1650   և գրատպության  500 -ամյա հոբելյանին:

Ամեն ինչ արվեց  բարձր ճաշակով, ստեղծագործական խումբը ոչինչ չխնայեց՝ այն դարձնելու ոչ միայն մրցունակ միջոցառում, այլև ուսանելի բոլորի համար: Հիրավի, յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ ինքը գիրք սիրող, գիրք պաշտող և գիրքը արհավիրքից փրկող ժողովրդի մի մասնիկն է: Ամեն հայ  չպետք է  մոռանա , որ ինքը ժառանգորդն  է  հոգով հզոր մի ժողովրդի, որն աշխարհին դեռ շատ բան ունի տալու: Ուրեմն պետք է լավ իմանալ անցյալը, որ կարողանանք ապագայի լաբիրինթոսում չմոլորվել, այլ լույս տալով՝ շարունակենք պարզել մեր ձեռքերը մինչև խաչելություն, որպեսզի  հաճախակի ազգովին  հպարտորեն  ասենք.

-Շնորհակալ ենք այս աստվածատուր  շնորհի համար, որով օժտվել էին մեծ հայերը՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցը, վեհափառ հայր Սահակ  Պարթև կաթողիկոսը  և  վսեմափայլ արքա Վռամշապուհը: Օրհնյալ լինի հայոց տառերի երկունքը:

Մեր թերթի խմբագրական կազմը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս հրաշալի միջոցառման  կայացման համար: Ու հպարտ ենք, որ մարզում գրավելով առաջին պատվավոր տեղը՝ Վայոց ձորը ներկայացրինք հանրապետական փուլում ՝ արժանանալով 2-րդ պատվավոր մրցանակի, հատուկ պատվոգրի  և դրամական պարգևի :

Մենք պարծենում ենք մեր դպրոցի  շնորհալի երեխաներով, որոնք, հիրավի, զարդարեցին մեր միջոցառումը իրենց դերասանական խաղով, արտահայտիչ ասմունքով և հրաշալի երգերով: Այդ ամենին լրացնում էին նաև բեմական կոլորիտը, 4-րդ դարին հատուկ  զգեստները, արհեստների ցուցադրումը  և  տպավորիչ տեսարանները: Շնորհակալություն բոլորին:  Թող հաղթանակի բերկրանքը մտնի յուրաքանչյուրիդ տան շեմից ներս: Երբ մենք միասնական ենք, հաղթանակները մշտապես մեզ ուղեկից են:

Advertisements