Դեկտեմբերի 27-ին Չիվայի միջնակարգ դպրոցում կայացած միջոցառումը նվիրված էր Սուրբ Ծննդյան խորհրդին:
Ներկա էին ծնողներ, աշակերտներ, ուսուցիչներ եւ տնօրինությունը: 6-րդ դասարանի աշակերտները հարց ու պատասխանի միջոցով ներկայացրին Աստծո անճառելի գոյությունը եւ անսահման սերը, որի հաստատումն էր Հիսուսի ծնունդը: Ներկայացրին հովիվների եւ մոգերի այցելության խորհուրդը, ինչպես նաև հունվարի 5-ի, 6-ի եւ 7-ի խորհուրդները:
Աշակերտները հանդես եկան հրեշտակի, մարգարեի, Մարիամի և Հովսեփի կերպարներով: Ներկայացան նաեւ ծառերի` թթենու, արմավենու և եղեւնու դերերում: Այնուհետեւ եղեւնին զարդարվեց «երկնքից իջած աստղերով» եւ առաքինության բառերը կրող թղթե խաղալիքներով, որով արտահայտեցին այն գաղափարը, թե մարդն իր մեջ կկրի Աստծո լույսը, եթե իրեն զարդարի քրիստոնեական առաքինություններով:
Վերջում բոլորին ու ողջ աշխարհին մաղթեցին աստվածային սեր, որովհետև ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ:
Վայոց Ձորի թեմի
Քարոզչական կենտրոն
27.12.2012թ.