ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՈՐԴՈՒ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՄԱՐՏԻՐՈՍ


 

Վարքի սկզբում ասվում է, որ Կոստանդիանոս կայսրի քրիստոնեություն ընդունելուց հետո մեհյանների դիվաձույլ պատկերներն սկսեցին խորտակել, և Քրիստոսի պայծառացյալ եկեղեցիներն սկսեցին լուսավորել աշխարհը, որով հեթանոսական կռամոլության պաշտամունքը հալածվեց: Նույն այս ժամանակ Կապադովկացվոց աշխարհում որպես մի պայծառ աստղ է ծագում բարեպաշտությամբ և հավատով լեցուն Սարգիս զորականը, ով կայսեր հրամանով Կապադովկիայում գտնվող բյուզանդական զորքերի հրամանատարն էր և գերազանցում էր իր ժամանակի մյուս զինվորականներին քաջությամբ և ռազմական արվեստով: Նրա հռչակը հասնում է կայսրին, և վերջինս Սարգսին տալիս է ստրատելատի աստիճան:

Սարգիս զորավարը, շրջելով իր հրամանատարությանը հանձնված տարածքներում, արմատախիլ էր անում կռապաշտության մոլությունը և տարածում քրիստոնեությունը՝ քանդելով մեհյանները և դրանց տեղը եկեղեցիներ կառուցելով:

Սակայն Կոստանդիանոս Մեծից և նրա որդիներից հետո, երբ գահ է բարձրանում Հուլիանոս Ուրացողը՝ մի նոր հալածանք սկսելով քրիստոնեության դեմ, այդ ժամանակ գլուխ են բարձրացնում և նախկին այն կռապաշտները, ովքեր ծածուկ պաշտում էին կուռքերին: Ոգևորված Հուլիանոսի ծավալած հալածանքներով՝ նրանք ևս կայսրության տարածքում սկսում են հալածել քրիստոնյաներին:

Այս ամենը տեսնելով՝ Սարգիս զորավարը մտատանջության մեջ է ընկնում, թե ինչպես վարվի: Այդժամ տեսիլում նրան է երևում Հիսուս և ասում, թե արդ, ժամանակն է, որ դու հեռանաս այստեղից և Աբրահամ նահապետի նման գնաս այն աշխարհը, որը քեզ ցույց կտամ, և այդ երկրում քեզ է սպասում նահատակության պսակը:

Այդ ժամանակ Հուլիանոսը պատրաստվում է արշավել Պարսկաստան, քանի որ նրա գուշակներն ասել էին, թե ինքը Ալեքսանդր Մակեդոնացու նման կտիրի ողջ աշխարհին:

Նույն այդ ժամանակ Սարգիս զորավարը որոշում է հեռանալ և գնալ այլ երկիր՝ ասելով, թե հասել է հեռանալու մասին տեսիլում ասված ժամանակը: Ահա այսպես, թողնելով իշխանական պատիվները և ունեցվածքը բաժանելով աղքատներին ու վերցնելով Մարտիրոս որդուն, ճանապարհ է ընկնում Հայոց աշխարհ, ուր այդ ժամանակ թագավորում էր Տրդատ Մեծի որդու՝ Խոսրովի որդի Տիրանը: Վերջինս Սարգիս զորավարին ընդունում է մեծ պատվով և ապաստան տալիս, իսկ Հուլիանոս Ուրացողը Պարսկաստանի վրա հարձակվելու համար գալիս է արևելք՝ դեպ Ասորիք, և ճանապարհին նահատակում բազմաթիվ քրիստոնյաների: Հալածանքների այս լուրը տարածվում է, որից սարսափահար մարդիկ, տարբեր կողմեր փախչելով, մի ապահով ապաստան են որոնում:

Հայոց արքա Տիրանը, լսելով այս մասին, ոչ թե վախենում է ծավալված հալածանքներից, այլ մտածում է, որ երբ Հուլիանոսն իմանա Սարգիս զորավարի՝ Հայաստանում գտնվելու մասին, կպահանջի հանձնել նրան, և եթե ինքը Սարգսին չհանձնի Ուրացողին, ապա մեծ խռովություն կընկնի, և կվտանգվի Հայոց աշխարհը: Ուստի նրան խորհուրդ է տալիս գնալ Պարսկաստան՝ Շապուհի մոտ:

Սարգիս զորավարը, լսելով այս խորհուրդը, իր որդու հետ հեռանում է Հայասատանից և գնում Շապուհի մոտ: Վերջինս շատ է ուրախանում, որ իր մոտ է եկել նման քաջ մի զորավար, քանի որ թագավորին հասել էր Սարգսի կատարած քաջագործությունների համբավը: Ահա այս պատճաոով Շապուհը նրան ըդունում է հատուկ պատվով և վստահում իր զորքերի մի մասը:

Վարքում այնուհետև ասվում է, թե Սարգիսն ուր գնում էր կռվելու, հաղթում էր Շապուհի հակառակորդներին: Այս հաղթանակների ընթացքում նրա հավատքը չի նվազում, այլ հակառակը, առավել է զորանում, քանի որ տարած հաղթանակները համարում է արտահայտությունը աստվածային զորության, ուստի հանապազ փառք և աղոթք է մատուցում Աստծուն՝ շարունակելով բարեգործությունները և իր ունեցվածքը աղքատներին բաժանելը:

Երբ Հուլիանոսն իր զորաբանակով գալիս և սկսում է ավերել Պարսից սահմանային գավառները, Շապուհը Սարգսին է ուղարկում կռվելու Հուլիանոսի դեմ:

Continue reading

Advertisements