Վայոց Ձորի թեմ

ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՈՐԴՈՒ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՄԱՐՏԻՐՈՍ

Advertisements

 

Վարքի սկզբում ասվում է, որ Կոստանդիանոս կայսրի քրիստոնեություն ընդունելուց հետո մեհյանների դիվաձույլ պատկերներն սկսեցին խորտակել, և Քրիստոսի պայծառացյալ եկեղեցիներն սկսեցին լուսավորել աշխարհը, որով հեթանոսական կռամոլության պաշտամունքը հալածվեց: Նույն այս ժամանակ Կապադովկացվոց աշխարհում որպես մի պայծառ աստղ է ծագում բարեպաշտությամբ և հավատով լեցուն Սարգիս զորականը, ով կայսեր հրամանով Կապադովկիայում գտնվող բյուզանդական զորքերի հրամանատարն էր և գերազանցում էր իր ժամանակի մյուս զինվորականներին քաջությամբ և ռազմական արվեստով: Նրա հռչակը հասնում է կայսրին, և վերջինս Սարգսին տալիս է ստրատելատի աստիճան:

Սարգիս զորավարը, շրջելով իր հրամանատարությանը հանձնված տարածքներում, արմատախիլ էր անում կռապաշտության մոլությունը և տարածում քրիստոնեությունը՝ քանդելով մեհյանները և դրանց տեղը եկեղեցիներ կառուցելով:

Սակայն Կոստանդիանոս Մեծից և նրա որդիներից հետո, երբ գահ է բարձրանում Հուլիանոս Ուրացողը՝ մի նոր հալածանք սկսելով քրիստոնեության դեմ, այդ ժամանակ գլուխ են բարձրացնում և նախկին այն կռապաշտները, ովքեր ծածուկ պաշտում էին կուռքերին: Ոգևորված Հուլիանոսի ծավալած հալածանքներով՝ նրանք ևս կայսրության տարածքում սկսում են հալածել քրիստոնյաներին:

Այս ամենը տեսնելով՝ Սարգիս զորավարը մտատանջության մեջ է ընկնում, թե ինչպես վարվի: Այդժամ տեսիլում նրան է երևում Հիսուս և ասում, թե արդ, ժամանակն է, որ դու հեռանաս այստեղից և Աբրահամ նահապետի նման գնաս այն աշխարհը, որը քեզ ցույց կտամ, և այդ երկրում քեզ է սպասում նահատակության պսակը:

Այդ ժամանակ Հուլիանոսը պատրաստվում է արշավել Պարսկաստան, քանի որ նրա գուշակներն ասել էին, թե ինքը Ալեքսանդր Մակեդոնացու նման կտիրի ողջ աշխարհին:

Նույն այդ ժամանակ Սարգիս զորավարը որոշում է հեռանալ և գնալ այլ երկիր՝ ասելով, թե հասել է հեռանալու մասին տեսիլում ասված ժամանակը: Ահա այսպես, թողնելով իշխանական պատիվները և ունեցվածքը բաժանելով աղքատներին ու վերցնելով Մարտիրոս որդուն, ճանապարհ է ընկնում Հայոց աշխարհ, ուր այդ ժամանակ թագավորում էր Տրդատ Մեծի որդու՝ Խոսրովի որդի Տիրանը: Վերջինս Սարգիս զորավարին ընդունում է մեծ պատվով և ապաստան տալիս, իսկ Հուլիանոս Ուրացողը Պարսկաստանի վրա հարձակվելու համար գալիս է արևելք՝ դեպ Ասորիք, և ճանապարհին նահատակում բազմաթիվ քրիստոնյաների: Հալածանքների այս լուրը տարածվում է, որից սարսափահար մարդիկ, տարբեր կողմեր փախչելով, մի ապահով ապաստան են որոնում:

Հայոց արքա Տիրանը, լսելով այս մասին, ոչ թե վախենում է ծավալված հալածանքներից, այլ մտածում է, որ երբ Հուլիանոսն իմանա Սարգիս զորավարի՝ Հայաստանում գտնվելու մասին, կպահանջի հանձնել նրան, և եթե ինքը Սարգսին չհանձնի Ուրացողին, ապա մեծ խռովություն կընկնի, և կվտանգվի Հայոց աշխարհը: Ուստի նրան խորհուրդ է տալիս գնալ Պարսկաստան՝ Շապուհի մոտ:

Սարգիս զորավարը, լսելով այս խորհուրդը, իր որդու հետ հեռանում է Հայասատանից և գնում Շապուհի մոտ: Վերջինս շատ է ուրախանում, որ իր մոտ է եկել նման քաջ մի զորավար, քանի որ թագավորին հասել էր Սարգսի կատարած քաջագործությունների համբավը: Ահա այս պատճաոով Շապուհը նրան ըդունում է հատուկ պատվով և վստահում իր զորքերի մի մասը:

Վարքում այնուհետև ասվում է, թե Սարգիսն ուր գնում էր կռվելու, հաղթում էր Շապուհի հակառակորդներին: Այս հաղթանակների ընթացքում նրա հավատքը չի նվազում, այլ հակառակը, առավել է զորանում, քանի որ տարած հաղթանակները համարում է արտահայտությունը աստվածային զորության, ուստի հանապազ փառք և աղոթք է մատուցում Աստծուն՝ շարունակելով բարեգործությունները և իր ունեցվածքը աղքատներին բաժանելը:

Երբ Հուլիանոսն իր զորաբանակով գալիս և սկսում է ավերել Պարսից սահմանային գավառները, Շապուհը Սարգսին է ուղարկում կռվելու Հուլիանոսի դեմ:

Սարգսի զորաբանակի զինվորները, տեսնելով Հուլիանոսի բանակի մեծաթիվ լինելը, ասում են, թե անհնար է մարտնչել նման մեծաթիվ հակառակորդի դեմ: Սարգիս զորավարը, տեսնելով նրանց երկյուղը, ասում է. «Ի՛մ եղբայրներ և զինակիցներ, եթե ամբողջ սրտով հավատանք երկնքի և երկրի Արարչին, երբեք չենք զարհուրի թշնամու զորքերից, այլ ճշմարիտ Աստծո անհաղթելի զորությամբ ձեզնից ամեն մեկը նրանցից հազարին կհալածի»: Նաև ասում է, թե ձեր կողմից Աստված անվանվածները որևէ զորություն չունեն, և ոչ էլ այն լուսատուները և բնության տարերքները և կուռքերը, որոնց պաշտում եք, քանի որ նրանց աչքերը չեն տեսնում, ականջները չեն լսում, ձեռքերը չեն շոշափում, ոտքերը չեն ընթանում և բերանները խոսք չեն բարբառում: Այդժամ զինվորները նրան հարցնում են՝ իսկ քո Աստվածն ո՞ւր է, ցո՛ւյց տուր մեզ, որ հավատանք: Սարգիսը նրանց պատասխանում է. «Իմ Աստվածը բոլոր նեղյալների Աստվածն է՝ երևելիների և աներևույթների», և ներկայացնում է Սուրբ Երրորդությունը և քրիստոնեական հավատը, ինչպես որ Սուրբ Գրիգորն էր Վաղարշապատի հնձաններում հավաքված պատուհասված բազմությանը քարոզում և նախապատրաստում ապաշխարությամբ դարձի: Լսելով նրա քարոզությունը՝ շատերն են հավատքի գալիս և մկրտվում նրա հետ եղող քահանաների ձեռքով:

Հուլիանոս Ուրացողի զորքն այդ ժամանակ աստվածային աներևույթ ազդմամբ ցրվում է, և զինվորները, իրար չտեսնելով, հեռանում են մեկը մյուսից, ինչպես մեգից և մառախուղից մոլորվածները, և երկնքից հնչած ձայնը նրանց ասում է. «Չհանդգնե՛ք պատերազմել Աստծո ծառա Սուրբ Սարգսի հետ, այլապես բոլորդ կկորչեք»:

Տեսնելով տեղի ունեցած հրաշքը՝ Սարգիսը փառք է տալիս Աստծուն և ասում. «Մեծ է մեր Տերը, և մեծ է Նրա զորությունը: Ո՞վ կարող է պատմել Նրա սքանչելիքները:

Եկեք, եղբայրնե՛ր իմ պատվական, փաոք մատուցենք մեր Քրիստոս Աստծուն, որ Իր ողորմածությունը ցույց տվեց Իր ծաոաներին և զորությունը՝ հակառակորդներին»: Նման ձևով զինվորներն են ասում. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և անհաս է Նրա զորությունը: Այսուհետև հավատում ենք Ամենասուրբ Երրորդությանը և մի աստվածությանը, որը մեզ քարոզեց Սարգիսը»:

Այն զինվորներից, սակայն, որոնց հոգում չէր ծագել ճշմարիտ աստվածապաշտության լույսը, մի քանիսը գնում և Շապուհին չարախոսում են, թե Սարգիսը ապստամբեց քո և քո աստվածների դեմ և քարոզում է հավատալ Հիսուս Նազովրեցուն, և իր կողմն է գրավել ողջ զորքին՝ միաբանվելով հռոմայեցոց հետ:

Լսելով այս խոսքերը՝ Շապուհը մեծապես տրտմում ու զայրանում է և սկսում մտածել, թե ինչպես վարվի: Լսելով իր մերձավորների խորհուրդները՝ դիմում է հետևյալ խորամանկությանը: Նա Սարգիս զորավարին մեծամեծ պարգևներ է ուղարկում և մի նամակ գրում, որ գա իր մոտ և իբրև թե խորհրդակցեն, թե ինչպես են պատերազմելու հռոմայեցիների դեմ: Որպեսզի Սարգիս զորավարը չկասկածի և գա, նամակը ուղարկում է նրա որդու միջոցով, որն այդ ժամանակ գտնվում էր Պարսից արքունիքում: Սարգսի որդին, սակայն, երբ այս նամակը վերցրած ճանապարհվում է դեպ նրա բանակատեղին, չհասած այնտեղ՝ գերի է ընկնում Հուլիանոսի զորքի առաջապահ ջոկատների ձեոքը:

Որդու գերվելու լուրը երբ հասնում է Սարգսին, նա խոր տրտմության մեջ է ընկնում և դիմելով Աստծուն՝ ասում է, թե ինչպես լսեցիր Նոյի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի և մնացյալ բոլոր նահապետների աղոթքները, այնպես էլ լսի՛ր ինձ և վերստին արժանացրո՛ւ որդուս տեսնելուն:

Այսպես, երեք օր շարունակ աղոթում է, և երրորդ օրը որդուն բռնողները բերում և հանձնում են՝ ասելով, թե երբ նրան բռնեցին, այդժամ խռովություն ընկավ զորքի մեջ, ու իրենք սկսեցին իրար սպանել, և զորքի հրամանատարներին տեսիլ երևաց, որում ասվել է, որ եթե ազատ չարձակեն այդ պատանուն և հոր մոտ չուղարկեն, բոլորը կսատակեն:

Լսելով այս խոսքերը և տեսնելով որդուն ողջ և աոողջ՝ Սարգիսը ցնծությամբ սկսում է փառաբանել Աստծուն: Այնուհետև երբ որդուց իմանում է, որ թագավորը իրեն կանչում է, հասկանում է՝ թե Շապուհն ինչու է կանչում, և հավաքելով զինվորներին՝ ասում է, թե եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք պաշտում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Զինվորներն ասում են, որ իրենք պատրաստ են նահատակվելու նրա հետ: Սարգիսը նաև ասում է, որ իրենք ոչ թե մարտնչելու են Շապուհի դեմ, այլ հոգևոր պատերազմում նահատակություն են ընդունելու՝ արժանանալով հավիտենական կյանքի պսակին:

Սարգսի գլխավորությամբ նրանք երբ գալիս են Շապուհի մոտ, վերջինս ուրախանում է և ասում, թե բարի եկար, և նրան գովում է կատարած քաջագործությունների համար: Սարգիս զորավարը, սակայն, պատրաստվելով նահատակության, ասում է, որ ինքն այդ ամենը կատարել է շնորհիվ ճշմարիտ Աստծու:

Շապուհի խորհրդատուները նրան ասում են, որ ճշմարիտ Աստված ասելով Սարգիսը նկատի ունի Նազովրեցի Հիսուսին, ինչի համար թագավորը խիստ տրտմում է:

Այնուհետև, երբ գալիս են աստվածներին զոհաբերություններ կատարելու տոնակատարությունների օրերը, Շապուհը պատվիրում է, որ Սարգիսն իր որդու և զինվորների հետ ևս զոհ մատուցի կուռքերին: Այդժամ երանելին հասկանում է, որ եկել է իր նահատակության ժամը և խաղաղված հոգով աղոթում է առ Աստված, ու որդու հետ գնում թագավորի մոտ: Շապուհը բարձր ձայնով նրան ասում է. «Սարգի՛ս, պատվականդ իմ զորագլուխներից, աոա’ջ եկ և զոհի’ր կրակին ըստ մեր բոլորի օրենքի և խունկ մատուցիր մեր աստվածներին՝ որպես իրապես աստվածասեր, որպեսզի քեզ չարախոսողները ամոթով մնան»:

Երանելի Սարգիսը, սակայն, ասում է, որ ինքը միայն ճշմարիտ Աստծուն է զոհ մատուցում և երկրպագում Նրան, Ով արարեց երկինքն ու երկիրը և Ով հավիտենական թագավորն է: Լսելով այս խոսքերը՝ թագավորն ասում է, թե ահա հայտնի դարձավ քո մոլորությունը, և տարբեր մեղադրանքներ է ուղղում նրան: Սարգիս զորավարը, սակայն, Սուրբ Հոգու ազդմամբ լցվելով զորությամբ, խորտակում է կուռքերը, որից մոլեգնած մոգերն սկսում են հարվածել նրան, ապա և նահատակում են Սարգսի Մարտիրոս որդուն, ով, ինչպես վարքագիրն է գրում, իր Մարտիրոս անվանն արժանանում է նաև իր նահատակությամբ՝ պսակակից դառնալով հանուն Քրիստոսի՝ իրենից աոաջ նահատակվածներին: Երբ ցանկանում են սպանել նաև Սարգսին, թագավորը թույլ չի տալիս՝ հրամայելով շղթայել և բանտ նետել:

Բանտում երանելին փառք է տալիս Աստծուն, որ հանուն Նրա արժանի եղավ նման չարչարանքներ կրելու և որ իր որդին արժանի դարձավ նահատակության:

Մինչ բանտում այսպես ողջ գիշերն աղոթում էր, նրան է երևում սատանան և ասում, թե ի՞նչ ես շահում քո այդ համառությունից, լսի՛ր թագավորին և երանելի մեկը կդաոնաս: Սարգիսը նրան պատասխանում է. «Հե՛տ անցիր և գնա՛, ճշմարտությա՛ն հակառակորդ և հա՛յր ստության»:

Այնուհետև երանելուն երևում է Հիսուս՝ երկնային զորքերի հետ, և բանտը լցվում է աստվածային լույսով, և երանելու ձեոքերի շղթաներն ընկնում են: Ճառագած լույսից հնչող ձայնն ասում է. «Քաջալերվի՛ր, Իմ բարի և հավատարիմ ծաոա Սարգիս, և քո սրտում միվախեցիր քո մահկանացու մարմինը սպանողներից, որովհետև տրտմության այս տեղից և հողանյութ հարկերից մտնելու ես դեպ անդավաճան ուրախության լուսեղեն խորանները քո Տիրոջ»:

Տեսնելով աստվածային այս լույսը՝ շատերն են բանտ գալիս և հիանում թե’ այս պայծառ լույսով և թե’ նրանով, որ Սարգսի շղթաներն իրենք իրենց թափվել են: Նրանք գնում և այս մասին պատմում են թագավորին: Շապուհը երանելուն կանչում է իր մոտ և ասում, թե ո՛վ անմիտ թշվառական, որ թշնամի ես քո անձին, ի՞նչ շահեցիր՝ հակառակվելով մեր հրամանին, բացի չարչարանքից, անարգանքից և որդուդ կորստից: Այսպես փորձում է համոզել նրան, որ հրաժարվի քրիստոնեությունից և դարձյալ գլխավորի իր բանակը, քանի որ Հուլիանոսն իր զորքով սպառնում էր Պարսից տերությանը:

Երանելի Սարգիսը, սակայն, նրան պատասխանելով ասում է, որ մի՞թե չզգացիր քո աստվածներին հասցված նախատինքը, չտեսա՞ր՝ ինչպես կոտրտվելով փոշու վերածվեցին, և չիմացա՞ր այդպիսով նրանց տկարությունը: Շարունակելով խոսքը՝ նորից ասում է, որ ինքը պաշտում է ճշմարիտ Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին:

Լսելով այս խոսքերը՝ Շապուհը հույժ բարկանում է և պատվիրում հանել նրա զինվորական պատմուճանը՝ ասելով, թե Սարգիսը չցանկացավ ճանաչել իրեն ընծայված պատիվը, ուրեմն թող ճանաչի անպատվությունը և մահանա իր մեղքերի համար: Հրամայում է քաղաքից դուրս տանել և այնտեղ սպանել:

Նրան տանում են Սալք անվանված տեղը: Սրբի ետևից գնում են մեծ թվով քրիստոնյաներ և հեթանոսներ:

Հասնելով նահատակության վայրը՝ երանելին սկսում է աղոթել և դիմելով Աստծուն՝ ասում է, որ իրեն դասակից դարձնի նրանց, ովքեր չարչարվեցին ու նահատակվեցին Աստծու անվան համար:

Այս աղոթքից հետո իջնում է Տիրոջ հրեշտակը՝ ձեոքին լուսապայծառ պսակ, և ասում. «Զորացի՛ր, քա՛ջ նահատակդ Քրիստոսի, և միերկնչիր մարմանդ սպանողներից, քանզի քեզ համար բացվեց երկնքի արքայության դուռը, և ինչ-որ խնդրեցիր, քեզ տրվեց Աստծուց, և բոլոր հավատացյալներին, ովքեր կխնդրեն քո անվամբ, կշնորհվի Տիրոջ կողմից»:

Հրեշտակի խոսքերից հետո Սարգիսը, դիմելով հավաքվածներին, ասում է, որ չվհատվեն՝ իր նահատակությունը տեսնելով, և խոնարհելով դահիճի աոաջ իր պարանոցը՝ ասում է. «Տե՛ր Հիսուս, ա՛ռ իմ հոգին», որից հետո դահիճը սրով կտրում է  նրա գլուխը, և այդ պահին երանելու մարմինը պատվում է երկնային լույսով ապա երկնքից հնչած ձայնն ասում է. «Արդ, ե՛կ, երանելիդ Սարգիս, և ժառանգի՚ր հավիտենական հանգիստը բոլոր սրբերի հետ միասին»:

Նրա հավատացյալ զինվորներից այնտեղ եղողները նրա մարմինը պատում են մաքուր հանդերձներով: Շապուհը, իմանալով այս մասին, դահիճներ է ուղարկում, որոնք սպանում են նրանցից տասնչորս հոգու, և ապա հրամայում է գազաններ բաց թողնել, որպեսզի հոշոտեն նրանց մարմինները, սակայն աստվածային ազդմամբ՝ գազանները մոտ չեն գալիս, որից հետո որոշում են այրել «Քրիստոսի նահատակների մարմինները: Այդ ժամանակ, սակայն, լուր է հասնում, որ Հուլիանոսն իր զորքով գալիս է: Շապուհը, ամեն ինչ թողնելով, շտապում է նրա դեմ պատերազմի: Այդ գիշեր հավատացյալները գալիս են, վերցնում նրա մարմինը որդու և տասնչորս զինվորների մարմինների հետ և պահում մի պատվավոր տեղում:

Վկայաբանության վերջում ասվում է, որ Սուրբ Սարգսի նահատակությունը տեղի է ունեցել հունվարի երեսունմեկին: Պատմիչների հաղորդած տեղեկությունների, Հուլիանոսի, Տիրանի և Շապուհի գահակալությունների թվականների համադրման և տոմարական հաշվումների հիման վրա՝ նրա նահատակության թվականն էլ համարվում է 361-ը:

ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Advertisements