ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԵՂԵԳՆԱՁՈՐՒ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Վայոց Ձորի թեմի Քրիստոնեական  դաստիարակության կենտրոնի և թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Եղեգնաձորում յուրովի նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի տոնը:

Հունվարի 25-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց երիտասարդաց օրհնության կարգ:

Հանդիսապետությամբ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի`Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց երիտասարդների օրհնության կարգ, ապա օրհնվեցին երիտասարդների կողմից եկեղեցի բերված աղի բլիթները:

Այնուհետև Հայր Զարեհը հավուր պատշաճի քարոզով ոգևորեց եկեղեցում հավաքված երիտասարդներին:

Վերջում Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Սբ. Սարգսի տոնին նվիրված երթ, որին մասնակից թեմի երիտասարդաց միության անդամների առջևից գնում էր Սբ. Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավոր, ով մաղթանքներ էր հղում բոլորին:

25.01.2013թ.

Advertisements

ՔԱՀԱՆԱՅԻՑ ԺՈՂՈՎ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


Սույն թվականի հունվարի 25-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ այս տարվա քահանայից ժողովը` նախագահությամբ թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի:

Ժողովի ընթացքում քննարկվեցին առաջիկայում քարոզչական ծրագրերի առավել ակտիվացման և մի շարք կազմակերպչական հարցեր: Առաջնորդ Սրբազան Հայրը քահանայից դասին ներկայացրեց փետրվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք Սուրբ Ղևոնդյանց տոնին նվիրված ժողովի օրակարգը:

Ժողովն ավարտվեց Աղոթքով:

25.01.2013թ.