Վայոց Ձորի թեմ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Advertisements

ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Ազատ ու անկախ հայրենիք ունենալու երազանքն ամեն մի ժողովրդի մեծագույն իղձն է:  Հազարամյակներից եկող մեր անպարտելի ժողովուրդը` աշխարհակալներ, թագավորություններ ունեցած, ավերներ, ցեղասպանություններ տեսած մեր ժողովուրդն իր անկոտրուն հավատով ու կամքով կրկին իրագործեց իր գերագույն նպատակը` հասավ անկախության: Սակայն պատմության մագաղաթահոտ պրակները, նաև ներկայի հրամայականները փաստում են այն իրողությունը, որ անկախ հայրենիք ունենալու համար պետք է պայքարել:

Այդ պայքարը միշտ ուղեկցել է մեր ժողովրդին իր պատմության դժվարին ճամփաներին: Այդ պայքարի բոցերում են ծնվել հայոց դյուցազունները` հայ քաջերը, այն ընտրյալները, ովքեր առաջնորդել են մեր բանակը` ազատության, անկախության հայրենապահպանության բյուրավոր մարտերում: Հայոց բանակի արի զինվորներն իբրև սկզբունք միշտ որդեգրել են այն ճշմարտությունը, որը հստակ ձևակերպեց հայ նշանավոր զորավար Գարեգին Նժդեհը. <<Ուժեղը նա չէ, որի հաղթությունները ռազմական լինելով, բարոյական չեն>>:

Այո՛, հայ զինվորն արժանապատիվ զինվոր է: Նրա համար անգին ու նվիրական սրբություններ են Հայրենիքն ու Եկեղեցին, ազգն ու ժողովուրդը: Իսկ մեր ժողովուրդը միշտ էլ ապավինել է իրեն պաշտպանող զինվորին, իր հոգում մրմնջալով հավերժական աղոթք նրա համար, իր երգերում, բանաստեղծության մեջ ոգեկոչել է հայ քաջերի, հայ զինվորի փառքը, սխրանքներն ու աներկբա հայրենասիրությունը: Չէ՞ որ հայ զինվորի քաջությունն ու անձնուրաց հայրենասիրությունը նրան առաջնորդեցին Ավարայր,  Սարդարապատ, Արցախ…

Լինելով  շատ զորամասերում, հատկապես ներկա գտնվելով հայ զինվորի երդման արարողություններին, տեսել եմ նրանց աչքերի կրակները, որոնք նրանց բոցավառ, հայրենասեր հոգիների արտացոլանքն էին կարծես:

Ազգային արժանապատվության հրով է այդ պահերին  ջերմացել հոգիս:  Միշտ, երբ  նայում եմ նրանց խրոխտ կեցվածքին և խորհում` որ հիրավի հայրենյաց այսօրվա մեր պաշտպանները, արժանի ժառանգորդներն են մեր հերոսական նախնիների, որոնց երդումը իրենց  զոհաբերումն  էր, իրենց աննահանջ պայքարն ու հաղթական ուղին:

Կրկին անգամ համոզվում եմ, որ սա այն սերունդն է, որը պիտի ոգեկոչի մեր անցյալի հերոսների փառքը, առաջնորդվի դրանով, պահպանի մեր հույսի ու լույսի հայրենիքը: Լսելով հայրենիքի պաշտպան հայ զինվորի երդումը` մտովի հակառակվում եմ բոլոր այն կեղծ գաղափարախոսներին, ովքեր իրենց սխալ տեսակետներով փորձում են մոլորեցնել երիտասարդներին` հորդորելով նրանց, որ հավատացյալը զենք չպիտի կրի, չպիտի  ծառայի բանակում: Արդյոք նրանք մոռանում են, թե՞ չեն ուզում հիշել, որ հայրենիքի պաշտպանությունը` սրբազան պաշտպանությունն է նաև Եկեղեցու ու հավատի, առանց որի հայրենիք և ժողովուրդ հասկացությունները անհնար է պատկերացնել: Վկան` հայրենյաց պաշտպանության բոլոր արժանահիշատակ հերոսամարտերն են, որոնց քաջարի պաշտպանների շարքերում էին` Հովսեփ Վայոցձորեցի Կաթողիկոսը, Եղիշեն, Ղևոնդ Երեցը, Ներսես Աշտարակեցին, Գարեգին Վարդապետ Հովսեփյանցը և այլք:

Ազգի համար մղվող բազում ինքնապաշտպանական մարտեր կամ կազմակերպվում էին Հայ Եկեղեցու սպասավորների կողմից, կամ  մահապարտների գնդեր կազմած, նրանք ընթանում էին միշտ առջևից: Տեղին է հիշատակել նաև Քրիստոսի ընդհանուր եկեղեցու զորավար սրբերի անունները` Սբ. Սարգիս, Սբ. Գևորգ, Սբ. Թեոդորոս և այլն:

Այո′, հայրենիքի պաշտպանության գաղափարը գերակա է  հայերիս մոտ  և դժվարին պահերին` իբրև Հայկ նահապետի  զարմից ծնված, Տիգրան Մեծի խոհականությունն  ու Վարդան Մամիկոնյանի անձնուրաց հավատը ժառանգող ճշմարիտ հայորդիներ` թե′ աշխարհական, թե′ հոգևորական միշտ զինվոր պիտի լինենք, միշտ լրացնող հաղթանակած մեր բանակին` մեր անկախության երաշխավորին:

Թող Ամենակարող Աստված Իր կենարար Սբ. Խաչի զորությամբ օրհնի, պահի ու պահպանի Հայոց ազգային բանակը` հայ հրամանատարին, հայ զինվորին. Ամեն:

ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ

Ամենակարող Տե´ր,

Քո Աստվածային զորությամբ ամրացրու

 ինձ, տուր ինձ վճռականություն՝ սուրբ

 հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:

Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու

 ինձ ավելի համարձակ, կարգապահ ու

ընկերասեր:

Երկնային Զորքիդ բարեխոսությամբ

 զորացրու և պահպանիր զինակիցներիս,

 հրամանատարներիս ու ինձ:

Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո

 ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:

Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ.

 այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.

 Ամեն:

            

Advertisements