451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ


This slideshow requires JavaScript.

Ինչպես պատմությունից մեզ հայտնի է, հայոց կյանքը հարուստ է բուռն իրադարձություններով: Խաղաղ, ստեղծագործ աշխատանքին բազմիցս փոխարինել են պատերազմները և հայ մարդը, իր կամքից անկախ, արարելու փոխարեն իր հայրենիքն է պաշտպանել: Այսպիսի վառ օրինակներից մեկն Ավարայրի հերոսապատումն էր, ուր միմյանց դեմ ելան հավատի ու հավատուրացության, հայրենիքի և ստրկացման իրարամերժ գաղափարները: Ավարայր էին եկել ոչ միայն հայոց ռազմական  ուժը, այլ նաև մտքի ու հոգու, լույսի ու Ավետարանի, հողի ու հայրենիքի մշաակները:

Ավարայրի սուրբ պատերազմի մասին խոսելիս անհրաժեշտ է հիշել Վայոց Ձորի տարածքում տեղի ունեցած ճակատամարտերը, որոնց մասին հիշատակվում են պատմիչներ Եղիշեի, Ստեփանոս Օրբելյանի և այլոց գործերում:

451թ. Ավարայրի ճակատամարտից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց Ձոր՝ այնտեղից Արցախ անցնելու համար: Պարսկական զորքն սկսում է հետապնդել: Հայկական զորքը հասնում է Սրկղոնք /հետագայում՝ Խոտորալեզ, ներկայիս՝ Եղեգնաձոր/ բնակավայր և ամրանում մեծ ու կոփածո քարերով կառուցված բերդում: Մեծաթիվ պարսկական զորքը շրջապատում է բերդը: Սկսվում է նոր մի ճակատամարտ, փաստորեն, Ավարայրի շարունակությունը: Չկարողանալով հաղթել, հայերը ճեղքում են պարսիկների շրջապատումը և շարժվում դեպի Վայոց Ձորի լեռները՝ Եղեգյաց ձոր-Անգեղաձոր-Արտաբույնք-Ցախաց քար ուղղությամբ:

Նախ ասենք, որ Վարդանանց պատերազմի ժամանակ՝ 451թ. Հայոց կաթողիկոսն էր Հովսեփ Վայոցձորեցին (ծնված Վայոց Ձորի Հողոցիմ գյուղում), որին 454թ. Տիզբոնում տեղի ունեցած դատավորության ընթացքում համարձակ ելույթից հետո Ղևոնդ երեցի և մյուսների հետ գազանաբար սպանում են Նյուշապուհ քաղաքի մոտ:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Վարդանանց պատերազմից հետո հայկական ջոկատներին հետապնդող պարսից զորքը շարունակ հարվածներ է հասցնում նրան տարբեր վայրերում: Այդպիսի չորս տեղ կա Վայոց Ձորում: Առաջին ամենամեծ բախումը տեղի է ունեցել ներկայիս Եղեգնաձորի <<Քյոշք>> ամրոցի մոտ:

Ստեփանոս Օրբելյանը գրում է. <<Հասնելով Վայոց Ձոր գավառի մեջտեղը, Եղեգիս և Մոզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի մոտ / խոսքը <<Քյոշք>> -ի մասին է, որի՝ մեծամեծ քարերով կառուցված եռաշարք պարիսպները կանգուն են մինչև այսօր /մեծ արյունահեղություն արեցին>> /Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 107, Երևան 1986թ./: Հայ մարտիկները թշնամուն հերոսաբար դիմադրում են, կոտորում պարսիկներին, սակայն իրենք էլ են զոհեր տալիս: Ապա, ճեղքելով շրջապատումը՝ նահանջում են դեպի հյուսիս:

461թ. կաթողիկոս է ընտրվում Գյուտ Արահեզացին, ով Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր, դասընկերը Հովսեփ Վայոցձորեցու: Գյուտ կաթողիկոսը պատվիրում է, որ ամենուրեք պատվով պահվի Վարդանանց նահատակների հիշատակը՝ սերունդներին Վարդանանց ոգով դաստիարակելու համար: Վարդանանց նահատակները հայտարարվում են Հայ Եկեղեցու սրբեր: Դա, փաստորեն, գաղափարական հիմքն էր ու սկիզբը Վահանյան շարժման, որ հաղթանակով պսակվեց Նվարսակի դաշնագրով: Ահա, Գյուտ կաթողիկոսի այս նախաձեռնության շնորհիվ է, որ Վայոց Ձորում տեղի ունեցած ճակատամարտի վայրում, բերդին կից, կառուցվում է Վարդանանց գեղակերտ եկեղեցին՝ սրբատաշ ու երկգմփեթ, երկու կողմերից գավիթներ ու սրահներ, սյունազարդ վերնատնով հրաշակերտ մի կառույց: Միայն այն վկայությունը, որ եկեղեցին օծում են Գյուտ կաթողիկոսն ու Սյունյաց Անանիա եպիսկոպոսը և ութ օր <<բազմամբոխ ժողովրդով>> տոնախմբություններ են կատարում, կազմակերպում նահատակների ոսկորների հուղարկավորությունը եկեղեցու և բերդի տարածքում, վկայում է կատարվող իրադարձության համազգային նշանակությունը:

Եղեգնաձորի բերդի և′ տեղը, և′ տեսքը, որ հայտնի է նաև Քեոշք անունով, մանրամասնորեն նկարագրված է պատմիչների կողմից: Այն մասնակիորեն ուսումնասիրել է նաև Ս. Բարխուդարյաննն իր <<Դիվան հայ վիմագրության>>   3-րդ հատորում:

 <<Միկոյան գյուղի /ներկայիս Եղեգնաձոր/ հարավային եզրին գտնվող բլրի գլխին այժմ էլ մնում են Վայոց Ձորում շինարարական տեխնիկայի ամնահին նմուշ հանդիսացող մեծամեծ և թեթև կոփված քարերից շարված պարիսպները>>: Բերդը շատ լավ է պահպանված, Խորհրդային տարիներին ծրագիր կար այն վերականգնելու, նույնիսկ բերդին մոտ ապրող բնակիչներին փոխհատուցումներ տրվեցին տների տեսքով և աշխատանքները պիտի սկսվեին:

<<Քյոշք>>-ը որպես անառիկ բերդ գոյություն է ունեցել մ.թ. ա. 2-1-ին հազարամյակներում, որը Սյունյաց աշխարհի ամենահին շինություններից մեկն է և համարվում է Կիկլոպյան ամրոց: Նրա շրջակայքից բնակիչները հայտնաբերել են կենցաղային և մարտական իրեր, որոնք պահվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում: Այդ իրերը մ.թ.ա. 3-1-ին հազարամյակների վկաներն են:

Քյոշքի հնագիտական պեղումների ժամանակ, համոզված ենք, որ կհայտնաբերվեն պատմական շատ արժեքավոր նյութեր, զենքեր, թերևս, նաև տեղեկություններ Ավարայրի ճակատամարտի մասին: Եղեգնաձորում տեղի ունեցած կռվից հետո հայկական զինվորների և պարսիկների միջև տեղի է ունենում երկրորդ ճակատամարտը: Դրա մասին Ստ. Օրբելյանը գրում է, որ պարսկական հեծելազորը հետապնդելով Քյոշք բլուրից հեռացող հայ զինվորներին, որոնց ղեկավարն էր Մարտիրեն, հասնում են նրանց Բերդաքար / այժմ՝ Պռոշաբերդ/ ամրոցի մոտ գտնվող մի ձորակում, ուր և տեղի է ունենում ճակատամարտը: Այստեղ զոհվում են շատերը, որոնց աճյուններրն ամփոփվում են Բերդաքարի մոտ գտնվող վանքի գերեզմանոցում: Դրանց հետքերն այսօր էլ պահպանվում են: Continue reading

Advertisements

Հերհերի վանք


Հերհերի գյուղը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում, հին Երերերն է: Հերհերն իր բնությամբ և շրջակայքով հանդերձ անբացատրելի ու արտասովոր գեղեցիկ է: Մի շարք օտարեկրացիների կողմից այն անվանվել է “երկրային դրախտ”:  Գյուղի ոլորուն ճանապարհը իջնում է դեպի ձոր, որտեղ էլ մի մեկուսի ժայռի գլխին, երկու ձորերով եզերվելով, բազմած է Հերհերի վանքը (գյուղից 1 կմ հյուսիս-արևելք): Այս բարձրունքը բոլոր կողմերից պաշտպանված է ձորերի բարձր քարափներով, իսկ խոցելի-թույլ տեղերը ամրացված են պարիսպներով, որոնք այդ վայրը դարձնում են անառիկ բնակատեղի: Վանքը հիմնադրվել է վաղ միջնադարում, ստույգ հայտի չէ երբ, բայց հիշատակվում է 8-րդ դարից սկսած: Վանքի շրջակայքում կան նաև մի շարք գերեզմանաքարեր ու խաչքարեր: Նկատվում են առանձին շենքերի հետքեր: 

Վանքի հնագույն կառուցվածքը` ՍՍիոն եկեղեցին (կոչվում է նաև Սբ. Սիոն մենաստան) կառուցված է կոպտատաշ ավազաքարից, ներսից սվաղված է և ունի միանավ թաղածածկ: Հատակագիծն արտաքուստ քառանկյունի է ներսից` արևելյան և արևմտյան ծայրերն ունեն կիսակլոր ապսիդներ, որոնք եզակի են հայկական ճարտարապետության մեջ:  Արևելյան կողմի ապսիդի մեջ շինված է ցածրիկ բեմ: Ծածկը թաղակապ է, երկթեք տանիքով: Առաստաղը գոտկող միակ տաղակիր կամարի կրունկները հենվում են կալունակների վրա: Արևմտյան և հարավային կողմերից ունի մուտքեր: Հարավայինը հավանական է բաց են արել երկրորդ եկեղեցին կառուցելու միջոցին: Տանիքը պատած է մաքուր հղկած սալաքարերով. նկատելի են վերանորոգման հետքեր: Նրա ճարտարապետական ձևերը խաչաձև և բազիլիկատիպ ձևերի միացում է, որը ենթադրել է տալիս, թե եկեղեցին կարող է կառուցված լինել 8-9-րդ դարերում: Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռ, որի ծածկը թաղակապ է, արևելյան կողմից կիսակլոր աբսիդով: Մուտքը հարավային կողմից է` Սիոն եկեղեցու միջից: Վերջինիս հարավից կից է Ս.Աստվածածին եկեղեցին, փոքրիկ շինարարական կառուցվածք, որը, ըստ հարավային պատի ընդարձակ արձանագրության և արևմտյան ճակատին եղած թվականին համաձայն, կառուցել է Մագիստրոսի թոռ, Վասակի որդի Վահրամ Շահուռնեցի իշխանը 1282-1283 թթ: Սրբատաշ քարից կառուցված եկեղեցին քառանկյունի հատակագծով էմիանավ, թաղածածկ, իսկ արևելքում զույգ կիսաշրջանաձև խորաններով (ապսիդներով), արևմտյան ճակատին ճանկերում խոյ բռնած արծվի բարձրաքանդակով: Երկու մուտքերից մեկը բացվում է արևմտյան, իսկ մյուսը` հյուսիսային կողմից և տանում է դեպի հին եկեղեցին: Հարուստ է վիմական արձանագրություններով` նվիրատվական բովանդակությամբ, որոնց վրա կան 1282, 1283, 1259, 1308, 1317, 1326, 1345 թվականներ: Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է Օրբելյանների տոհմանիշը` վրան 1282 թ.:

Եկեղեցուն կից տարածվում է փոքրիկ գերեզմանոց, որի գերեզմանաքարերը գլխավորապես ավազաքարից են. զանազան ձևի մշակումով: Գերեզմանոցում կան բազմաթիվ խաչքարեր, բոլորն էլ պատվանդաններով և գեղեցիկ ձևով քանդակազարդված: Դրանց վրա կան` 1283, 1291, 1310, 1413, 1435, 1649 թվականների արձանագրություններ:

Հերհերի ՍՍիոն անապատը (ամբողջական համալիրը նաև այսպես են անվանում) XIII-XIV դդ. եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: XIV դարում անապատի համալիրը նորոգել է ոմն Մեթարը:

Կան վկայություններ  նաև այն մասին, որ 1349-ին այստեղ Վահան գրիչը Ավետարանն է ընդօրինակել:
Հատկապես Հերհերի եկեղեցին, ինչպես նաև գյուղի սահմաններում պահպանված նյութական կուլտուրայի բազմաթիվ հուշարձանները մասամբ հաստատում են որոշ բանասերների այն պնդումը, համաձայն որի` Հերհերի գյուղը հնում քաղաքատիպ ավան է եղել:

Ընդ որում, վանքի պատերից  մեկի վրա, ըստ երևույթին 13-րդ դարի դժվարընթեռնելի մի արձանագրություն կա, ըստ որի այդ ավանը նախկինում կոչվել է Առինջ:    Հերհերի վանքը իրենից կարևոր արժեք է ներկայացնում հայ ճարտարապետության մեջ: Այն կարծես ձուլված լինի տեղանքին` այնքան ներդաշնակ ու խորհրդավոր: Ամենուր խաչքարեր ու ավերակներ. իսկ երկու «եղբայր» եկեղեցիներըկածես միմյանց մեջք մեջքի,  դարերով լուռ կանգնած են: Այս ամենին իր յուրովի երանգն են տալիս  ձորը` աղմկոտ, վարար, և ժայռերից վերև` Վայոց սարը: Մարդու աչքը դժվարությամբ էր բաժանվում այս հոյեկերտ վանքի տեսարանից:

ՏՈՆ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Որք  զմարմինս իւրանց քեզ հայր

 ընծայեցին եւ որդւոյ քում Քրիստոսի եղեն

 խաչակիցք, աղաչանօք  սոցա՝  կեցո զմեզ»:

(Շարակնոց)

Իմացյալ նահատակություն: Ահա Շարակնոցի այս տողերի իմաստը, ինչը լիովին բնութագրում է Սուրբ Վարդանանց:

Վարդանանց տոնը մեր եկեղեցու տոնացույցի ամենասիրված, ազգային տարրերով առանձնացող տոներից մեկն է, որը մեծ շուքով և հանդիսավորությամբ հիշատակում է Հայոց Սուրբ Եկեղեցին: Վարդանանց պատերազմում սուրբ նահատակների արյան գնով ձեոք բերված բարոյական հաղթանակը մեր ազգի ինքնության խորհրդանիշն է: Այն սրբագործեց մեր ժողովրդի ազգային-կրոնական կյանքն ու բարոյական նկարագիրը: «Աստվածային օրենքը թող թագավորի ամեն բանի մեջ և նույն օրենքի դեմ մեղանչողները թող ստանան իրենց դատապարտությունն ու պատիժը»,- այդպես էին Քրիստոսի զինվորները ներշնչվում մարտից աոաջ: Իսկ Հովսեփ կաթողիկոսը պարսից Հազկերտ արքայի նամակին այսպես պատասխանեց. «Եվ նրա անունն է երկնքի և երկրի Արարիչ, իսկ երկնքից և երկրից աոաջ, իբրև ինքնագո, ինքնանուն է: Ինքը ժամանակ է, իսկ կամեցավ սկիզբ դնել լինելության ոչ թե ինչ որ բանից, այլ ոչնչից…»:

Հինգերորդ դարում իր գոյության իրավունքի համար գոյամարտի ելած ժողովուրդը գնում էր արժևորելու Հիսուսի զոհողության խորհուրդը, գնում էր զոհողության համար զոհողություն ունենալու Քրիստոսի պատկերն իր մեջ, նրա արյունն իր երակներում, նրա քաջությունն իր սրտում, ինչպես կասեր աոաքյալը. «Որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը մեր մեջ եւ մենք փառավորվենք նրա մեջ, մեր Աստված և Տեր Հիսուսի Քրիստոսի շնորհի համաձայն»:

Քաղաքականապես տկար Հայաստանը՝ բզկտված, թալանված, տառապած, ի վերուստ ստացավ այդ շնորհը և փառավորվեց սերունդների կողմից:

Վարդանանց պատերազմը նաև մեր ինքնությունը հաստատելու կարևորագույն պայման էր: Եվ 451 թվականին, Աստծու զորակցությամբ հայերը ճակատամարտի դուրս ելան Տղմուտ գետի ափին, պարսից անհավասար ուժերի դեմ, գիտակցելով մահը: Ինչպիսի անձնազոհություն, չէ՞ որ յուրաքանչյուր մարդու համար ամենաթանկը կյանքն է: Սակայն Վարդանանց պատերազմում կռվող զինվորը վստահ էր, որ մի ուրիշ աշխարհում, Աստծու թագավորության մեջ, Տերը պիտի անմահացնի և բյուրեղացնի բովանդակ այս կյանքը, որ հաճախ գայթում է Տիրոջ նախանշած ճշմարիտ ուղուց: Նրանք գիտակցում էին, որ իրենց մահը հիրավի անմահություն է և կռվում էին հավատալով, որ Տերն իրենց հետ է, և բոլորին ուղեկցում էր Տիրոջ պատգամը. «Մի երկնչիր, այլ միայն հավատա»: Այդ գերագույն հավատը մղեց նրանց կենաց ու մահու ճակատամարտի՝ հանուն Աստծու, եկեղեցու և գոյության իրավունքի: Վարդանանց աոաջնորդում էր. «Հանուն սերունդների, հանուն ձեզ և մեզանից հետո եկողների» կարգախոսը:

Թեև անհավասար այդ մարտն արդեն մահ էր, սակայն Վարդանանք, Աստծուն ծառայելու բոլորանվեր սիրո և անմնացորդ նվիրման խորհրդով, դուրս եկան անարդարության մարտադաշտ, արդարությունն ապրեցնելու համար: Վարդանանց քաջերն ականջալուր էին Դավթի պատգամին. «Պատվական է Տիրոջ աոջև իր սուրբերի մահը»:

Քաջազուն հայորդիք և ազնվափայլ տիկնայք հպարտությամբ պաշտպանելու ելան իրենց հավատը, լեզուն, մշակույթը՝ ազգի ինքնության առհավատչյան: Վարդանանց քաջերն էին, որ տեր կանգնեցին Մաշտոցի հանճարեղ գյուտին՝ հայոց այբուբենին, ծաղկում ապրող մեր ինքնությունն ու դիմագիծը պատմության մեջ կերտող քրիստոնեական մեր նոր մշակույթին: Ավարայրի ճակատամարտով մեր ժողովուրդը ոչ միայն փորձում էր ազատվել օտարների քաղաքական իշխանության լծից, այլ նաեւ թոթափել օտար քաղաքակրթությունների լուծը, որոնց տիրապետությունը Հայաստանում ոչ մի լավ բան չէր խոստանում մեզ:

451 թվականին Ավարայրի դաշտում, պարսիկների դեմ, օտարների կարծիքով, թույլ, պառակտված մի ժողովուրդ էր մարտի ելել, որի վախճանն արդեն մոտեցել էր: Սակայն իրականում այդ ժողովուրդն ապացուցեց, որ ինքը միակամ է և միասնական իր սրբությունների պաշտպանության, իր հոգու և հավատի շենքը հաստատ և ամուր պահելու հարցում: Եվ պարսից արքայի հզոր բանակի դեմ ծառացավ հերոսական ու հաստատակամ մի ժողովուրդ՝ ժխտելով իր մասին գոյություն ունեցող թյուր կարծիքը: Continue reading