ՏՈՆ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Որք  զմարմինս իւրանց քեզ հայր

 ընծայեցին եւ որդւոյ քում Քրիստոսի եղեն

 խաչակիցք, աղաչանօք  սոցա՝  կեցո զմեզ»:

(Շարակնոց)

Իմացյալ նահատակություն: Ահա Շարակնոցի այս տողերի իմաստը, ինչը լիովին բնութագրում է Սուրբ Վարդանանց:

Վարդանանց տոնը մեր եկեղեցու տոնացույցի ամենասիրված, ազգային տարրերով առանձնացող տոներից մեկն է, որը մեծ շուքով և հանդիսավորությամբ հիշատակում է Հայոց Սուրբ Եկեղեցին: Վարդանանց պատերազմում սուրբ նահատակների արյան գնով ձեոք բերված բարոյական հաղթանակը մեր ազգի ինքնության խորհրդանիշն է: Այն սրբագործեց մեր ժողովրդի ազգային-կրոնական կյանքն ու բարոյական նկարագիրը: «Աստվածային օրենքը թող թագավորի ամեն բանի մեջ և նույն օրենքի դեմ մեղանչողները թող ստանան իրենց դատապարտությունն ու պատիժը»,- այդպես էին Քրիստոսի զինվորները ներշնչվում մարտից աոաջ: Իսկ Հովսեփ կաթողիկոսը պարսից Հազկերտ արքայի նամակին այսպես պատասխանեց. «Եվ նրա անունն է երկնքի և երկրի Արարիչ, իսկ երկնքից և երկրից աոաջ, իբրև ինքնագո, ինքնանուն է: Ինքը ժամանակ է, իսկ կամեցավ սկիզբ դնել լինելության ոչ թե ինչ որ բանից, այլ ոչնչից…»:

Հինգերորդ դարում իր գոյության իրավունքի համար գոյամարտի ելած ժողովուրդը գնում էր արժևորելու Հիսուսի զոհողության խորհուրդը, գնում էր զոհողության համար զոհողություն ունենալու Քրիստոսի պատկերն իր մեջ, նրա արյունն իր երակներում, նրա քաջությունն իր սրտում, ինչպես կասեր աոաքյալը. «Որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը մեր մեջ եւ մենք փառավորվենք նրա մեջ, մեր Աստված և Տեր Հիսուսի Քրիստոսի շնորհի համաձայն»:

Քաղաքականապես տկար Հայաստանը՝ բզկտված, թալանված, տառապած, ի վերուստ ստացավ այդ շնորհը և փառավորվեց սերունդների կողմից:

Վարդանանց պատերազմը նաև մեր ինքնությունը հաստատելու կարևորագույն պայման էր: Եվ 451 թվականին, Աստծու զորակցությամբ հայերը ճակատամարտի դուրս ելան Տղմուտ գետի ափին, պարսից անհավասար ուժերի դեմ, գիտակցելով մահը: Ինչպիսի անձնազոհություն, չէ՞ որ յուրաքանչյուր մարդու համար ամենաթանկը կյանքն է: Սակայն Վարդանանց պատերազմում կռվող զինվորը վստահ էր, որ մի ուրիշ աշխարհում, Աստծու թագավորության մեջ, Տերը պիտի անմահացնի և բյուրեղացնի բովանդակ այս կյանքը, որ հաճախ գայթում է Տիրոջ նախանշած ճշմարիտ ուղուց: Նրանք գիտակցում էին, որ իրենց մահը հիրավի անմահություն է և կռվում էին հավատալով, որ Տերն իրենց հետ է, և բոլորին ուղեկցում էր Տիրոջ պատգամը. «Մի երկնչիր, այլ միայն հավատա»: Այդ գերագույն հավատը մղեց նրանց կենաց ու մահու ճակատամարտի՝ հանուն Աստծու, եկեղեցու և գոյության իրավունքի: Վարդանանց աոաջնորդում էր. «Հանուն սերունդների, հանուն ձեզ և մեզանից հետո եկողների» կարգախոսը:

Թեև անհավասար այդ մարտն արդեն մահ էր, սակայն Վարդանանք, Աստծուն ծառայելու բոլորանվեր սիրո և անմնացորդ նվիրման խորհրդով, դուրս եկան անարդարության մարտադաշտ, արդարությունն ապրեցնելու համար: Վարդանանց քաջերն ականջալուր էին Դավթի պատգամին. «Պատվական է Տիրոջ աոջև իր սուրբերի մահը»:

Քաջազուն հայորդիք և ազնվափայլ տիկնայք հպարտությամբ պաշտպանելու ելան իրենց հավատը, լեզուն, մշակույթը՝ ազգի ինքնության առհավատչյան: Վարդանանց քաջերն էին, որ տեր կանգնեցին Մաշտոցի հանճարեղ գյուտին՝ հայոց այբուբենին, ծաղկում ապրող մեր ինքնությունն ու դիմագիծը պատմության մեջ կերտող քրիստոնեական մեր նոր մշակույթին: Ավարայրի ճակատամարտով մեր ժողովուրդը ոչ միայն փորձում էր ազատվել օտարների քաղաքական իշխանության լծից, այլ նաեւ թոթափել օտար քաղաքակրթությունների լուծը, որոնց տիրապետությունը Հայաստանում ոչ մի լավ բան չէր խոստանում մեզ:

451 թվականին Ավարայրի դաշտում, պարսիկների դեմ, օտարների կարծիքով, թույլ, պառակտված մի ժողովուրդ էր մարտի ելել, որի վախճանն արդեն մոտեցել էր: Սակայն իրականում այդ ժողովուրդն ապացուցեց, որ ինքը միակամ է և միասնական իր սրբությունների պաշտպանության, իր հոգու և հավատի շենքը հաստատ և ամուր պահելու հարցում: Եվ պարսից արքայի հզոր բանակի դեմ ծառացավ հերոսական ու հաստատակամ մի ժողովուրդ՝ ժխտելով իր մասին գոյություն ունեցող թյուր կարծիքը:

Այդ ժողովուրդը Ավարայրում նվաճեց քաղաքակիրթ ազգերի կողքին ապրելու և գոյատևելու իր իրավունքը, բացահայտեց օտարների դաժան լծի, բռնատիրության, հալածանքի ու ջարդի պայմաններում անգամ ապրելու հույսը երբեք չկորցնելու հաստատակամությունը: Իսկ սրբացած Վարդան զորավարն իր ասպետներով դարձավ անմահության և այդ հույսի ու կամքի անսասան խորհրդանիշը յուրաքանչյուրիս սրտում և հոգում:

Ահա ինչպես է բնութագրում Սուրբ Վարդանին շարականագիրը. «Քո վարդագույն արյամբ պսակեցիր եկեղեցին»: Այո′, այն հայ եկեղեցին, որը ոչ միայն Քրիստոսի սրբազան հավատով ու աղոթքով, կրթելով ու լուսավորելով է պահպանել մեր ժողովրդին, այլև ճակատագրական, ծանր պահերին իր հավատավոր սպասավորները իսկական ասպետին ու զինվորին արժանի հերոսական կեցվածքով, անձնազոհությամբ, սրբազան նահատակությամբ, զենքով էին պաշտպան կանգնել իրենց հոտին: Շատերի հետ վկայակոչենք Սուրբ Ղևոնդյանց, որոնք զոհվելիս անգամ օրհնություն էին ուղղում առ Աստված: Ինչպես ասված է. «Նահատակաց արյունը՝ սերմն է քրիստոնյաների»: Ահա այդ արյան սերմի ծաղիկն է մեր Սուրբ Եկեղեցին, որը մեր ինքնության պահապանն ու պաշտպանն է եղել դարեր ի վեր: Անշուշտ, այն իր ժողովրդով է եկեղեցի, իսկ ժողովուրդն էլ՝ իր եկեղեցիով: Ահա այս անքակտելի միությունն է մեր ազգի անմահության գաղտնիքը, մեր առաջմղիչ աստվածատուր ուժը, որի զորությունը վկայակոչեցին Վարդանանք, եւ շարունակում են վկայակոչել նորօրյա հերոսները:

Այսօր հոգեկան ցնծության, հրճվանքի, հպարտության օր է, որովհետեւ մենք մտովի ետ ենք գնում դեպի 451 թվական, և մեզ տեսանելի են դառնում մեր եկեղեցու, մեր ժողովրդի մեծերի, հոգևոր հայրերի, մեր հայրենասեր զորավարների ու նախարարների, թեև փափկասուն, սակայն քաջարի հայ կանանց, հերոսացած պարզ շինականի կերպարները, որոնք միասնական ու հաստատակամ էին Ավարայրում: Այսօր էլ փորձում ենք Ավարայրի հերոսական ոգին վերստին ապրեցնել նոր սերնդի հոգում՝ իբրև հայրենասիրության, եկեղեցասիրության, աստվածսիրության խորհրդանիշ: Կրկին դիմենք շարականագրին, որ ասում էր, թե Վարդանանք իրենց արյունը թափեցին նորոգելու համար, վերակենդանացնելու համար Եկեղեցին հայոց, հավատը մեր, որ Հայաստան բերեցին մեր առաջին լուսավորիչները՝ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները, որը Սուրբ Լուսավորիչ հայրապետի օրոք 301թ. մեր պետական կրոնը դարձավ, և որը հայրերի լույսով պայծառակերպեցին նրանց հետնորդները՝ իրենց ազգապահպան ու եկեղեցաշեն գործունեությամբ:

Դա այն հավատն էր, որ մենք ունեինք: Իսկ Սուրբ Մեսրոպի շնչով այն դարձավ մեզ համար էություն և հոգի, կեցություն և պայքարի միջոց, ամուր շղթա մարդ-Աստված կապը հավերժացնելու ու անմահացնելու գործում: Այդ հավատն էր, որ մենք անձնազոհաբար պահպանեցինք դաժան մրրկահողմերում՝ նաև Ավարայրում: Այդ հավատն էր, որ ապրեցրեց մեզ մինչեւ այսօր:

Սիրելիներ, այսօր Վարդանանց ոգեկոչելով և արժևորելով նրանց սխրանքը, փորձում ենք այն օրինակ դարձնել նոր սերնդի համար, որն ապրում է նոր կյանքով, նոր նպատակներով, նոր տեսիլքներով և հեռանկարներով:

Այսօր էլ կա վտանգը՝  կորցնելու այն արժեքները, որոնց համար պայքարեցին Վարդանանք: Այսօր էլ բազում են ոչ միայն ուրիշի հողերը նվաճելու պատրաստ պետությունները, այլ նաև հոգիները նվաճելու համար պայքարողները, որոնց կարգախոսն է նենգությունը, սուտը, կեղծիքն ու դավաճանությունը:

Նրանց դեմ պայքարում միշտ իբրեւ օրինակ ունենանք Վարդանանց, որոնց համար թանկ ու նվիրական սրբություններ էին Հայրենիքը, Եկեղեցին եւ մեր սրբատառ Մայրենին:

Միշտ հիշենք, որ Վարդանանք քրիստոնեական առաքինություններով լուսավորված անձինք էին, նրանց պատգամը մեր եկեղեցասեր, ազգասեր և հայրենասեր մնալն է: Ուստի հավատարիմ մնանք նրանց հիշատակին՝ մեր հոգուց ներս չթողնելով հազկերտների և մոգերի օտարամոտ, սին մոլորությունները: Այսօր, հատկապես այս օրը աղոթքով դիմենք Վարդանանց նահատակների բարեխոսությանը, ինչպես նաև Աստծուն, ասելով. «Որք զմարմինս իւրանց քեզ՝ Հայր, ընծայեցին եւ Որդւոյ քում Քրիստոսի եղեն խաչակիցքն, աղաչանօք սոցա կեցո զմեզ»: Ամեն:

ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s