Վայոց Ձորի թեմ

451 Թ. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ

Advertisements

Ինչպես պատմությունից մեզ հայտնի է, հայոց կյանքը հարուստ է բուռն իրադարձություններով: Խաղաղ, ստեղծագործ աշխատանքին բազմիցս փոխարինել են պատերազմները և հայ մարդը, իր կամքից անկախ, արարելու փոխարեն իր հայրենիքն է պաշտպանել: Այսպիսի վառ օրինակներից մեկն Ավարայրի հերոսապատումն էր, ուր միմյանց դեմ ելան հավատի ու հավատուրացության, հայրենիքի և ստրկացման իրարամերժ գաղափարները: Ավարայր էին եկել ոչ միայն հայոց ռազմական  ուժը, այլ նաև մտքի ու հոգու, լույսի ու Ավետարանի, հողի ու հայրենիքի մշաակները:

Ավարայրի սուրբ պատերազմի մասին խոսելիս անհրաժեշտ է հիշել Վայոց Ձորի տարածքում տեղի ունեցած ճակատամարտերը, որոնց մասին հիշատակվում են պատմիչներ Եղիշեի, Ստեփանոս Օրբելյանի և այլոց գործերում:

451թ. Ավարայրի ճակատամարտից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց Ձոր՝ այնտեղից Արցախ անցնելու համար: Պարսկական զորքն սկսում է հետապնդել: Հայկական զորքը հասնում է Սրկղոնք /հետագայում՝ Խոտորալեզ, ներկայիս՝ Եղեգնաձոր/ բնակավայր և ամրանում մեծ ու կոփածո քարերով կառուցված բերդում: Մեծաթիվ պարսկական զորքը շրջապատում է բերդը: Սկսվում է նոր մի ճակատամարտ, փաստորեն, Ավարայրի շարունակությունը: Չկարողանալով հաղթել, հայերը ճեղքում են պարսիկների շրջապատումը և շարժվում դեպի Վայոց Ձորի լեռները՝ Եղեգյաց ձոր-Անգեղաձոր-Արտաբույնք-Ցախաց քար ուղղությամբ:

Նախ ասենք, որ Վարդանանց պատերազմի ժամանակ՝ 451թ. Հայոց կաթողիկոսն էր Հովսեփ Վայոցձորեցին (ծնված Վայոց Ձորի Հողոցիմ գյուղում), որին 454թ. Տիզբոնում տեղի ունեցած դատավորության ընթացքում համարձակ ելույթից հետո Ղևոնդ երեցի և մյուսների հետ գազանաբար սպանում են Նյուշապուհ քաղաքի մոտ:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Վարդանանց պատերազմից հետո հայկական ջոկատներին հետապնդող պարսից զորքը շարունակ հարվածներ է հասցնում նրան տարբեր վայրերում: Այդպիսի չորս տեղ կա Վայոց Ձորում: Առաջին ամենամեծ բախումը տեղի է ունեցել ներկայիս Եղեգնաձորի <<Քյոշք>> ամրոցի մոտ:

Ստեփանոս Օրբելյանը գրում է. <<Հասնելով Վայոց Ձոր գավառի մեջտեղը, Եղեգիս և Մոզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի մոտ / խոսքը <<Քյոշք>> -ի մասին է, որի՝ մեծամեծ քարերով կառուցված եռաշարք պարիսպները կանգուն են մինչև այսօր /մեծ արյունահեղություն արեցին>> /Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 107, Երևան 1986թ./: Հայ մարտիկները թշնամուն հերոսաբար դիմադրում են, կոտորում պարսիկներին, սակայն իրենք էլ են զոհեր տալիս: Ապա, ճեղքելով շրջապատումը՝ նահանջում են դեպի հյուսիս:

461թ. կաթողիկոս է ընտրվում Գյուտ Արահեզացին, ով Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր, դասընկերը Հովսեփ Վայոցձորեցու: Գյուտ կաթողիկոսը պատվիրում է, որ ամենուրեք պատվով պահվի Վարդանանց նահատակների հիշատակը՝ սերունդներին Վարդանանց ոգով դաստիարակելու համար: Վարդանանց նահատակները հայտարարվում են Հայ Եկեղեցու սրբեր: Դա, փաստորեն, գաղափարական հիմքն էր ու սկիզբը Վահանյան շարժման, որ հաղթանակով պսակվեց Նվարսակի դաշնագրով: Ահա, Գյուտ կաթողիկոսի այս նախաձեռնության շնորհիվ է, որ Վայոց Ձորում տեղի ունեցած ճակատամարտի վայրում, բերդին կից, կառուցվում է Վարդանանց գեղակերտ եկեղեցին՝ սրբատաշ ու երկգմփեթ, երկու կողմերից գավիթներ ու սրահներ, սյունազարդ վերնատնով հրաշակերտ մի կառույց: Միայն այն վկայությունը, որ եկեղեցին օծում են Գյուտ կաթողիկոսն ու Սյունյաց Անանիա եպիսկոպոսը և ութ օր <<բազմամբոխ ժողովրդով>> տոնախմբություններ են կատարում, կազմակերպում նահատակների ոսկորների հուղարկավորությունը եկեղեցու և բերդի տարածքում, վկայում է կատարվող իրադարձության համազգային նշանակությունը:

Եղեգնաձորի բերդի և′ տեղը, և′ տեսքը, որ հայտնի է նաև Քեոշք անունով, մանրամասնորեն նկարագրված է պատմիչների կողմից: Այն մասնակիորեն ուսումնասիրել է նաև Ս. Բարխուդարյաննն իր <<Դիվան հայ վիմագրության>>   3-րդ հատորում:

 <<Միկոյան գյուղի /ներկայիս Եղեգնաձոր/ հարավային եզրին գտնվող բլրի գլխին այժմ էլ մնում են Վայոց Ձորում շինարարական տեխնիկայի ամնահին նմուշ հանդիսացող մեծամեծ և թեթև կոփված քարերից շարված պարիսպները>>: Բերդը շատ լավ է պահպանված, Խորհրդային տարիներին ծրագիր կար այն վերականգնելու, նույնիսկ բերդին մոտ ապրող բնակիչներին փոխհատուցումներ տրվեցին տների տեսքով և աշխատանքները պիտի սկսվեին:

<<Քյոշք>>-ը որպես անառիկ բերդ գոյություն է ունեցել մ.թ. ա. 2-1-ին հազարամյակներում, որը Սյունյաց աշխարհի ամենահին շինություններից մեկն է և համարվում է Կիկլոպյան ամրոց: Նրա շրջակայքից բնակիչները հայտնաբերել են կենցաղային և մարտական իրեր, որոնք պահվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում: Այդ իրերը մ.թ.ա. 3-1-ին հազարամյակների վկաներն են:

Քյոշքի հնագիտական պեղումների ժամանակ, համոզված ենք, որ կհայտնաբերվեն պատմական շատ արժեքավոր նյութեր, զենքեր, թերևս, նաև տեղեկություններ Ավարայրի ճակատամարտի մասին: Եղեգնաձորում տեղի ունեցած կռվից հետո հայկական զինվորների և պարսիկների միջև տեղի է ունենում երկրորդ ճակատամարտը: Դրա մասին Ստ. Օրբելյանը գրում է, որ պարսկական հեծելազորը հետապնդելով Քյոշք բլուրից հեռացող հայ զինվորներին, որոնց ղեկավարն էր Մարտիրեն, հասնում են նրանց Բերդաքար / այժմ՝ Պռոշաբերդ/ ամրոցի մոտ գտնվող մի ձորակում, ուր և տեղի է ունենում ճակատամարտը: Այստեղ զոհվում են շատերը, որոնց աճյուններրն ամփոփվում են Բերդաքարի մոտ գտնվող վանքի գերեզմանոցում: Դրանց հետքերն այսօր էլ պահպանվում են:

Երրորդ մարտը տեղի է ունենում Ոստինք և Արտաբույնք գետերի  միախառնման վայրերում, որտեղ զոհվում են 300 հայ զինվորներ Այդ տարածքում տեղի բնակիչներիի ուժերով հետագայում կառուցվում է եկեղեցի, որի հետքերը նույնպես պահպանվում են:

Չորորդ մարտը տեղի է ունենում Ցախաց քար կոչվող վանքի մոտերքում: Վանքի մոտ սպանվում են << յօյժ բազմութիւնք  սեպուհ արանց և ընտիր զօրաց>> /Ստ. Օրբելյան/:

Հարկ ենք համարում բառացիորեն մեջ բերել Ստ. Օրբելյանի հիշատակած ավանդապատումը, որը դարերի խորքից հասել է Վայոց Ձորի ժողովրդին. <<Ապա եկան / պարսիկները/ գյուղի  հրապարակը, վրաններ խփեցին, կոտորածից հոգնած ու թուլացած՝ ուզեցին գիշերել : Իսկ կեսգիշերին մի պարսիկ, որ զորքի դետքն էր, տեսավ երկինքը բացված և ուժեղ լույս սփռված սպանվածների վրա ու մի ոսկեղեն կառք խիստ բարձր՝ վրան նստած մի կին՝ թագավորական ծիրանի զգեստներով, հրեշտակների հսկայական զորախմբերով շրջապատված: Նա նայում էր կոտորածին, ողբագին լալիս ու գգվում ընկածներիին մեկ առ մեկ: Եվ այն պարսիկը զարհուրելով կամեցավ իմաց տալ իրենց զորքին, բայց ոտքերն ու լեզուն կապվեցին: Ապա մեկը սրբերի զորախմբից մոտեցավ նրան, նա հարցրեց՝ այդ ով էր, իսկ հրեշտակն ասաց. <<Դա երկնային թագավորի մայրն է, որ իջել է նահատակների վրա ու իր որդու սիրելիների մոտ և ուզում է մեկ առ մեկ փառաբանել նրանց>>:  Այդ  տեսարանը մնաց մինչև առավոտ և աներևութացավ:

Իսկ երբ լույսը բացվեց և զորքը կամեցավ այդտեղից հեռանալ, այդ մարդուն գտան թուլացած, ընկած: Նրան հարցրին պատճառը, բայց նա ուրիշ բան չէր կարողանում պատասխանել, միայն մատով ցույց էր տալիս ու լեզվով ասում. << Մայր անդ այ, մայր անդ այ>> , որի համար էլ մինչև այժմ այդ տեղի անունը Մարանդ է կոչվում: Եվ այդ պարսիկը գնաց սրբերի ոտքն ընկավ, բուժվելով ինքն էլ քրիստոնյա դարձավ ու իր կանքի բոլոր օրերում ծառայում էր սրբերին>>:

Վերջերս մեր կողմից Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու /գտնվում է բերդի մոտ/ տարածքի մաքրության ժամանակ բացվեցին Գյուտ կաթողիկոսի օծած Վարդանանց եկեղեցու հիմքերը՝ սրբատաշ ու գեղակերտ: Բերդի բլուրին պահպանվել են նաև հեթանոական տաճարի պատերը, պեղումների դեպքում հավանաբար ավելին ի հայտ կգա:

Վերը մեր հիշատակած պատմական դեպքերն ու գտնված եկեղեցին արժանի են ամենայն ուշադրության և պետական հոգածության: Դրանք պահպանված միակ ու անգնահատելի հիշատակներն են Վարդանանց հերոսամարտերի: Վարդանանց շարժումը դարեր շարունակ եղել և այսօր էլ մնում է մեր ժողովրդի համար հայրենասիրության անմնացորդ նվիրումի հորդահոս մի աղբյուր: Ես կարծում եմ պատահական չէ, որ այսօր, երբ մեր նորանկախ հայրենիքի պատմության առաջին էջերն են գրվում, դարերի խորքից հայտնվում են ՀՀ տարածքում պահպանված Վարդանանց հերոսամարտի կենդանի վկաներ՝ Քեոշք ամրոցը, Վարդանանց եկեղեցին, հերոս նահատակների խոսուն շիրիմները: Եթե պեղումներ կատարվեն և վերականգնվեն ամրոցն ու եկեղեցին, իսկ գտածոներով ստեղծվի Վարդանանց թանգարանը, բարեկարգվեն նահատակների գերեզմանները, ապա և մեր երախտիքը հայտնած կլինենք Վարդանանց մասնակիցներին, և հետագա սերունդներին հայրենասիրությամբ դաստիարակելու աներկբա մի կոթող կթողնենք:

Անհրաժեշտ աշխատանքներն են.

1. Տարածքի չափագրում, հնագիտական առաջադրանքների պատրաստում:

2. Հնագիտական պեղումներին խանգարելու դեպքում բերդին կից սեփական տների կամ հողամասերի խնդրի լուծում:

3. Պեղումների իրականացում:

4.Բերդի և եկեղեցու, ինչպես նաև հեթանոսական տաճարի վերականգնում կամ կոնսերվացում:

5. Տուրիստական պահանջներից բխող տարածքի բարեկարգում, առանձին թանգարանի հիմնում կամ Եղեգնաձորի թանգարանում առանձին ցուցասրահի ստեղծում:

Քրիստոնեական

դաստիարակության կենտրոն

Advertisements