ՊԱՀՔ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Աղաչեմ զքեզ Տէր  պարգեւեա ինձ

 ապաշխարութեամբ լուանալ զմէղս իմ

 եւ ողորմեա»:

(Շարական)

Թառաթումբի միջն. դպրոց. Ազիզյան ԱրտակՄեղանչական մարդու հոգուց պոռթկած առ Աստված ուղղված անկեղծ խոսքի, զգացումի, զղջման, ապաշխարության սրտաբուխ արտահայտություն են շարականի այս տողերը, որոնք հաշտության եզրեր են ստեղծում Աստծու եւ մարդու միջեւ ու որոնք իմաստավորում, մեկնում են պահեցողության ողջ խորհուրդը:

Ծոմապահությունը, որի ժամանակ չի թույլատրվում մարմինն ընդհանրապես սնել, հանդիսանում է պահեցողության ակունքն ու աղբյուրը: Իսկ պահեցողությամբ հավատացյալը զրկում է իրեն որոշ կերակուրներից եւ զերծ է մնում մարմնական կրքերից, ինչն օգնում է, հնարավորության սահմաններում, անարատ պահել եւ՛ հոգին, եւ՛ մարմինը՝ Աստծու հետ միանալու, կապվելու, հաղորդակցվելու համար: Հաճախ շատերը միայն որոշակի սնունդից եւ հաճույքներից հրաժարվելն են համարում ճշմարիտ պահեցողություն: Թերի է այս մտածողությունը, քանզի պահքը նախ եւ աոաջ ունի բարոյահոգեբանական մեծ իմաստ:

 Պահքն այն առիթն է, երբ մարդուն հնարավորություն է տրվում մտածել իր մեղքերի եւ մոլորությունների, ինչպես նաեւ դրանցից ազատվելու հնարավորության մասին: Պահքն առիթ է ցանկացած քրիստոնյայի համար վերանայելու իր անցած ճանապարհը, խորհելու, թե արդյոք ինքն ապրել է հավատարիմ քրիստոնեական սկզբունքներին ու առաքինություններին: Չէ՞ որ այս սկզբունքներով ապրելով է, որ անձը զորացնում է իր հոգեւոր-բարոյական նկարագիրը եւ վերածնվում է հոգեպես: Եվ ինչպես Պողոս Ադրիանապոլսեցի պատրիարքն է գրում. «… մարդը պետք է իրեն պահի ոչ միայն պարարտ կերակուրներից, այլեւ մեղքի ամեն պատճառից»:

Ճշմարիտ պահեցողը մաքուր պիտի պահի իր բոլոր զգայարանները: Բերանի լռությունը, ավելորդությունները չհոգալը, սիրտը, աչքերը, լսելիքը պիղծ խորհուրդներից ետ պահելը, չբամբասելը, հնազանդությամբ, արդարությամբ եւ խոնարհությամբ ապրելը, ողջ հոգով աղոթելը ճշմարիտ եւ Աստծու կողմից ընդունվող պահեցողության կարեւորագույն նախապայման են հանդիսանում: Մեր եկեղեցու իմաստնագույն հայրապետներից Սուրբ Հովհան Մանդակունին այսպես է բնութագրում պահքի կարեւորությունը. «Արդեն իսկ մարդուն ստեղծելիս, Աստված պահքի պնդությամբ պարսպեց մեր բնությունը եւ աոաջին մարդուն որպես  առաջին պատվիրան տվեց պահքի պնդությունը՝ չճաշակել բարու եւ չարի գիտության ծառից, քանզի եթե պահեիր պահքի պատվիրանը կժառանգեիր անախտ, անմահ եւ անմեղ կյանքն ու երկնային բարիքները, քանզի շատերը ովքեր պահեցին պահքի պնդությունը փրկվեցին բազում վշտերից եւ հանցանքներից»:

Պահեցողությունը իր հոգեւոր-բարոյական ազդեցությամբ ընդունելի էր դեռեւս հին կտակարանյան ժողովրդի համար: Մովսես մարգարեն, Աստծուն հանդիպելուց աոաջ, 40 օր ծոմ է պահում Սինա լեոան վրա: Դավիթ մարգարեն պատերազմից աոաջ ծոմ է պահում, Դանիել մարգարեն պահք է բռնում՝ Աստծուց Երուսաղեմի փրկության գութ հայցելով եւ այլն: Պահքի նշանակությունը այնքան է կարեւորվում Հին ուխտի ժողովրդի կյանքում, որ նրանք հասարակական աղետների ժամանակ նույնիսկ կաթնակեր երեխաների եւ ողջ ժողովրդի համար հատուկ պահեցողության օրեր են սահմանում՝ Աստծու հետ հաշտվելու համար: Պահքի սովորությունը փոխանցվում եւ շարունակվում է նաեւ Նոր ուխտի լուսավոր ժամանակաշրջանում:

Մենք՝ քրիստոնյաներս, մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին օրինակ ունենալով, նրա պատգամները եւ ուսուցումները իրագործելով ու մեր եկեղեցու սրբազան ավանդությանը հետեւելով, ժաոանգեցինք նաեւ պահեցողությունը: Հիսուս անապատում 40 օր ու գիշեր ծոմ պահեց: Հետագայում Նա աշակերտներին պատվիրեց ծոմ պահել համբարձումից հետո: «Կգան օրեր, երբ  որ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն» (Ղուկաս 5:35): Հիսուս պատգամեց մեզ, թե ինչ ոգով պիտի պահք բռնենք. «Երբ պահք եք բռնում, կեղծավորների պես տրտմերես  մի եղեք», եւ վերջապես իբրեւ ճշմարիտ պահքի երաշխիք պատգամեց ապաշխարել, «…եթե չապաշխարեք, ամենքդ էլ այդպես կկորչեք»:

Մեր եկեղեցին կարեւորեց պահքը իբրեւ հոգեւոր կյանքի վերածնության գրավական՝ նախապայման ունենալով ապաշխարության խորհուրդը: Ապաշախարել նշանակում է զգալ գործած մեղքերը, խոստովանել, զղջալ եւ դրանց ներման համար գութ հայցել Ամենակալ Աստծուց: Երբ մենք Տիրոջ աոաջ չենք բացում մեր հոգին ու սիրտը, չենք զղջում մեր մեղքերի համար, տառապում ենք հոգեպես: Մեր մեղքերը, մնալով մեզ հետ, ալեկոծում են մեր հոգեկան աշխարհը, չարչարում են մեզ: Մենք սկսում ենք վախենալ շրջապատից, կասկածանքն ու թախիծը մաշում են մեր հոգին ու մարմինը: Իսկ երբ զգում ենք մեր մեղավորությունը եւ Աստծու առաջ բացելով մեր շրթունքներն ու, մեր լեզուներով բարբառելով, խոստովանում ենք մեր գործած մեղքերը, գանգատվում ենք մեր մեղավոր անձերից, մեր հոգին է խաղաղվում, ներքին ուրախությամբ եւ ջերմությամբ է պարուրվում մեր անձը: Ոմանք կարող են հարցնել, թե ինչպես գիտակցենք մեր մեղքերը, որոնց համար պետք է ապաշխարել: Ասենք, որ մեղքի գիտակցությունը վերացական երեույթ չէ: Մեղքը գտնվում եւ ճանաչվում է: Հատկապես պահքերի ժամանակ եւ, մասնավորապես, Մեծ պահոց շրջանում, երբ մենք արգելակում ենք մարմնական, մտային կրքերը, դրանով հոգու իշխանությունն ենք զորացնում մեր մարմնի վրա: Այղպես պայծառակերպվում է մեր հոգեկան աշխարհը, իսկ լուսավորվելով հոգեպես, մենք գիտակցում ենք մեր մեղքերը, զղջում դրանց համար եւ մեր առաքինի վարքով, կենցաղով ձգտում ենք վճարել դրանց դիմաց, որպեսզի Տիրոջ սիրուն եւ հովանավորությանը արժանանաք: Ահա, թե որտեղ պետք է փնտրել պահքի մեծ ու առինքնող խորհուրդը:

Մեր եկեղեցին Բուն Բարեկենդանից մինչեւ Հարություն ընկած ժամանակահատվածը կոչել է քառասնորդական Մեծ Պահք: Իբրեւ պահեցողության քառասնօրյա շրջան, Մեծ Պահքի հիմքը մեր Փրկչի 40 օրերի ծոմապահությունն է անապատում եւ մեծ է կոչվում պահքերի մեջ ամենատեւականը լինելու, 40 օր տեւելու համար: Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակի, ըստ իր խորհրդի, ունի աոանձնահատուկ անուն. 1) Բուն Բարեկենդան, 2) Արտաքսման, 3) Անառակի, 4) Տնտեսի, 5) Դատավորի, 6) Գալստյան, 7) Ծաղկազարդ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնացույցում ունի նաեւ ուրիշ պահոց օրեր եւս:պահք

Օրապահք. չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը պահոց օրեր են: Չորեքշաբթի օրվա պահքը խորհրդանշում է Քրիստոսի մատնությունը, ուրբաթ օրվանը՝ նրա մահը խաչի վրա:

Շաբաթապահք. այսպես են սահմանված Եղիական, Հոգեգալստյան տոներին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարաց գյուտին, Հիսնակի կիրակիին, Սուրբ Հակոբին եւ Վարագա Սուրբ Խաչին նախորդող շաբաթական պահքերը:

Առաջավորաց պահք. Սուրբ Սարգսի տոնին նախորդող պահքն է, որը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Նավակատյաց պահք, այսպես են կոչվում Աստվածհայտնության ութ օրերը, Հարության ութ օրերը, Պայծառակերպության, վերափոխման եւ Ս. Խաչի հինգ օրերը:

Սիրելի′ հավատացյալ  քույրեր եւ եղբայրներ.

Պահոց այս քառասնօրյա շրջանում քննենք մեր հոգիները եւ աշխատենք ազատվել մեր մեղքերից ու կրքերից, Աստծու հանդեպ առավել երկյուղածությամբ, խոկումով եւ աղոթքով անցկացնենք այս օրերը: Միշտ հիշենք, որ պահոց այս շրջանը այն նեղ դուռն է անձուկ ճանապարհի, որ տանում է մեզ դեպի կատարելություն, դեպի արդարադատություն, դեպի հավիտենական կյանք: Արդ, յուրաքանչյուրս աղաչենք Աստծուն, որ այդ անձուկ ճանապարհը անցնելու համար, ապաշխարությամբ մեր մեղքերը լվանալու շնորհ տա, զորացնի եւ ողորմի մեզ. «Աղաչէմ զքէզ Տէր, պարգեւեա ինձ ապաշխարութեամբ լվանալ զմեղս իմ եւ ողորմեա»: Ամեն:

ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s