Վայոց Ձորի թեմ

ՔԱՐՈԶ` ՆՎԻՐՎԱԾ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆ

Advertisements

 «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն»

Տե՛ր, թող բացվեն  մեր  աչքերը

(Մտթ. Ի 33)

Հիսուսից լույս խնդրող Երիքովի կույրերի այս աղերսանքը լսելի ու ընկալելի է մեզ դարերի խորքից: Աշխարհստեղծման առաջին իսկ օրվանից լույսը դարձել է աղբյուրը կյանքի: Այն  մարդկային կյանքի շարունակականության և բուսական ու կենդանական աշխարհի գոյատևության կարևոր նախապայմանն է: Սակայն այս ամենը որպես բացարձակ ճշմարտություն ընդունելով հանդերձ` մենք` քրիստոնյաներս, երբեք չպետք է մոռանանք հոգևոր լույսի մասին, որն առավել կենսական ուժ ունի մեր կյանքում, որով լուսավորվելով է, որ միանում ենք Արարչին, հաղորդակցվում Նրա հետ, համարվում «Լուսո որդիք»:

Քրիստոնյաներս Ավետարանից գիտենք. «Աստված լույս է» և «Կյանքը Նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր» (Հովհ. Ա 4), իսկ Հիսուսի նախանշած կյանքի ուղին անվերապահորեն լուսավոր է ու պայծառ: Այդ ուղով մեզ առաջնորդում է աստվածային լույսը` ցույց տալով փրկության իր ճանապարհը: Ւսկ Տեառնընդառաջի տոնը այդ փրկության ավետումն է: Այդ տոնն է այսօր մեծ խորհրդավորությամբ ոգեկոչում Հայ Առաքելական Եկեղեցին և այդ տոնն է նվիրված քառասնօրյա Հիսուսին Տաճարին ընծայելուն:

Աստծու Մովսեսին տված պատգամի համաձայն, թե «Սրբիր Ինձ համար ամեն առաջնեկը Իսրայելի որդիների մեջայն Իմն է» (Հմմտ. Ելք ԺԳ 2), Հովսեփն ու Մարիամը  40-օրյա Հիսուսին Երուսաղեմի տաճարը տարան: Տաճարի մոտ նստած էր Սիմեոն Ծերունի անունով մի մարդ, որի մեջ Սուրբ Հոգին էր բնակվում: Սուրբ Հոգին հայտնել էր նրան, որ նա ապրելու է այնքան, մին֊չև տեսնի Տիրոջ օծյալին: Եվ հենց նա էր, որ Մանկանը տեսնելով` ճանաչեց Աստծու օծյալին, ընդառաջ գնաց նրան և գրկելով` գոհություն տվեց Տիրոջն ու ասաց. «Այժմ, ով Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային ըստ Քո խոսքի, որովհետև աչքերս տեսան Քո փրկությունր, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդ֊ների առաջ, լույսը, որ կլինի հայտնություն հեթանոսների համար, և փառք` Իսրայելի Քո ժողովրդի համար» (Ղուկ. Բ 29-32):

Ահա այս ավետարանական ճշմարտության վրա է խարսխված Տեառնընդառաջի տոնը: Եկեք փորձենք ըմբռնել ու հասկանալ դրա խորհուրդը:

Հիսուսի հայտնությունից առաջ, չնայած Աստծու բազում հայտնություններին, թելադրված ճշմարիտ կյանքի օրենքներին, պատգամներին ու պատվիրաններին, մարդկային ցեղը ապրում էր մեղքերի բեռի տակ կորացած, շփոթված ու անճարակ: Մարդիկ փրկություն էին հայցում երկնքից, մինչդեռ շարունակում էին մեղք գործել, որովհետև Երիքովի կույրերի նման փակ էին նրանց աչքերը, նրանց համար փակ էր երկնքի վարագույրը: Եվ մարդիկ անթափանց այդ խավարում սկսեցին փնտրել պայծառ լույսը, որը ճշմարիտ փրկության ճանապարհով էր առաջնորդելու նրանց դեպի կատարելություն: Միայն այդպես մարդ ան֊հատը կարող էր դառնալ երկնքի արքայության ժառանգորդ: Եվ ահա Տիրոջ հայտնությամբ հայտնվեց նաև վաղուց փայփայված մխիթարությունը` աստվածային լույսը, որի հետևորդների հո֊գիներն իրապես պետք է փրկվեին ու լուսավորվեին: Ահա թե ինչու է սաղմոսերգուն փառաբանում Տիրոջն ու ցնծում. «Տեր, լույս իմ և կյանք իմ» (Սղմ. ԺԶ 1):

Այո′, սիրելի հավատացյալ քույրեր ու եղբայրներ, Սիմեոն Ծերունին իր հոգու աչքերով տեսավ այդ Լույսը, ընդառաջ գնաց, գրկեց Նրան` որպես ողջ մարդկության պայծառակերպ փրկչական հոգի և ճշմարտության հաղթանակի հավիտենական վառվող ջահ: Ահա այսպես փակուղի մտած մարդկության հո֊գևոր-բարոյական կյանքի անբավարարությունն սկսեց նահան֊ջել, քանզի Հիսուս աշխարհ բերեց բարձրագույն և նոր` լուսավոր կյանքի աստիճան` հոգևոր կյանք: Եթե մարդկային սովորական կյանքում առկա էին կործանման տանող բազում արատներ՝ ատելություն, նախանձ, հակառակություն, կիրք, վրեժխնդրություն, չարություն, բարձրագույն այս կյանքի մեջ, սակայն, կար հոգու պղծման ու կործանման դեմ փրկանյութը. «Սեր, խնդություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղատ. Ե 23), ինչպես գաղատացիներին մեկնում էր Պողոս առաքյալր: Լուսավոր այդ կյանքում աստվածային սերն է գերակա՝ սերն առ Աստված և սերն առ մարդիկ: Հիսուսի բերած պայծառ այս լույսն էր, որ մարդուն բացահայտեց երկնային կյանքի մաքրամաքուր ակունքներր, և մարդը հարաբերության մեջ մտավ Աստծու հետ, հաղորդակից դառնալով Նրա բնությանը` հեղաշրջեց իր կյանքր: Այդպիսով բնական դարձավ ապրելը լուսավոր բարձրագույն կյանքով, մաքուր կյանքով, ինչպես այսօր էլ պարտ է ապրել յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի: Եվ քանի որ մաքուր Հոգին է արարում, ստեղծում մաքուր կյանքը, ուստի հոգեկան բարձրագույն այդ շնորհով օժտված անձի համար թանկ արժեք է սրբության գիտակցութ֊յունը` իր ամենալայն նշանակությամբ:

 Այո′, ճշմարիտ քրիստոնյան հպարտությամբ կրելով իր լուսապսակը` հարկ է, որ մաքուր մարդ լինի ամեն տեսակետով` իր կյանքի բոլոր ուղղություններով` ապրումներով, մտածումներով, խոկումներով, ձգտումներով, նպատակներով, հարաբերություններով, գործելաոճով:

Սիրելի′ հավատացյալներ, Հիսուսի՝ այս աշխարհ բերած լույսով իրենց հոգիներր սրբած մարդկանց միջև միայն կարող են հաստատվել ներդաշնակ փոխհարաբերություններ՝ փոխադարձ սեր, վստահություն, հարգանք, զորակցության կամք, գթասրտություն:

 Այսպես ապրող մարդիկ անպայման նախանձախնդիր են իրենց պատվի ու արժանապատվության համար, Աստծուն և իրենք իրենց հաշվետու լինելու պարտավորությունն են զգում յուրաքանչյուր արարքի, գործի, նախաձեռնության համար` իրենց կյանքի ամեն մի հանգրվանում:

Այսպես են գոյատևել և մեր կյանքում անսասան հաստատվել քրիստոնեական արժեքները և բարոյական սկզբունքները, որոնք ստիպված են եղել հավերժական հակամարտության մեջ լինել հոռի բարքերի, կեղծիքի, չարության և աշխարհի անդորրն ու մարդկանց հոգիների ներդաշնակությունը խաթարող կործանարար այլ ախտերի դեմ: Այսօր էլ առկա է այդ պայքարը, իսկ այնտեղ հաղթողներն անպայման առաջնորդվում են երկնային այն լույսով, որն աշխարհ եկավ մեր Տիրոջ հայտնությամբ, որն էլ նրանց տանում է բարոյական զորության, իսկ աշխարհին` քաղաքակրթական առաջադիմության:

Այս պայքարի մեջ մտնողներըը պետք է լինեն խիստ նպատակասլաց ու վճռական, որպեսզի կարողանան ոչ միայն հաղթել, այլ նաև հաստատել, ապրեցնել մեր կյանքում այն ամենր, ինչ ուսուցանում է քրիստոնեությունը, ինչն իրենց գործունեությամբ մեզ քարոզել, պատգամել և ավանդել են մեր կրոնի լուսահոգի առաջնորդները, այսօրվա ջահակիրները: Այստեղ պետք է փնտրել քրիստոնեական կատարելության գաղտնիքը` քրիստոնեավայել ապրելով երջանիկ կյանքը:

Կյանքը երջանիկ է, երբ երկնքի թագավորությունն հաստատվում է երկրի վրա: Իսկ ինչպե՞ս:

Սիրելիներս, կյանքը ժամանակահատված է` ժամերից, րոպեներից ու վայրկյաններից կազմված: Սակայն Ֆենելոն մտածողն ասում է. «Ժամանակը մեզ տրված է հավիտենականության մասին խորհելու համար»: Աստվածաշունչը մեզ պատգամում է. «Զվերինն խորհեսցուք» (Կող. Գ 2): Բնական է, որ երկնայինի մասին խորհելով` մարդը կսկսի ապրել Աստծու կամքին համաձայն: Այդ ժամանակ է, որ երկրի վրա կհաստատվի երկնքի արքայությունը, կյանքը կդառնա երջանիկ: Եվ այդ ժամանակ է միայն, որ Աստծու, գաղափարը` նրանից ճառագող լույսը ներդաշնակություն ու խաղաղություն կծնի մարդու և մարդկության միջև: Այդ խաղաղության իղձը միշտ ունենալով` մեր նախնիները փնտրելով գտան Տիրոջ հրաշափառ լույսը, ընդառաջ գնացին, գրկեցին այն և իրենց հոգու ժայռավիհից փառաբանեցին Տիրոջը` ասելով. «Լոյս, Արարիչ լուսոյ, առաջին լոյս բնակեալդ ի լոյս յանմատոյց, Հայր Երկնաւոր ի դասուց լուսեղինացն օրհնեալ, ի ծագել լուսոյ առաւօտուս  ծագեա ի հոգիս մեր զլոյս Քո իմանալի»:

Այս լույսով մի օր Հիսուս իջավ Հայաստան աշխարհ: Այդ էջքին ձոնվեց շարականը  քաղցրաձայն.            «Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ Նմա»: Նա իջավ հնամենի Վաղարշապատ և այնտեղ ոսկե մուրճով հաստատեց Ւր աղոթքի սրբազան տան` Սուրբ տաճարի կառուցման վայրը: Երկնքից ճառագած լույսը տեսավ Գրիգոր Լուսավորիչը և ավետեց հայ ժողովրդի հանդեպ Աստծու հաճությունը: Եվ հեթանոս խավարի մեջ խարխափող ժողովուրդը պայծառացավ ճառագող այդ լույսից` դառնալով լուսակիր ու խաչակիր ժողովուրդ, ուխտելով ապրել Աստծու պատվիրաններով ու քրիստոնեական առաքինություններով` ի֊րենց հայտնված քրիստոնեական բարձրագույն կյանքով:

Սիրելի′ հավատացյալներ, լուսավոր այս կյանքով ապրեց Գրիգոր Լուսավորիչը: Նա էր, որ 13 տարի առանց հուսահատության, տոկալով ու տեսիլքով ապրեց Խոր վիրապի վիհում` դիմանալով ֆիզիկական զրկանքներին, սակայն առավել հզորանալով հոգով, աներեր հավատով, աստվածային տեսիլքներով, մեզ բերեց փրկության լույսի շողերը, լուսավորեց մեզ` դարձնելով որդեգիրն Աստծու: Երախտապարտ ժողովուրդը նրան «Լուսավորիչ» պատվավոր տիտղոսը շնորհեց: Նրան հետևելով` մեր նախնիները, քրիստոնեական հզոր քաղաքակրթություն ու մշակույթ ստեղծելով, ապահովեցին մեր հավերժությունն իբրև քրիստոնյա լուսակիր ժողովուրդ` ստիպելով աշխարհի հզորներին հաշվի նստել մեզ հետ որպես առաջին քրիստոնյա պետության, քրիստոնեության ակունքներին ամուր փարված ժողովրդի, որ միայն քրիստոնեության ճաճանչափայլ լույսով է վառում իր հավատի կանթեղները:

Այդ է փաստում մեր բազմադարյան պատմությունր, այդ մասին են վկայում մեր դարավոր խնկա֊բույր վանքերն ու տաճարներր, մեր գրական հուշարձաններն ու մշակութային անգին արժեքները: Այսօր հպարտանում ենք իբրև ազգ ու ժողովուրդ, որ արժանացել ենք Տիրոջ  էջքին մեր երկիր, որ լուսավորվել ենք Նրանից ճառագող աստվածային լույսով:

Իսկ ի՞նչ է այդ լույսն այսօր մեզ համար:  Այն մեր հավատի, հույսի, կամքի առհավատչյան է, այն զորեղ ուժն է, որ միշտ առաջնորդում է մեզ դեպի ճշմարիտ ուղի, որով քայլում են մարդիկ հավատարիմ քրիստոնեության ավանդներին:

Սակայն ես վստահ եմ նաև, որ այսօր մեզնից յուրաքանչյուրը ամեն պահ առիթ է ունենում ինքն իրեն հետևյալ հարցը տալու. «Ինչու են մարդիկ անտարբեր միմյանց հանդեպ, ինչն է ծնում չարությունն ու նախանձը, անհանդուրժողականությունն ու եսասիրությունը, ինչից են սկսվում պատերազմները, չարիքներն ու աղետները, որոնք այդքան դժբախտություններ են բերում մարդկությանը»:

 Այս ամենը մեկ պատասխան ունի. սիրո պակասից, որը տանում է շատ վտանգավոր մի հոգեվիճակի` հոգևոր կուրության, երբ անթափանց խավարը փակում է մեր հոգու աչքերը, ու մենք անզոր ենք լինում տեսնելու անգամ ամենապայծառ լույսը` աստվածային լույսը, որն իբրև անմար կանթեղ միշտ ճառագում է մեր գլխավերևում: Հոգևոր այդ կուրության պատճառով մենք, կարծես, հաշտվում ենք չարիքի հետ, որից էլ ծնվում են բոլոր աղետները: Չմոռանանք նաև, որ հոգևոր կուրությունն է, որ այսօր շարունակում է մարդկությանը տանել դեպի նյութապաշտության վիհը, որից նույնպես ծնվում են մեր կյանքում առկա բազում չարիքներ: Այո′, մարդու ան֊հագ ձգտումը դեպի նյութը կյանքի մի հանգրվանում անտա֊րակույս բերում է հուսահատության և բախման հոգեկան բարդ իրավիճակների հետ: Օրինակները բազում են, և ձեզանից յուրաքանչյուրը դրանց ականատեսն է դառնում իր առօրյա կյանքում:

Սիրելիներս, հավատացեք, որ այսօր շատ բարդություններ էլ մեզ համար մենք ենք ստեղծում` կասկածելով, բամբասելով, հաճախ ոչ տեղին դժգոհելով, հայհոյելով, շատ հաճախ մեր հավատում երերալով: Այս ամենով հանդերձ չեմ ուզում ժխտել, որ քիչ չեն նաև այն գերխնդիրներն ու փորձությունները, որ մենք ամեն քայլափոխի ստիպված ենք լինում հաղթահարել:

Եկեք չվհատվենք այս կյանքում մեզ պարտադրված փորձություններից, երբեք չտարակուսենք, որ Աստծու կողմից մեզ փրկությունն է շնորհված, մեզ առաջնորդում է Նրանից ճառագող լույսը, Աստված սիրում է մեզ և մեր կողմից է, ինչպես Պո֊ղոս առաքյալն է ասում. «Եթե Աստված մեր կողմից է, ո՞վ կլինի մեզ հակառակ»:

Սիրելի′ հավատացյալներ, այսօր, առավել ևս, երբ գտնվում ենք Մեծի Պահոց շրջանում, փորձենք մի պահ առանձնանանալ առօրյա հոգսերից ու մտահոգություններից, անդրադառնալ մեր ապրած կյանքին և փորձել գտնել մեր սխալներն ու սայթաքումները, քաջություն ունենանք ինքներս մեզ խոստովանել մեր սխալներն ու վրիպումները, աղոթքով ու ապաշխարությամբ մաքրենք մեր հոգիները, սրբագրենք մեր կյանքը, պայծառացնենք Քրիստոսի լույսը մեր հոգում, հաղթահարենք խավարը, քանզի «Լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը Նրան չնվաճեց» (Հովհ. Ա 5):

Սիրելիներս, ոչ ոք չի կարող ժխտել, թե որքան հաստատ է հավատացյալ հայ մարդու հավատը դեպի իր Տերը, դեպի Հիսուսի նախանշած Եկեղեցին:  Եվ այդ անսահման հավատով է նա ամեն Տեառնրնդառաջի տոնի գալիս եկեղեցի և խորանի վրա վառվող կանթեղից լույսի մասն է տանում իր օջախ` այն Աստծու լույսով լուսավորելու համար: Հավատացե′ք, հայ մարդը հույսի, միասնության, իր կյանքը բարեփոխելու լավատեսութ֊յան, հոգևոր վերազարթոնքի, հայ մտածողը` իմաստնության, հայ զինվորը անպարտելիության ու հաղթության գաղափարն է ամփոփել այդ լույսի մեջ, ողջ հայության վերածնունդն է ամփոփված այդ լույսի մեջ:

Այդ լույսով լուսավորված ճանապարհով ընդառաջ գնանք Տիրոջը, և երբ Տերը հարցնի, թե ինչ ենք ուզում, որ անի մեզ համար, խնդրենք նրանից. «Տե′ ր, թող բացվեն մեր աչքերը», որ֊պեսզի  Քեզ հետևելու ճանապարհին չմոլորվենք ու հավիտենապես Քո  ուխտավորը լինենք`  «Հոգու մաքրությամբ  ու սրտի  ուրախությամբ», ինչպես կոչում է Դավիթ մարգարեն. «Թող  Քո երեսի լույսը ծագի մեզ վրա և ուրախություն  պարգևի մեր սրտերին» (Սաղմ. ԽԳ 4):

Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն ու պատիվ: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Advertisements