Վայոց Ձորի թեմ

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈԻ ԱՌԱԿԸ

Advertisements

«Հայր,  մեղանչեցի  երկնքի դեմ

եւ քո առաջ»:

(Ղուկաս 15:18-19)

Հոգուց պոռթկացող իրական զղջման խոսքեր են սրանք մի անառակի, որը փորձությունների ճիրաններից ազատվելով, փրկության շենշող հույսով էր սկսել առաջնորդվել դեպի աոաքինի ու բարոյական կյանքը, դեպի կատարյալը: Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակին:

Մինչեւ բուն նյութին անդրադառնալը, ուզում եմ փոքր ինչ խոսել պահքի եւ դրա անհրաժեշտության մասին, որը մի ներքին աղերսով աոնչվում է մեր նյութին: Ինչպես գիտենք Մեծ Պահքի հիմքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի  40-օրյա ծոմապահությունն է: Մկրտությունից հետո Հիսուս, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից եւ անապատ աոաջնորդվեց՝ 40 օր փորձվելով սատանայից: Չկերավ եւ չխմեց Նա այդ օրերին, ծոմապահությամբ օրինակ հանդիսացավ իր հետեւորդներին, սակայն նրա ծոմապահությունը մի կարեւոր առանձնահատկություն ուներ, որով տարբերվում է ընդունված չափանիշներից, այն զղջում եւ ապաշխարություն չէր ենթադրում, մինչդեռ հավատացյալների համար եկեղեցու սահմանած պահքն անպայմանորեն զղջման, խոստովանության  ապաշխարության խորհուրդն ունի, որի արդյունքում քրիստոնյան իրեն զորացած է զգում: Սահմանափակելով ֆիզիկական պահանջմունքները՝ մարդն ամենից աոաջ կոփվում է կամքով: Իսկ հաստատակամությունը կարեւոր նախապայման է ունեցած առաքինությունները պահպանելու համար:

Մարդկային տկարությունները ընդհանրապես երկու խմբի են բաժանվում՝ մարմնական եւ հոգեւոր: Սուրբ Գրիգոր Տաթեւացին հոգին հիվանդացած է համարում այն ժամանակ, երբ նվաղում են մարդու ներքին աշխարհը՝ հոգին ու միտքը սնող, հարստացնող կենդանի զորությունները, այն է՝ հավատը, հույսը եւ սերը: Ահա այս մեծագույն առաքինությունների դրսեւորմանն է նպաստում այն պահեցողությունը, որն արվում է կամավոր, Աստծուց թողություն ստանալու հույսով եւ, որպես հոգեւոր զոհողություն, հանուն Աստծու սիրո: Այս ամենով հանդերձ պահքը թե մարմնի ու թե հոգու ցավերի բժշկությունն է եւ միաժամանակ հաղթանակ մեղքի հանդեպ: Պահքով քրիստոնյան կրթվում է թե′ մտքով, թե′ հոգով, ու թե′ մարմնով, իսկ դրա շնորհիվ բարձրանում է ինքնագիտակցությունը, մարդն օբյեկտիվորեն կարողանում է ճանաչել ինքն իրեն ու աստվածատուր իր կյանքն առավել իմաստավորել:

Սիրելի հավատացյալներ, Անառակի կիրակիի խորհուրդը, կարծում եմ, կլրացնի պահքի մասին մեր խոսքը:

Տոնն իմաստավորվում է Հիսուս Քրիստոսի պատմած առակներից մեկով: Այն մարդու անկման ու ապա վերելքի մի գեղեցիկ պատմություն է և խորհրդանշաբար ներկայացնում է պահքի իմաստը: Այն իրապես զղջացող անձի փրկության մասին է: Անառակ որդի եւ սրբակենցաղ հայր: Հույս, որ ամենաբացասական գծերով մարդուն, իրապես զղջալու դեպքում, փրկություն եւ ապագա է սպասվում: Հիշատակության է արժանի առակի դրվագը Ավետարանից, որի հիման վրա սքանչելի գործ է գրել 20-րդ դարի ֆրանսիացի գրող Անդրե Ժիդը, փաստելով, որ ամեն մի իրական զղջում շենշող աստղ է տիեզերական անծիրում:

Իսկ առակն ահա թե ինչ է պատմում.

Մի մեծահարուստ երկու որդի ուներ: Մի օր կրտսերը հորն ասում է. «Հա՛յր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Հայրն այդպես էլ վարվում է: Մի քանի օր անց որդին, ամեն ինչ փողի վերածելով, գնում է հեռավոր մի երկիր:

Այնտեղ նա վատնում է իր հարստությունը, քանի որ անառակ կյանք էր վարում: Ամբողջ ունեցվածքը սպառելով՝ որդին չքավոր է դառնում, իսկ այն երկրում, ուր բնակվում էր, սով է սկսվում: Նա ճարահատյալ դառնում է խոզարած, իսկ ագարակատերը նրան զրկում է անգամ խոզերի կերակուրից:

Սովատանջ օրեր անցկացնելուց հետո, մի օր նա ինքն իրեն խորհում է. «Քանի՜ վարձու աշխատողներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո աոաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրեւ քո աշխատավորներից մեկը» (Ղուկ. 15:17-19):

Եկեք միասին խորհենք այս առակի շուրջ: Հոր տնից անառակ որդու հեռանալը խորհրդանշում է Աստծուց մարդու հեռանալը: Ինչպես Ադամը մեղք գործելուց հետո փորձեց քողարկվել եւ ամոթից այլեւս չէր կարող պարզ երեսով նայել Աստծուն, այնպես էլ անառակ զավակը հեռացավ ծննդավայրից՝ հորից իր մեղքերը թաքցնելու միամտությամբ: Սակայն Աստծուց հեռացող ամեն մարդ ուշ թե շուտ իրեն զգում է ինչպես ամայի անապատում: Ահա այդպիսի միայնակություն ապրելով՝ անառակ որդին սկսում է խորհել, քննել իր արարքները: Այն կացությունը, որի մեջ նա հայտնվել էր ակամայից, նրա համար դաոնում է ծայրահեղ պահեցողություն ու ծոմապահություն, որը թեեւ կամավոր չէր, սակայն առիթ է դառնում, որ մեղքերի մեջ թաղվածը մեծ տքնանքով հասնի ինքնաճանաչման, զղջա արածի համար եւ կարեւոր վճիռ կայացնի՝ դարձի գա:

Առակում պատկերավոր նկարագրվում է նաեւ անառակի հոր ներողամտությունը՝ որդու վերադարձից հետո: Անշուշտ, այն խորհրդանշում է բարեգութ Աստծու անսահման ներողամտությունը: Չէ՞ որ Աստված ցավում է իր յուրաքանչյուր մոլորյալ զավակի համար եւ անչափ ուրախանում, երբ տեսնում է նրա զղջումը:

Ի հակադրություն անառակ որդու՝ միանգամայն այլ է ավագ որդու կացությունը: Նա, որ արտաքուստ աստվածավախ կյանքով էր ապրում, նախանձից՝ ամբարտավանացավ ու քննադատեց հորը:

Սիրելի′ բարեկամ, ահա այսպիսի առիթներով է, որ Հիսուս Քրիստոս զգուշացնում է, թե շատերը, որ աոաջինն են, վերջինը պիտի լինեն, իսկ վերջինները՝ առաջին: Ավագ որդին իր վարքով առաջինն էր, իսկ անառակը՝ հետինը, վերջինը: Սակայն զղջումը նրան առաջինը դարձրեց:

Մաղթում եմ քեզ սեր ու հաստատակամություն:

ՏԵՐ  ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

 

Advertisements