ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու
բեռնվածներդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ
»
(
Մատթ. 11:28-29)

haxordakcutyunՍիրելի՛ հավատացյալներ: Ահա այսօր ծանրաբեռնված առօրյա հոգսերով, հոգնած ամենօրյա աշխատանքներից, այցի ենք եկել Աստծու տուն` եկեղեցի, պատմելու Տիրոջը մեր մտահոգությունների, հոգսերի, կարիքների մասին, հաղորդակցվելու նրա հետ, խաղաղեցնելու մեր հոգիները: Սակայն եկեք խոստովանենք, որ մեր հոգեկան աշխարհն աններաշնակ, անկայուն և անհանգիստ վիճակի մեջ ենք դնում հաճախ մենք` ինքներս:

Յուրաքանչյուր մահկանացու դժվարին փորձություններով լի կյանքում հաճախ է գայթակղվում մտքով, զգայարաններով` աչքերով, սրտով, ականջներով, բերանով և այլն: Այդ պահին, գիտակցելով մեղքը, մարդը փորձում է ազատվել դրանից` աղոթքով օգնություն խնդրելով Աստծուց: Այդպիսի աղոթքի կատարելատիպ է Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը: Շնորհալին նշված մեղքերից ու գայթակղություններից հրաժարվելը համարում է հոգևոր-բարոյական նկարագրի կատարելության գրավական, ուստի հոգևոր և մարմնավոր խաղաղության, Աստծու հետ ընդհանուր եզրեր գտնելու հաշտության է հրավիրում մեզ իր այս աղոթքի հատկապես 9-րդ գլխի խորհրդածումներով.

«Ամենախնամ Տէր, դիր պահապան աչաց իմոց զերկիւղ քո Սուրբ ոչ եւս հայիլ յայրատ, եւ ականջաց իմոց` ոչ ախորժել լսել զբանս չարութեան, եւ բերանոյ իմոյ ոչ խօսել զստութիւն եւ սրտի իմոյ` ոչ խորհել զչարութիւն եւ ձեռաց իմոց ո՛չ գործել զանիրաւութիւն, եւ ոտից իմոց ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան, այլ ուղղեա զշարժումն սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց քոց յամենայնի. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս»:

Եվ այսպես աղոթքով հաղորդակցվելով Աստծուն` մենք խաղաղվում ենք հոգով, ներդաշնակ են դառնում մեր հույզերն ու զգացումները, երկնային մի մեղմ հանգստություն է պարուրում մեզ: Իսկ աղոթքի ուժն առավել ներգործող է, եթե այն Տիրոջն է ուղղվում հավատքով: Չէ՞ որ աղոթքը յուրաքանչյուր հավատացյալի Աստծուն ուղղված ներքին ձայնն է, հոգու խոսքը, իսկ աղոթքի պահը մարդու ուղղակի հաղորդակցությունն է Արարչի հետ:

Իսկ ո՞րն է աղոթքի շարժառիթը: Այն հաճախ մեր կյանքի նյութական և բարոյական դժվարություններից բխող հոգեկան տագնապն է, որից ծնվող մեղքի և անարդարության ցավից արթնացած մեր խիղճը կամենում է սրբվել և խաղաղվել: Ահա այս պահին է, որ որոնում ենք մեր իսկական բարեկամին` Արարչին, որովհետև վստահ ենք, որ Նա ունկնդրում է մեզ և օգնում: Անշուշտ, բոլորս էլ գիտենք այդ զգացումը, երբ տխուր ենք, հուզված մարդկային անտարբերությունից, ցավից, լքված ենք ու անտեսված, աղոթում ենք, մեր վիրավոր հոգին ենք բացում Աստծուն: Աղոթքը մեզ օգնում է խաղաղվել և հանգիստ տրամաբանել, վերլուծել ստեղծված իրավիճակը: Եվ ահա այս իրավիճակում պայծառանում է մեր միտքը, և մենք փորձում ենք լուծել, հարթել բազում խնդիրներ:

Աղոթքի կարևորագույն շարժառիթը նաև սերն է առ Աստված: Երևակայեք, որ դուք չսիրեք ձեր բարեկամին, ընկերոջը, ինչպե՞ս կարող եք նրա առաջ բացել ձեր սիրտն ու հոգին:

Ճշմարիտ հավատացյալը զրկանքների ճանապարհով է հպատակվում Աստծու կամքին: Աստծու կամքը սիրո, արդարության, սրբության, մաքրության լույսն է մեզ համար, սակայն մարդը շատ հաճախ հակվում է դեպի նյութը`փառքը, վայելքը, բազում գայթակղությունները: Եվ մարդկային հոգում բախվում են մեղանչական բնությունն ու աստվածային կամքը: Այդ պահին է, որ, սիրելով Աստծուն, աղոթում ենք, որ նախ աստվածային իշխանությամբ մաքրվեն մեր մեղքի պատճառ դարձող զգայարանները, ապա, մաքրված և սրբված, խնդրում ենք նրան, որ գիտության, իմաստության լույսով լուսավորի մեր անձերը: Սակայն մենք էլ պետք է աշխատենք մաքուր պահել մեր անձերը, քանի որ մեղքերը և սխալները, որ գործվում են մեր զգայարաններով, ապականում, աղտոտում են մեր անձը: Իսկ ինչպես կարելի է այդ վիճակով Սուրբ Հոգու միջոցով ընդունել աստվածային շնորհները, հաղորդկցվել Տիրոջ հետ, որը գերագույն Սրբություն և Մաքրություն է: Սուրբ Ներսես Շնորհալին իր «Հավատով խոստովանիմ» աղոթքի 9-րդ գլխով նախ սովորեցնում է մեզ.

  1. Չգայթակղվել աչքերով, որովհետև մարդը հիմնականում տեսնելով է խաբվում և գայթակղվում, ինչպես միջատը, տեսնելով լույսը, գալիս է վրան և այրվում: Դրա համար էլ մկրտության ժամանակ աչքերը մյուռոնով օծվում են, որպեսզի աստվածային լույսով լուսավորվի մկրտվողի հայացքը, աչքը մաքուր մնա ու չարատավորվի զանազան պղծություններից:

  1. Ականջներով, որովհետև մարդը, շատ անգամ, լսելով բամբասանքներ, հայհոյանքներ, սուտ խոսքեր, գայթակղվում է: Մկրտության ժամանակ ականջներն օծվում են, որպեսզի անձը հնազանդ լինի աստվածային պատվիրաններին:

  1. Բերանով, որովհետև մարդը զրպարտելով, բամբասելով, հայհոյելով, սուտ խոսելով թշնամի է դառնում Աստծուն, ուստի մկրտության ժամանակ օծվում են շուրթերը, որպեսզի մկրտվողը միայն բարին խոսի, չարով չպղծի իր լեզուն և փառաբանի Աստծուն:

  1. Սրտով, որովհետև կյանքի կենտրոնն է: Սակայն չարիք խորհելով` նախ փչացնում ենք նրա անոթները, ապա նախանձ և կատաղություն լցնում նրա մեջ, դրա համար էլ սիրտն օծում ենք մյուռոնով, որպեսզի լցվի աստվածային սիրով ու առաքինություններով:

  1. Ձեռքերով, որով վատ գրություններ և հրամաններ ենք գրում, սպանում, գողանում, ուրիշ վատ գործեր ենք անում: Օծվում են ձեռքերը, որպեսզի անձը դրանով միայն բարիք գործի, քանզի օրհնվում են Աստծու կողմից բոլոր բարի գործերը:

  1. Ոտքերով, որովհետև հաճախ մենք մեր ոտքերով ենք գնում անօրենության ճանապարհով: Օծվում է ոտքերը, որը խորհրդանշում է նաև հավիտենական կյանքի ճանապարհը: Ահա այդ կարևորագույն զգայարանների մաքրության համար, 10-րդ գլխում Շնորհալին խնդրում է, որ Քրիստոս իր կենդանության հրով, Սուրբ Հոգով առավելագույնս մաքրի մեր անձերը, որից հետո մեր մեջ վառի աստվածային իմաստության կենսատու լլույսը: Նմանատիպ աղոթքներով, իբրև անձի մաքրման միջոց, շատ հաճախ նախանշվում է խոսքը, որովհետև ինչպես հրով զտվում է ոսկին, Սուրբ Հոգու հրով պիտի մաքրվեն մեր զգայարանները, որից հետո միայն կարող ենք Արարչից ստանալ բազում շնորհներ:

Թող աստվածային շնորհներով լուսավորվենք մենք` բոլորս, աշխատենք ապրել քրիստոնեական առաքինություններով, սիրով, հույսով, հավատով, եղբայրասիրությամբ, արդարությամբ, որովհետև այդպես միայն կարող ենք սիրվել, օրհնվել Աստծու կողմից և գտնել մեր հոգու հանգստությունն ու խաղաղությունը, որովհետև միայն այդպես կարող ենք հայացքներս վստահաբար հառել առ Աստված, որը խրախուսում է մեզ. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ և ես ձեզ կհանգստացնեմ»:

Խոսքս ուզում եմ ավարտել ընդհանրական եկեղեցու սրբազան հայրերից մեկի` Եփրեմ Խուրի Ասորու աղոթքով.

«Հաստատիր, Տեր, իմ սասանված անձը, որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և այրված ու տրոհված բոլոր անդամներովս…

Հեռացրու Տեր իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն չար խոսելուց, իմ ականջները չար լուր լսելուց, ձեռքերս` հափշտակելուց և ոտքերս` անառակ ճանապարհով գնալուց և բոլոր անդամներս զգաստացրու` միշտ կատարելու քո կամքը»: Ամեն:

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s