ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԵԿԵՂԵՑԻ


Ապրիլի 27-ին Վայոց Ձորի թեմի աշխատակիցներ և «Գիտելիք» համալսարանի դասախոսներ Անի Սմբատյանը և Սիրան Սարգսյանն իրենց ուսանողների հետ ուխտագնացություն էին կազմակերպել Աղավնաձորի Սուրբ Մարիամ եկեղեցի: Այն կառուցվել է  2000թ.-ին` բարերարությամբ  Մուրադ Սարգսյանի:

This slideshow requires JavaScript.

Ուխտավորները եկեղեցում միասնաբար աղոթեցին: Continue reading

Advertisements

ՀԱՅՈՑ ԳՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԹԸ


Քարագլխի   միջն.   դպրոցում   2013թ.    ապրիլի  10-ին    կազմակերպվեց  Հայ  գրատպության   500-ամյակի  ու    Ս. Մեսրոպ  Մաշտոցի  ծննդյան 1650-ամյակին   նվիրված  <<Գրից   մինչև   Գիրք>>  միջոցառում –ցուցահանդեսը:

Միջոցառումը  բաղկացած  էր  երեք  մասից`  <<Եվ   այր  մի  Մաշտոց>>, <<Հայ գրատպություն>>,  << Ես    հայ   գիրքն   եմ>>:

This slideshow requires JavaScript.

Միջոցառմանը   մասնակցում  էին   8-12-րդ  դասարանի  աշակերտներն ,  որոնք մոտ  մեկ   ժամ  տևողությամբ   Լուսինե  Զաքարյանի,  Կոմիտասի,  Առնո  Բաբաջանյանի     հնչյունների  ներքո  ներկայացրին  4-րդ   դարից    մինչև  մեր  օրերը  հայ  ժողովրդի  ազգային  և   հոգևոր   սրբությունների  անցած    ճանապարհը  և   վերազարթոնքը:

Միջոցառումն   սկսվեց    Տերունական   աղոթքով :

Հանդիսատեսին   մեծ  հուզականություն  պատճառեց    հատկապես  Մ. Մաշտոցի մուտքը`…Ես  Մեսրոպ   Մաշտոցն  եմ:     Դարերի   խորքից  եմ  գալիս… Continue reading

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔՈՒՄ


Այսօր` Երևման Սուրբ Խաչի տոնի օրը, Արկազի Սուրբ Խաչ վանքում Սբ. Պատարագ մատուցեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզով հանդես եկավ բազմաթիվ ուխտավորների առաջ, որոնք ողջ Սբ. Պատարագի ընթացքում միասնաբար երգեցին դպրաց բաժինները:

This slideshow requires JavaScript.

Սբ. Պատարագից հետո Հայր Սուրբի գլխավորությամբ ուխտավորները Սբ. Խորանի աջ դռնով իջան ներքև և Խորանի տակ գտնվող խաչքարի մոտ աղոթեցին, ուր ըստ ավանդության` ամփոփված է Տիրոջ Խաչափայտի սրբազան մասունքը:

ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔ


Խաչվերացը Վայոց Ձորի տարածքում համարվում է Սուրբ Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

This slideshow requires JavaScript.

Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս.Խաչ վանքը, որը Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղիներից է և հիշատակվում է 8-րդ դարից: Վանքի վերջին վերանորոգությունն ավարտվել է 2011թ.-ին` բարերարությամբ Վարդան Հայրապետյանի, և  մեծ հանդիսավորությամբ վերաօծվել է սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Վանքին կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ:

ԵՐԵՎՄԱՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆ


«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն»:

Ամենահաղթ զորությունը Խաչիդ, Քրիստոս,
տրվեց որպես օգնություն թշնամու դեմ
Քո զորությամբ պատերազմելու համար:
Շարական

Այսպես է Աստվածորդու Սուրբ Խաչի կենսատու զորությունն ու խորհուրդը փոխանցում մեզ սրբազան շարականագիրը:

Քրիստոսի Հրաշափառ Հարությունից մինչև Հոգեգալուստ ընկած 50-օրյա շրջանն անվանում ենք Հինունք: Այսօր Հինունքի 5-րդ կիրակին է՝ Երևման Սուրբ Խաչի տոնի հիշատակման կիրակին, որը մեծ ցնծությամբ ոգեկոչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Մեր Եկեղեցին ունի Խաչին նվիրված 4 տոն՝ Գյուտ Խաչի, Խաչվերաց, Երևման Խաչ, Վարագա Խաչ:

Եկեղեցին, որ պատմության ոսկե թելերով գիտե հյուսել պատմուճանը հոգևոր հրաշքների, հոգենորոգ ու խորհրդավոր ավանդության վրա խարսխեց նաև Երևման Սուրբ Խաչի հրաշքը, որպես տոն՝ ջերմեռանդ սքանչացումի հասցնելով նրա իմաստը:

351 թվականիի, պայծառ մի առավոտ, Երուսաղեմի երկնակամարում՝ Ձիթենյաց լեռից մինչև Գողգոթա երկարող տարածության վրա, խաչի լուսանման նշանը երևաց: Այն ավելի պայծառ էր, քան արեգակի լույսը: Այս նշանը հասցրեց տեսնել Երուսաղեմում գտնվող ողջ ժողովոււրդը: Մարդիկ, ցնցված հրաշքից, շտապում էին Աստծու տուն՝ եկեղեցի, աղոթում, երկրպագում էին Տիրոջը, հայցում Աստվածորդու գթասրտությունը: Երուսաղեմի ժամանակի Կյուրեղ Պատրիարքն այս հրաշքի մասին նամակով տեղեկացնում է Կոստանդ կայսրին և խրախուսում հաստատ մնալ հավատքի մեջ:

Կյուրեղ Պատրիարքը, նկարագրելով Ս. Խաչի երևման զարմանահրաշ տեսարանը, գրում է. «Փորձով և գործնականապես ապացուցվեց, որ քրիստոնյաների հավատը ոչ թե միայն խոսքի իմաստությամբ է հաստատվում, այլ նաև Հոգու հայտնությամբ և Նրա զորությամբ, միայն մարդկանցից չի պատմվում, այլ նաև վկայվում է երկնքից»:

Ահա աստվածային այս զորությամբ աննյութական Ս. Խաչի` մեղավոր մարդկանց երևալու և նրանց հոգիները իր կենսատու լույսով ջերմացնելու հիշատակումն է այսօր, ուստի մեր մտածումներն ու խորհրդածությունները սևեռենք խաչի մեծագույն խորհրդին` փրկագործության խորհրդին և ամեն մարդու`իր խաչը կրելու անհրաժեշտության ըմբռնմանը:

Խաչը սրբագործվեց Հիսուսի խաչելությամբ:

Հիսուս խաչվեց  «վասն մեղաց մերոց», մարդկության փրկության համար: Կյուրեղ Երուսաղեմացի Պատրիարքը գրում է. «Աստծու Միածին Որդին եկավ և մեռավ մեր մեղքերի համար», իսկ Ագաթանգեղոսը այսպես է դիմում Տիրոջը. «Խաչվեցիր Հոր կամքով մեզ համար և մեղքերը սպանեցիր», ուստի խաչի մեծագույն խորհուրդը փրկագործության խորհուրդն է: Անդրադառնանք և այն հարցին, թե մարդկությունը ինչպես էր հայտնվել մեղքի ճիրաններում: Աստծու ստեղծած առաջին մարդն էր, որ կրեց մեղքի դառը պտուղը, և այն ժառանգական հաջորդությամբ փոխանցվեց ողջ մարդկությանը: Աղճատվեց մարդուն Արարչից շնորհված աստվածային պատկերը: Մարդը հայտնվեց մոլար վիճակում, և սկսվեց անհաշտությունը իր իսկ Ստեղծողի հետ: Եկեղեցու սուրբ հայրերից մեկն ասում է. «Մեր նախահայր Ադամը քաղցր պտղի հետևանքով կորցրեց աստվածային փառքը, անմահական կյանքը… և դրանց փոխարեն ընդունեց ախտալից և դաժան կյանքը, իսկ վերջում` մահը»:

Եվ ահա Հիսուս կրեց Աստծու և մարդու հաշտության գրավականը`խաչը: Հիսուս իջավ երկնքից, մարդկային մարմին առավ, դարձավ աստվածամարդ և Իր ամբողջ երկրային կյանքի ընթացքում պայքարեց կեղծիքի ու անարդարության դեմ, որպեսզի մեղմանան մարդկանց տառապանքները, մխիթարվեն նրանց սգակիր հոգիները, որ ապրեն նրանք երջանիկ ու իմաստավորված կյանքով: Հիսուս միացավ մարդուն, վերցրեց նրա մեղքերը, գամվեց խաչափայտին՝ մահով հաղթելով մահը: Հիսուսով վերականգնվեց մարդու աստվածային պատկերը, որով Աստված ստեղծել էր նրան: Այլ կերպ ասած՝ Հիսուսով վերականգնվեց Ադամը, այդ իսկ պատճառով Հիսուս անվանվում է նաև երկրորդ Ադամ: Գոհաբանում է շարականագիրը այս հիասքանչ բառերով.«Որ գերագույն փառքով պայծառացրեց աոաջին Ադամին, ով (Ադամը), պտուղը ճաշակելով, անպատում փառքից մերկացավ, այսօր վերստին  փառքով զարդարվեց»:Իսկ հեթանոսաց առաքյալը՝ Սուրբ Պողոսը, ասում է. «… Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան»:

Խաչի հաղթության աոհավատչյան Հարությունն է: Հիսուս, փրկագնելով մեզ Իր թանկագին արյամբ, ազատեց մեզ խավարի իշխանությունից և փոխադրեց Աստծու արքայություն: Հիսուս խա­չի վրա մահվամբ կրեց մեր մեղքերն ու պատիժը և դարձավ մեզ համար քավության միակ ճանապարհը, ինչպես Ինքն է ասում «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք չի կարող Հոր մոտ գնալ, եթե ոչ Ինձանով» (Հովհ. ԺԴ 6):

Մարդը հուսառատ հոգով հաստատում էր մահը հաղթելու և վերստին ծննդյամբ Աստծու որդեգիրը լինելու իրողությունը: Նոր ոգի էր մարդկությանը բերում Հիսուս՝ վանելով բռնակալությունն ու ատելությունը, կեղծիքն ու խաբեությունը: Հաղթությունների հաղթանակն էր` խաչի վրա մեր մեղքերը քավել, գամվել` փրկագնելով և Հրաշափառ Հարությամբ իրականացնել մեր հարությունը` մեզ հավիտենական կյանք պարգևելով: Սա­կայն, սիրելիներս, այս ամենին, ինչպես Պողոս առաքյալն է ասում, կարելի է հասնել միայն անսասան ու հաստատուն հավատի միջոցով: Այո՛, ճշմարիտ քրիստոնյան իր երկրային կյանքը պետք է ապրի քրիստոնեական բարոյականությանը հավատարիմ մնա­լով և Աստծուն նվիրվելով, չվհատվելով անցողիկ փորձություննե­րից:

Այսօր մենք նույնպես մեր առօրյա կյանքում հաճախ ենք բախվում մարդկային ողբերգությանը, ցավին ու տառապանքին, որից ցավում է մեր հոգին ու սիրտը, սակայն այն իր հետքը չի կարող թողնել մարդկության պատմության վրա: Հակառակ դրան՝ Հիսուսի տառապանքը և մահը խաչին փոխեցին մարդկության կյանքի նկարագիրը, մարդկության ճակատագիրն ու ուղին, որով­հետև անձն էր աստվածային, որին վերապահված էր մեծագույն առաքելությունը մարդկության փրկագործությունը: Հզոր էր Նրա կամքը, որով դիմակայեց աննկարագրելի ցավին, տառապանքին, անարգանքին: Մարդկության պատմության մեծագույն զորավար­ներից մեկին՝ Նապոլեոնին, որը հայտնի էր իր զորավոր կամքով ու բազում հաղթանակներով, ցնցել է Խաչի վրա տառապող Տիրոջ անսասան կամքը. «Նրա…. կամքը ամաչեցնում է ինձ»,-ասում է զո­րավարը:

Հիսուսի մեծագույն զոհաբերության խորհրդին անդրադարձ է եղել բոլոր ժամանակաշրջաններում: Եկեղեցու հայրերը, հայտ­նի աստվածաբաններն ու մտածողները ընդգծել են այն բացառիկ խորհուրդը, որով արժևորվել է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անանձնական զոհաբերությունը: Ահա թե ինչ է ասում Պողոս առաք­յալը. «Որովհետև Նրան, Ով մեղքը չէր ճանաչել, Աստված մեզ համար մեղավոր դարձրեց, որպեսզի մենք Նրանով Աստծու արդարությունը լինենք»: Ասել է, թե Նա հանձն առավ մեղանչական մարդու պատիժը և հաղթեց պատժին մարդու համար: Նա մոլորյալ մարդկությանը բերեց ոչ թե խաչի ողբերգությունը, այլ մեր ազատագրության հրովարտակը, քանզի մեր Աստվածը հաղթող Աստված է, և մեր կրոնը հաղթության կրոն է: Continue reading