Վայոց Ձորի թեմ

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Advertisements

Ավագ Շաբաթ օրը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Տիրոջ հրաշափառ Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, որն իր քարոզով ավետեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Սբ. Պատարագի ավարտին Եղեգնաձորի ՔԴԿ-ի աշխատակիցներն ու սաները վառվող, օրհնված մոմեր բաժանեցին Եղեգնաձորի բնակչությանը՝ փոխանցելով Հարության տոնի ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»:

Մարտի 31-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հարության Սբ. Պատարագ, որին ներկա էր Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը:

 Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի փախառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, որը հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա ներկաներին բաժանվեցին օրհնված հավկիթներ:

Այնուհետև եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն, որը կազմակերպվել էր Վայոց Ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից:

Եկեղեցու բակում կազմակերպված միջոցառումն սկսվեց Եղեգնաձորի մշակույթի տան ազգագրական պարի խմբի  (գեղ. ղեկավար՝ Խաժակ Բաբայան)  սաների գեղեցիկ ելույթներով, որոնց հաջորդեցին Եղեգնաձորի ՔԴԿ-ի և մշակույթի տան <<Ատգեն Արմենյան-Վայոց ձոր>> երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան) սաների ուրախ կատարումները :

  Վերջում համայնքի անդամների հետ առաջնորդարանի սրահներից մեկում տեղի ունեցավ սիրո ճաշ:

Երկուշաբթի՝ ապրիլի 1-ին, տեղի ունեցավ ՆՆջեցելոց Սբ. Պատարագ, որի ավարտին տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ:

Վայոց Ձորի թեմի գործող մյուս եկեղեցիներում տեղի ունեցած նմանատիպ այս հոգեզմայլ արարողությունների մասին պարբերաբար կտեղեկացնենք:

Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի թեմի ՔԴԿի
լրատվության բաժին

Advertisements