Վայոց Ձորի թեմ

Նորավանքի վանական համալիրի ճարտարապետությունը և պատկերաքանդակները

Advertisements

Նորավանքի պարսպապատ համալիրն ունի միմյանց կից կառուցած 2 եկեղեցի, գավիթ, դամբարան-եկեղեցի, վանքի արևելյան կողմում առանձին կանգնած երկհարկանի եկեղեցի, պարսպից դուրս գտնվող 2 մատուռ:

Վանքի հնագույն Ս.Կարապետ եկեղեցին գտնվում է հիմնական հուշարձանախմբի հարավային կողմում: Պահպանվել են Ս.Կարապետ եկեղեցու հյուսիսային պատը՝ ողջ բարձրությամբ և մյուս պատերի ստորին մասերը: Ս.Կարապետ եկեղեցու հարավարևելյան կողմում ուղղանկյուն, թաղածածկ, պայտաձև խորանով ավանդատունն է, որը մուտք ունի աղոթասրահից` բեմի անմիջապես առջևից: Ավանդատան արևմտյան պատի հաստության մեջ դրսից կա մի պայտաձև խորան ևս:

Ս.Կարապետ եկեղեցուն հյուսիսից կից է վանքի գլխավոր` Ս.Ստեփանոս Նախավկայի եկեղեցին, որը կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս արքեպիսկոպոսը 1261-1221թթ.: Եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունից պարզվում է միջնադարյան Հայաստանում շինարարական գործի կազմակերպման մի հետաքրքիր մանրամասն. ավանդատները կառուցվել են առանձին անհատների միջոցներով: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք: Ավանդատները ծածկած են գլանաձև թաղերով և արևելքում ունեն կիսաշրջանաձև հատակագծով խորաններ: Երկրորդ հարկի ավանդատներից արևելյանները կարելի է բարձրանալ քարե պահունակային աստիճաններով, որոնք կից են եկեղեցու արևմտյան խաչաթևի երկայնական պատերին: Արտաքուստ եկեղեցու ճակատները ծածկվում են Ս.Կարապետ եկեղեցու (հարավից), գավիթի (արևմուտքից), և Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատան (հյուսիսից ) ծավալներով:

Ս.Ստեփանոս Նախավկա եկեղեցուն կից է Ս.Գրիգոր եկեղեցիտապանատունը, որը 1275թ. կառուցել է Տարսայիճ Օրբելյանը՝ որպես դամբարան իր եղբոր` զոհված Սմբատ իշխանի գերեզմանի վրա: Այն ունի երկթև տանիքով թաղածածկ դահլիճի հորինվածք` արևելքում կիսաշրջանաձև խորանով` ներառված արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ: Շենքի համար որպես հարավային պատ է ծառայում Ս.Ստեփանոս Նախավկա եկեղեցու հյուսիսային ճակատը: Միակ դուռն արևմտյան կողմում է  և ունի կիսաշրջանաձև ճակատակալ քարերով շքամուտք: Այստեղ հետագայում թաղվել են կառուցողը` Տարսայիճ Օրբելյանը, նրա որդիներ Փախրադոլան և Էլիկումը, թոռը` Բուղտան, իշխանուհիներ Մինան և Թամթան. այսինքն Ս.Գրիգոր եկեղեցին ծառայել է որպես Օրբելյանների տոհմական տապանատուն: Հայկական ճարտարապետության մեջ սա եզակի դեպք է, երբ տոհմական տապանատունը նաև եկեղեցի է, ունի անուն` Ս.Գրիգոր և բեմ` ժամասացության համար, որովհետև դեռ 5-րդ դարից սկսած, Ս.Սահակ Պարթևի կանոնների համաձայն արգելվել է եկեղեցում թաղում կատարելը, որը խստորեն պահպանվել է Հայաստանում ողջ միջնադարում, և որպես հայ իշխանական տների տոհմական տապանատներ` ծառայել են գավիթներն ու ժամատները:

Ս.Գրիգոր եկեղեցու բեմի լուսամուտի լուծումը բացառիկ է հայ ճարտարապետության մեջ. այն ոչ թե իրականացված է շենքի երկայնական առանցքով, այլ շեղ է բացվում` դեպի հարավ թեքված: Այդ արվել է հատուկ նպատակով, որպեսզի առավոտյան արևի ճառագայթները կիսախավար դահլիճում լուսավորեն Սմբատ Օրբելյանի տապանաքարը, որը դահլիճի կենտրոնում չի գտնվում: Խորանի հարավային որմնախորշերից մուտք կա դեպի Ս.Գրիգոր եկեղեցի-տապանատան հարավարևելյան պատի շարվածքի հոծ զանգվածի մեջ պատրաստված թաքստոց: Դեպի դահլիճը նայող բեմի պատերի ստորին մասում քանդակված են խոշոր խաչեր, որմնակամարների` խորանին կից իմպոստների վրա` աղավնիներ: Յուրօրինակ է թաղակիր կամարի հյուսիսային կալունակի մշակումը` նրա վրա մարդու ոճավորված դեմք է քանդակված, ավելի շուտ` դիմակ հիշեցնող: Նույն իմպոսի կողքի երեսին հավերժության խորհրդանշանն է` պատկերված սեգներեան անիվի ձևով:

Եկեղեցի-դամբարանում աչքի ընկնում 1300թ. զոհված Էլիկումի տապանաքարը, որի վրա առյուծ է քանդակված: Այն, փաստորեն, դամբանագրի պատկերազարդումն է` <<զգեղեցկատիպն Էլիկում, որդի մեծի Տարսայիճին, որ առոյծաւրէն խրոխտ մռընչէր ընդէմ այլասեռ գնդին>>: Նույնակերպ քանդակազարդմամբ տապանաքար է հայտաբերվել նաև Ս.Կարապետ եկեղեցու դիմաց:

Ս.Գրիգոր եկեղեցիտապանատունը, ըստ հյուսիսային պատի ամբողջ երկարությամբ ընթացող արձանագրության, կառուցել է Սիրանեսը, որն ապրել և ստեղծագործել է Վայոց Ձորում և եղել է Օրբելյանների իշխանական տան գլխավոր ճարտարապետը:

Ս.Ստեփանոս Նախավկա եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որը նույնպես ծառայել է որպես Օրբելյանների տապաանտուն: Գավիթն ուղղանկյուն շենք է, որի ծածկը եզակի է հայկական նույնատիպ կառուցվածքների համար` այն իրականացված է գոցվող թաղերով: Գավիթն ունի երկու մուտք` գլխավորն արևմուտքից է, իսկ մյուս դուռը բացվում է հարավաային պատի արևելյան ծայրում և նախատեսված է Ս.Կարապետ եկեղեցու ու գավիթի անմիջական կապն ապահովելու համար: Հատակը ծածկված է Օրբելյանների, Սյունյաց եպիսկոպոսների ու մետրոպոլիտների տապանաքարերով, որոնց թվում է նաև Ստեփանոս Օրբելյանի գերեզմանաքարը:

Ս.Նախավկայի եկեղեցու և գավիթի քանդակները  մեծ արժեք ու հետաքրքրություն են ներկայացնում: Գավթի ներսում հատկապես հետաքրքիր է որսի տեսարանով հարթաքանդակը` ծածկի հյուսիսային թաղի արևելյան կողմում: Այստեղ ետին թաթերի վրա ծառացած առյուծը հարձակվում է ետ ընկած ձիավորի վրա: Հեծյալը թագակիր է, դեմքը` թավ մորուքով, խոշոր աչքերով, աջ ձեռքի միակ սուսերով հարվածում է գազանին: Այս քանդակը դասվում է հայկական միջնադարյան աշխարհիկ լավագույն պատկերաքանդակների շարքը:

Կարևոր է հարթաքանդակների բնույթի հարցը. նրա կտիտորական լինելը հաստատվում է մի այնպիսի մանրամասնով, ինչպիսին թագն է (Սյունիքի նմանատիպ մյուս քանդակներում իշխանները թագ չեն կրում): Գավիթը կառուցող Սմբատ Օրբելյանն անմիջականորեն ենթարկվելով մոնղոլ մեծ խանին, Սյունիքի համար ներքին անկախություն էր ստացել, և պատահական չէ, որ արձանագրություններում նա հաճախ <<արքա>> է անվանվում: Նման պարագայում միանգամայն հավանական է, որ Սմբատը թագ է կրել և հենց այդ թագով էլ պատկերվել է կառուցած գավթի քանդակներից մեկում:

Նորավանքի գավթի երդիկի շթաքարերն իրենց ուղղագիծ ձևով տարբերվում են միջնադարյան հայ ճարտարապետության մեջ ընդունված կորագիծ եռաթերթ շթաքարերից, բայց միաժամանակ կրկնում են նրանց ընդհանուր գծանկարը: Պետք է նշել, որ թեպետ շթաքարերը Հայաստան են ներթափանցել ավանդական աղյուսե ճարտարապետություն ունեցող երկրներից, սակայն հայ վարպետները կարողացել են դրանց այնպես հիմնովին վերամշակել այլ շինանյութի` քարի համար, որ փաստորեն, ստեղծել են բնօրինակը համարյա չհիշեցնող կառուցողական-ճարտարապետական նոր ձև, որն իրավամբ անվանվում է <<հայկական ստալակտիտ>>:

Միջնադարյան հայ արվեստում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են Նորավանքի գավթի արևմտյան մուտքի և լուսամուտի ճակատակալ քարերի պատկերաքանդակները: Գավթի արևմտյան դռան ուղղանկյուն բացվածքն ունի կիսաշրջանաձև ճակատակալ քար, որը երիզված է միմյանցից շախմատաձև շեղված շթաքարերով զարդարված երկշերտ գոտիով, իսկ երրորդ` ներքին գոտին ծածկված է զարդաքանդակ հիշեցնող գեղեցիկ արձանագրություն: Ճակատակալ քարի կենտրոնում քանդակված Աստվածածինը` ձախ ծնկին նստած մանուկ Հիսուսին գրկած` ներկայացնում է հանրահայտ <<Նստած Հոդիգիտրիա>> պատկերագրական թեման: Նստած Աստվածամոր պատկերով բազմաթիվ քանդակներ կան Հայաստանի 4-7-րդ դդ. հուշակոթողների պատերի վրա (Օձուն, Կողբ, Թալին, Հառիճ, Դվին և այլն): Այդ թեման հետագայում նույնպես լայնորեն կիրառվեց հայկական եկեղեցիների քանդակներում, հատկապես մեծ տարածում ստացավ Վայոց Ձորում:

Աստվածածինը Նորավանքի գավթի քանդակում նստած է աստղաձև զարդերով գորգով ծածկված, առանց թիկնակի գահավորակի վրա` ձախ ձեռքով պահելով մանուկ Հիսուսին, իսկ աջ ձեռքը մեկնած դեպի նա: Քրիստոսի ոտքերի տակ առյուծ և  թռչուն` ավետարանիչների խորհրդանշաններն են քանդակված:

Աստվածածնի գլխին, լուսապսակի մեջ աղավնին` Սուրբ Հոգու խարհրդանիշն արտահայտում  <<մարմնավորման>> պատկերագրական թեման:

Ուշագրավ է հարթաքանդակների ֆոնը, ճակատակալ քարի ողջ մակերեսը ծածկված է բուսական զարդերով, որի մեջ` Աստվածածնից աջ ու ձախ, պատկերված է լուսապսակներով 2 անձնավորությւոն: Բուսական քանդակներին միահյուսված են նաև մակագրությունները. հեևաբար առկա է <<արաբեսկի>> կիրառման մի ինքնատիպ օրինակ, որտեղ զուգակցվել են, թվում է, անհամատեղելի տարրեր` քրիստոնեական պատկերաքանդակն իսլամական արվեստին բնորոշ  <<վիմագրական զարդաքանդակի>>  հետ: Եվ եթե հայկական մանրանկարչության մեջ <<արաբեսկի>>  կիրառման բազմաթիվ օրինակներ կան, ապա ճարտարապետական հարդարանքում այդ հանդիպում է միայն Նորավանքում: Ճակատակալ քարի ձախ կողմում` ներքևում, հյուսածո զարդաքանդակների մեջ, գրված է  <<ՁԱՅՆ>>  և ներքևում <<ԲԱՌ>>:  Այս բառերի իմաստը բացահայտելուն օգնում է  աջ դիմաքանդակի` անվիճելիորեն Եսայի մարգարեին պատկերելու իրողությունը: Մեր կարծիքով` այս արձանագրությունը պատկերում է ավետարանական հետևյալ տողերը. <<Որպէս և գրեալ է` ի գիրս պատգամաց Եսայա մարգարէի. Ձայն բարբառոյ յանապատի>> (Ղուկ. Գ 4): Միջնադարում <<բարբառ>>-ի փոխարեն օգտագործվել է միայն <<բառ>>, իսկ <<յանապատի>>  բառը բաց է թողնված: Ձախակողմի քանդակը, հետևաբար, պատկերում է  Հովհաննես Մկրտչին, որովհետև վերը նշված խոսքի շարունակությունն, ըստ Մարկոսի Ավետարանի, հետևյալն է. <<…Եվ եղեւ` զի յովհաննթս մկրտէր յանապատի…>> (Մարկ. Ա 3): Եվ պատահական չէ, որ <<Ձայն>>  բառի առաջին` <<Ձ>>  տառը քանդակում ուղղակի դուրս է գալիս Հովհաննես Մկրտչի շուրթերից: Փրկչական մարգարեության և Աստվածածնի ու մանկան այսպիսի համատեղ ինքնատիպ պատկերագրությունը եզակի է միջնադարյան հայ արվեստում:

Նորավանքի գավթի շքամուտքի վերևի ուղղանկյուն լայն լուսամուտի սլաքաձև ճակատակալ քարն ունի ավելի հարուստ բովանդակությամբ հարթաքանդակ: Հորինվածքի կենտրոնում է Հայր Աստծո կիսանդրին` կերտված տպավորիչ դիմագծերով, փառահեղ մորուքով, խոշոր աչքերով, գանգուր մազերով ու մինչ ուսերն իջնող գիսակներով մարդու կերպարանքով: Աննախադեպ է քանդակում Հայր Աստծո այս մարդակերպ պատկերագրությունը, որովհետև ընդհանրապես միջնադարյան հայ արվեստում Հայր Աստվածը պատկերվում է գլխավորապես խորհրդանշական ձևերով:

Advertisements