Վայոց Ձորի թեմ

ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՏՈՆԻՆ

Advertisements

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարությանը հաջորդող երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի:

Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 14-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է:  

Տոնի օրը Նորավանքում Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը մատուցեց Սբ. Պատարագ` նախագահությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի:

Սբ. Պատարագի ընթացքում ոգեշունչ քարոզ խոսեց Հայր Զարեհը, որը կարող եք կարդալ այստեղ:

Սբ. Պատարագին ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի պաշտոնեությունը և բազմաթիվ ուխտավորներ:

Արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը Նորավանքի տոնին նվիրված տոնակատարություններ կազմակերպել Նորավանքում:

Այս տարի նույնպես Սբ.Պատարագի ավարտին Վայոց Ձորի թեմը, առաջնորդությամբ Սրբազան Հոր, կազմակերպել էր մեծ տոնախմբություն՝ նվիրված Նորավանքի ուխտի օրվան:

Եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում (կազմակերպիչներ` Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն` Ռուզան Կարապետյան և թեմի Երիտասարդաց միության պատասխանատու` Ազատուհի Ստեփանյան), որն սկսվեց թեմակալ Առաջնորդ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի օրհնության խոսքով, ապա ելույթ ունեցավ մարզպետ Էդգար Ղազարյանը:

Ժողովրդական տոնախմբությանն իրենց անզուգական ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց Ձորի մասնաճյուղի սաները` ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի և Գետափի  «Զմրուխտ» ժողովրդական ազգագրական պարային համույթը` ղեկավարությամբ Կնյազ Հարությունյանի:

Նրանց հետաքրքիր ու յուրովի ելույթներն արժանացան ներկաների բուռն ծափողջույններին:

Միջոցառման ավարտին ուխտավորներին Եղեգնաձորի ՔԴԿ-ի սաները բաժանեցին կանաչ հավկիթներ:

Տոնի օրը նկարների ցուցահանդես էին կազմակերպել Եղեգնաձորի ՔԴԿ-ի և Վայք քաղաքի «Սուրբ Տրդատ» ՔԴԿ-ի նկարչության խմբի սաները, ինչպես նաև՝ Եղեգնաձորի ՔԴԿ-ի բատիկի (ուսուցչուհի՝ Նելլի Հովհաննիսյան) խմբակի սաները:

Հայաստանի տարբեր վայրերից Նորավանք եկած ուխտավորներից բացի` թեմի աջակցությամբ տոնախմբությանը ներկա էին նաև Եղեգնաձորի ՔԴԿ-ի սաները և «Գիտելիք»  համալսարանի ուսանողները (պատասխանատուներ` թեմի աշխատակիցներ ու դասախոսներ` Անի Սմբատյան և Սիրան Սարգսյան), ինչպես նաև Եղեգնաձորի պետական քոլեջի (պատասխանատու` դասախոս` Արմինե Միքայելյան) ու ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի (պատասխանատու` ուսանող` Վահե Սարգսյան) ուսանողները, «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպության սաները (պատասխանատու` «Հույս և ապագա» ԲՀԿ-ի հիմնադիր  նախագահ` Էլմիրա  Պողոսյան)  և շատ այլ խմբեր:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements