ԱՊՐԻԼԻ 24


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են

սպանում,բայց հոգին սպանել չեն կարող»:

(Մատթ. 10:28)

Ավետարանական այս պատգամը թող խորհուրդը լինի այսօրվա՝ Ապրիլի 24-ի, հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա: Այսօր, նահատակաց հիշա­տակի ոգեկոչման այս սրբազան պահին, ազգովի խոնարհվենք նրանց անշիջելի հիշատակի առջեւ, տխրության ողբն ու աղաղակը վերափոխենք մխիթարու­թյան, որովհետեւ մեռան նրանց մարմինները, իսկ հոգիներն ապրում են հավեր­ժության մեջ: Այդ հոգիներն այսօր էլ մեզ հետ են, մեր մեջ, մեր կողքին: Եվ  չմոռանանք երբեք՝ «Արիւն մարտիրոսաց, սերմն քրիստոնեից»:

Ովքե՞ր էին նրանք, 1915-ի ցեղասպանության զոհերը: Նրանք մեր դրախ­տային պատմական հայրենիքում ապրող հայերն էին, որոնց երազները նման էին ապրիլյան ծաղկած այն ծառին, որն այդպես էլ, ծաղիկներով հանդերձված, այր­վեց: Նրանք հայրենիք ունեին, ուր ինչպես վաղամեռիկ բանաստեղծն էր երգում «Հոգիներուն կիջներ երազ մը բուրյան», ունեին օջախ, ունեին երգ՝ կոմիտասյան անլռելի երգ, որի ելեւէջներում իրենց շիտակ ու աստվածավախ կյանքի հմայքը կար: Նրանք՝ պարզ շինական, թե մտավորական, ապրում էին արարելով, վաս­տակելով հացն իրենց հանապազօր, մեկն իր ցորնաբույր ձեռքերի զորությամբ, մյուսն իր մտքի ուժով: Բայց այդ ժողովրդին վիճակված էր խաչի մի երկար ճա­նապարհ: Նրա կյանքի ուղին նման էր իր Տիրոջ կյանքին, եւ նա քայլեց այդ ուղիով դեպի Գողգոթա: Այն տեղահանությունների, սովի, ցավի, տառապանքի եւ վերջապես զոհաբերության ճանապարհն էր, զոհաբերության՝ «վասն հաւատոյ, վասն հայրենեաց»: Դա այն ճանապարհն էր, որով քայլեցին մեր աստվածասեր ու հայրենասեր նախնիները՝ ապավինելով հոգու անմահության ճշմարիտ գաղափարին: Վկայակոչենք Վարդանանց, որոնց նահատակությունը նրանց դեպի անմահության աոաջնորդեց: Հեշենք, թե ինչպես Վարդան՝ սրբացած զորավարն հայոց, Ավարայրի ճակատամարտից առաջ դիմեց հայ ժողովրդին, ասելով, որ մենք, թեեւ մարմնով երկրի վրա ենք, բայց երկնքում է մեր հոգին, ուր ոչ ոք չի կարող մերձենալ Քրիստոսի անձեռակերտ այդ շինվածքին: Նա պատգամեց հաստատուն լինել մեր ամենավստահելի Զորագլխի հավատքի մեջ, որ բնավ չպիտի մոռանա նահատակվողներին:

Այո′, մեռնում է մարմինը եւ ոչ՝ հոգին, այս հավատը առաջնորդեց հայ ժո­ղովրդին իր Գողգոթայի ողջ ճանապարհին, ուր եղան նաեւ վերահառնումի հրա­շալի պահեր…

Հայոց Մեծ եղեռնը նախապատրաստվել էր տարիների ընթացքում: Մինչ այդ օսմանյան թուրքերը, որ արդեն ջարդերով ու տեղահանություններով փոր­ձությունների էին ենթարկել հայերին, համոզվել էին մեկընդմիշտ, որ անսասան է այդ ժողովրդի հավատի սյունը, որի վրա նրա հոգու խորանն է կառուցված: Ու­րիշ ճանապարհ չկար թուրքերի համար, բացի իր հավատին ու հողին ամուր փարված ժողովրդի արյունոտ կոտորածը: Սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը շարունակեցին նրա արյունռուշտ հետնորդները՝ երիտթուրքերը, որոնք էլ իրագործեցին Մեծ եղեռնը:

Այսօր Մեծ եղեռնի մասին խոսելիս չենք ուզում հիշատակել միայն ցավն ու ողբերգությունը. դրանք ծրարել ենք մեր սրտի ամենախորունկ անկյունում: Այդ ողբերգությունը մենք տեսնում էինք, մեր հոգու աչքերով տեսնում էինք մինչեւ 1915-ի ապրիլի 24-ի այդ ահավոր օրը, տեսնում էինք իր ժողովրդի նահատա­կությունը կանխազգացող Սիամանթո նահատակ բանաստեղծի տեսիլքներով. «Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կը տեսնեմ, եւ ամբոխներ՝ անպատմելի սրածութենէ դարձող…»: Սակայն այդ տեսիլքներն անգամ անզոր էին կասեց­նելու հայ ժողովրդի արեւմտյան հատվածի հավաքական զոհաբերությունը, ազ­գովի զոհաբերությունը հանուն հավատի, ազգային ավանդների, հոգեւոր արժեք­ների…

Օտարների համար զարմանալի, բայց մեզ համար միանգամայն բնական էր, որ բնօրրանից կիզիչ անապատ քշված ժողովուրդը հետն ամենասրբազանն էր տարել, տարել էր իր աղոթքը, որ շուրթերին էր ընդմիշտ, տարել էր, որ դրա­նով խոսեր Տիրոջ հետ, նրան պատմեր իր ցավի, տառապանքի, կորուստների մա­սին, որովհետեւ միայն նրա սրբալույս աշխարհում ապրելու հույսին էր ապավի­նում: Նա սիրում էր Տիրոջն այնպես, ինչպես Հիսուս սիրեց իր Երկնավոր Հորն ու չենթարկվելով սատանային՝ ասաց. «Պիտի երկրպագես քո Տէր Աստծուն եւ մի­այն նրան պիտի պաշտես»: Աստծու հանդեպ ունեցած սիրո այս պատգամը Դեր Զորի արեւախանձ անապատում, զոհաբերությունից առաջ, ազգովի աղոթող հայ ժողովրդի շուրթին քանդակված մնաց, որ այսպես հասնի վերապրող սերունդնե­րին եւ նրանց եւս ճշմարիտ սիրո ճանապարհը մատնանշի:

Թուրք արյունարբու ամբոխին անհասկանալի ու խորթ էր զոհաբերությամբ, իր Փրկչի նման խաչի ճանապարհով քայլող ժողովրդի աղոթքը եւ Փրկչի պատ­գամը. «Ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի, կապրի»: Այո′, նա կապրի Աստ­ծու մաքուր ու անապական աշխարհում, ուր չկա սուտ, չկա կեղծիք, դավաճա­նություն, ուր աստվածային սերն է թագավորում: Այդ աշխարհում են բնակվում մեր մարտիրոսների ու նահատակների հոգիները, իրենց հայրենիքի ու եկեղեցու, իրենց հողի ու հավատի համար զոհաբերված հայերի անմեղ հոգիները: Հավա­տացեք, որ այնտեղ են բնակվում քաջակորով ու աստվածասեր Վարդանանք, Ղեւոնդյանք, Մուսա լեռան, Սարդարապատի, արցախյան հերոսամարտերի նա­հատակների հոգիները:

Այո′, հայ ժողովուրդը եղել է, կա ու կլինի, որովհետեւ անցել է բազում մրրկահողմերով, հասել է Գողգոթա, զոհաբերվել է ու հարության առել, իսկ հարու­թյան խորհուրդը անմահությունն է: Մենք իրավունք չունենք մեռնելու, մենք պի­տի ապրենք՝ վշտի մեջ անգամ ապրելու ուժ գտնելով, այստեղ պետք է որոնել նաեւ մեր գոյատեւության առեղծվածը: Վկաները մեր պատմության մատենագիր մատյաններն են, մեր այս օրն է, ամենայն  հայոց  բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հուսո կանթեղ հիշեցնող տողերն են.                                                                                     

Ու պիտի գա հանուր   կյանքի                         

Արշալույսը վառ հագած,

Հազա՜ր, հազա՜ր

Լուսապայծառ հոգիներով ճառագած…

Մենք ոչ միայն պիտի ապրենք ապրելու համար, այլ որովհետեւ մեռնելու իրավունք չունենք, որովհետեւ մենք ենք աշխարհի այն ժողովուրդը, որ արժա­նացել է Աստվածորդու էջքին իր հողի վրա՝ մեր հավատի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փառավոր տեսիլքով: Աստված սիրում է մեզ, հավատանք այդ սի­րուն, փարվենք դրան, ապրենք այդ սիրով, եւ ոչ մի ուժ չի սասանի մեզ, ոչ մի մրրիկ չի տեղաշարժի մեզ:

Այսօր, նահատակաց հիշատակի ոգեկոչման սրբազան այս պահին, հարկ է խոսել նաեւ այն խորհուրդների մասին, որոնք ունի Ապրիլի 24-ը այսօրվա համար: Նախ այն դժվարին մի փորձություն էր, որը կրկին եկավ հաստատելու մեր հավատի զորավոր ուժը: Հաղթահարելով այդ փորձությունը՝ մենք ավելի զորեղ փարվեցինք քրիստոնեական հավատին, հոգու անմահության գաղափարին: Մարմինները մեռան, հոգիներն ապրեցին, եւ մենք հառնեցինք այդ հոգիներից, գոյատեւեցինք:

Երկրորդ խորհուրդը, որ ունի Ապրիլի 24-ը, աստվածային հույսի խորհուրդն է: Առանց այդ հույսի մենք, իրոք, անհետացած կլինեինք պատմության փոթորիկ­ներում: Հույսը զոհաբերության ոգին է, իսկ առանց զոհաբերության չկա փրկու­թյուն: Մեր շատ նախնիներ եւ ժամանակակիցներ զոհաբերության սրբազան ու­ղին ընտրեցին, որովհետեւ նրանց աոաջնորդեց լուսավոր ու պայծառ, գալիքի հույ­սը, Աստծու սիրուն արժանանալու հույսը: Այդ հույսն է, որ այսօր էլ ապրեցնում է մեզ: Այդ հույսով մեր ժողովուրդը կարողացավ շտկել իր մեջքը նաեւ ահավոր երկրաշարժի եւ արցախյան գոյամարտի մահու ու կենաց մարտերից հետո:

Երրորդ խորհուրդը աստվածային սիրո խորհուրդն է: Զոհաբերությունը հա­նուն այդ սիրո՝ խորհուրդների խորհուրդն է: Հիշենք մեկընդմիշտ, ամենածանր փորձության պահին մեր հոգին ուժեղ կլինի, եթե հավատարիմ ենք Աստծու սիրո պատվիրանին: Մենք իբրեւ քրիստոնյաներ պիտի սիրենք միմյանց անխարդախ սիրով, որպեսզի կարողանանք սիրել նաեւ մեր Աստծուն, իսկ այդպիսի սիրո ճշ­մարիտ օրինակ է տալիս Հիսուս նաեւ իր վերջին աղոթքով՝ ուղղված Երկնավոր Հորը: Նա Հայր Աստծու ողորմածությունն է հայցում իր աշակերտների՝ Քրիստո­սի եկեղեցու հիմնադիրների ու նաեւ համայն մարդկության համար, որովհետեւ սիրում էր նրանց եւ գնում ինքնազոհության այդ սիրո համար:

Սիրելի′ հավատացյալներ, ամփոփելով խոսքս՝ ուզում եմ կրկին փաստել, որ աստվածային սերն ու միությունն են Քրիստոսի եկեղեցու հիմնաքարերը, որոնց վրա բարձրացան այդ եկեղեցու ամրակուռ պատերը: Ուրեմն եկեք միանանք այդ սիրով, միանանք հանուն մեր նահատակաց սրբազան հիշատակի: Նրանց հոգի­ները նույնպես միացան Աստծու լուսավոր արքայության մեջ, միացան աստվա­ծային սիրո խորհրդով: Մենք՝ երկրավորներս, պարտավոր ենք միանալու՝ նաեւ պահպանելու համար նրանց արյամբ ու զոհաբերությամբ մեզ ավանդված հայ­րենիքն ու եկեղեցին: Մեզ թող միավորի Աստծու հանդեպ ունեցած հավատը, հույսն ու սերը:

Այսօր Մեծ եղեռնի նահատակների հիշատակը խորհրդանշող Ծիծեռնակա­բերդի հուշահամալիր այցելենք ոչ թե արցունքներով, այլ սիրով, միասնությամբ՝ համազգային միասնությամբ, մեկ-մեկ ծաղիկ, իբրեւ այդ սիրո խորհրդանշան, դնենք նրանց շիրիմին եւ աղոթելով՝ մրմնջանք նաեւ մեր հավերժության երգը, որպես այդ երթի առհավատչյա, հավատացնենք նրանց հոգիներին, որ հավերժ կպահպանենք իրենց արյամբ սրբագործված հողն ու հավատը սրբազան: Այդ­պես ապրենք ոչ միայն այսօր, այլ ընդմիշտ, ապրենք՝ փարված մեր նորանկախ հայրենիքին, հավատարիմ մեր հավատի մաքրամաքուր ակունքներին, որովհետեւ կենդանի են մեր նահատակների հոգիները, իսկ նրանք կենդանի են, որովհետեւ մեռնում է մարմինը, բայց ապրում է հոգին հավերժորեն:

Թող նրանք Աստծու աոաջ մեր բարեխոսը լինեն, ինչպես շարականագիրն է ասում՝ «Որք զկեանս իւեանց քեզ փոխանակեցին եւ արքայութեանդ եղեն ժառանգորդք աղաչանօք՝ սոցա կեցո զմեզ»:

«Յաւիտենական յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

Այժմ եւ միշտ եւ հավիտյանս. Ամեն:

Տեր Զարեհ վրդԿաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s